Sunday 21 June 2015

Յոհան Սեբաստիան Բախ

Յոհան Սեբաստիան Բախ (1685-1750թթ.)` գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար, բազմաձայնության չգերազանցված վարպետ: Նա երաժշտության պատմության մեջ ընդհանրացրել է բարոկկոյից դասականության անցման շրջանի նվաճումները: 


Ծնվել է 1685թ. Այզենախում: Բախերի տոհմը XVII–XVIII դարերում տվել է երաժիշտների մի քանի սերունդ: Սեբաստիան Բախը ջութակի դասեր է առել հորից, միաժամանակ երգել է դպրոցական երգչախմբում: 9 տարեկանում որբացել է, և նրա դաստիարակությամբ ու երաժշտական կրթությամբ զբաղվել է ավագ եղբայրը՝ Քրիստոֆը: 1700 թ-ին Բախն ավարտել է Օրդրուֆի, 1703 թ-ին՝ Լյունեբուրգի գիմնազիաները: Բացառիկ օժտվածության և աշխատասիրության շնորհիվ պատանին վաղ հասակից նվագել է երգեհոն, ջութակ ու կլավեսին, ուսումնասիրել և յուրացրել է եվրոպական երաժշտարվեստի տարբեր ոճեր: Եղել է պալատական ջութակահար, եկեղեցու երգեհոնահար, ղեկավարել երգչախումբ, ուսանողական «Երաժշտական կոլեգիան»: 

Բախն իր երաժշտության մեջ մարմնավորել է այն լավագույնը, որ կուտակել էր ոչ միայն Բախերի հռչակավոր տոհմը, այլև գերմանական ողջ ժողովուրդը: Նա գրել է տարբեր ժանրերի 1000-ից ավելի երկեր (բացառությամբ օպերայի)` խոշոր վոկալ-սիմֆոնիկ, քնարափիլիսոփայական բովանդակությամբ կանտատներ, պասսիոններ, մեսսաներ, օրատորիաներ և պատարագներ: Ստեղծել է նաև գործիքային երաժշտություն. երգեհոնի համար գրել է մոտ 250 ստեղծագործություն (պրելյուդ, տոկատ, ֆուգա, սոնատ և այլն), որոնք երգեհոնային երաժշտության գոհարներից են, կլավեսինի 200-ից ավելի գործեր, նաև պրելյուդի և ֆուգաների 48 շարք: Երաժշտության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն նրա ջութակի և թավջութակի մենանվագները, 6 «Բրանդենբուրգյան կոնցերտները» և այլ ստեղծագործություններ: Բախն առաջինն է ստեղծել կոնցերտներ 1, 2, 3 և 4 կլավեսինի
Բախի ձեռագիրը
համար՝ նվագախմբի հետ:

Կյանքի վերջին տարիներին անհաջող վիրահատությունից հետո կորցրել է տեսողությունը, սակայն շարունակել է ստեղծագործել: Կոմպոզիտորի մահից հետո մոտ 80 տարի չի հնչել նրա երաժշտությունը, անհետացել է նաև գերեզմանը: Բախի երկերն առաջինը կյանքի է կոչել գերմանացի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնը 1829 թ-ին. նա ներկայացրել է մեծ կոմպոզիտորի ամենավեհ երկերից «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» պասսիոնը, որով սկսվել է Բախի ստեղծագործությունների հաղթարշավը: 1950 թ-ից Լայպցիգում 4 տարին մեկ անցկացվում է Բախի անվան միջազգային երաժշտական մրցույթ:

Կյանքի վերջին տարիներին ու նաև մահվանից հետո Բախի հեղինակությունն
Բախի հուշարձանը
Լայպցիգում
աստիճանաբար նվազել է, քանի որ նրա արվեստը հնացած էին համարում, բայց այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Մոցարտն ու Բեթհովենը, ճանաչել ու սիրել են Բախի արվեստը:

«Ցանկացած երաժշտություն պետք է ստեղծվի Աստծուն փառաբանելու համար»,-Յ.Ս.Բախ: 

«Ողջ երկրայինն աստվածացրել է և աստվածայինը` մարդկայնացրել»,- Պաբլո Կասալս, իսպանացի թավջութակահար: 

«Բախն ինձ ստիպում է հավատալ Աստծուն»,-Ռոջեր Ֆրայ:


No comments:

Post a Comment