Sunday 19 July 2015

Թաջ Մահալ

Թաջ Մահալ (1632–52թթ)՝ հնդկական ճարտարապետության նշանավոր կառույց, Շահ Ջահանի կնոջ՝ Մումթազ Մահալի դամբարանը, որտեղ հետագայում թաղվել է նաև ինքը՝ Շահ Ջահանը: Գտնվում է Հնդկաստանի Ագրա քաղաքում, Ջամնա գետի ափին: 1632թ. Շահ Ջահանը հրամայում է իր սիրելի կնոջ հիշատակին չքնաղ մի դամբարան կառուցել. կինը մահացել էր 14-րդ երեխային լույս աշխարհ բերելուց: 



Դամբարանի գլխավոր մուտքի
գեղագրություներից մեկը

Թաջ Մահալը (որին կարճ անվանում են նաև պարզապես «Թաջ») համարվում է մողոլական ճարտարապետության եզակի ու փայլուն նմուշը, որն իր մեջ միաձուլում է պարսկական, հնդկական և իսլամական ճարտարապետության տարրեր: 1983թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է այս տաճարը որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ, «Հնդկաստանում մուսուլմանական արվեստի մարգարիտ, հանրային ճանաչում ունեցող գլուխգործոց, որով հիանում է ողջ աշխարհը»: Թաջ Մահալը հինգ գմբեթներով շենք է, բարձրությունը մոտ 74 մետր է՝ անկյուններում 4 մինարեթով (մզկիթներին կից աշտարակով, որի վրա բարձրանում են մոլլաները և բարձր երգաձայն աղոթքով հավատացյալներին աղոթքի հրավիրում): Արտաքինից սպիտակ, փայլեցրած մարմարով երեսպատ պատերը դրվագված են գունագեղ քարերով: Կոթողի գեղեցկությունը լրացնում է կից, կանոնավոր հատակագծով պարտեզը: 

Շահ Ջահանն ու Մումթազ Մահալը 
Դամբարանի շինարարությանը մասնակցել է շուրջ 20 000 վարպետ, որոնք հրավիրվել էին ոչ միայն Հնդկաստանից, այլև Կենտրոնական Ասիայից, Պարսկաստանից ու Մերձավոր Արևելքից: Դամբարանի համար նախատեսված տարածքը ստանալու համար Շահ Ջահանն այն փոխանակում է Ագրայի կենտրոնում գտնվող հսկայական պալատի հետ: Մոտ 1,2 հեկտար տարածքը սկսվում է վերափոխվել ու հարմարեցվել ապագա դամբարանին. տարածքի մակերեսը բարձրացվում է ծովի մակարդակից մոտ 50 մետր չափով: Շինարարական աշխատանքներին օժանդակելու նպատակով բազմաթիվ ջրհորներ են պատրաստվում: Բուն դամբարանի կառուցումը տևել է մոտ 20 տարի, իսկ համալիրի հարակից մյուս շինություններն ավարտին հասցնելու համար պահանջվել է ևս 10 տարի: Այս է պատճառը, որ Թաջ Մահալի՝ վերջնական ավարտված լինելու թվականը բավականին խնդրահարույց է: 
Պարսկերեն բանաստեղծությունները՝ 
որպես պատերի զարդարանք

Թաջ Մահալի կառուցման համար անհրաժեշտ նյութերը մատակարարվում էին ոչ միայն Հնդկաստանից, այլ նաև ասիական շատ երկրներից: Աշխատանքների վայր դրանք հասցնելու համար օգտագործվել են հազարից ավելի փղեր: Կիսաթափանցիկ սպիտակ մարմարը հիմնականում բերվում էր Հնդկաստանի Մակրանա քաղաքից ու Ռաջաստան նահանգից, հասպիսը՝ Պենջաբ նահանգից, ժադեիտը՝ Չինաստանից, փիրուզը՝ Տիբեթից, լազուրիտը՝ Աֆղանստանից, սապֆիրը՝ Շրի Լանկայից, և այդպես շարունակ: Ընդհանուր առմամբ համալիրի կառուցման համար օգտագործվել են 28 տեսակի թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, որոնք, հիմնականում, ձուլվել են բուն հիմքին՝ սպիտակ մարմարին: Ներքին պատերից շատերը զարդարված են ծաղիկների, մրգերի ու այլ պատկերների նուրբ զարդանախշերով: 


Էդվին Լորդ Ուիքս «Թաջ Մահալ», 1883թ.
Անդրադառնալով Թաջ Մահալի ճարտարապետական լուծումներին՝ հարկ է նշել, նախ և առաջ, դամբարանի թաքնված խորհրդանիշները: Այսպես, այն դարպասի վրա, որով այցելուները մտնում են համալիրի գլխավոր այգին, կարելի է կարդալ Ղուրանից մի քանի տող: Թաջ Մահալի ամբողջ համալիրը աչքի է ընկնում բացառիկ սիմետրիկությամբ. սրբավայրը համաչափ է Մումթազ Մահալ դամբարանի նկատմամբ: Ընդհանուր սիմետրիկությունը խախտում է միայն գլխավոր դամբարանը՝ Թաջ Մահալը: Ինչպես արդեն նշվեց, բոլոր շինությունների հումքի մեջ զանազան թանկարժեք քարեր են խառնված, այդ պատճառով արևի լույսի տակ կարելի է տարբերակել նրանց բոլորի երանգները: Թաջ Մահալի դիմաց տեղադրված հսկայան լողավազանը արտացոլում է դամբարանը՝ ապահովելով ևս մեկ գեղեցիկ տեսարան: 

Վերջին ժամանակներում Թաջ Մահալի վրա մի քանի ճաքեր են նկատվել: Դրանց առաջացման պատճառը, ենթադրաբար, Ջամնա գետի վարարումն է: Բացի այդ, դամբարանը սկսել է աստիճանաբար կորցնել իր լեգենդար ճերմակությունը. այս դեպքում պատճառն օդի աղտոտվածությունն է: Չնայած համալիրին շրջապատող մեծ այգու խիստ վերահսկողությանը և Ագրայում օդային վնասակար արտադրություններից մաքսիմալ պաշտպանությանը, Թաջ Մահալը գնալով խամրում է: Դամբարանը կանոնավոր մաքրման է ենթարկվում հատուկ սպիտակ կավի միջոցով: 

Մարմարի զարդանախշերը

Իր ստեղծման օրվանից ի վեր Թաջ Մահալը հիացմունքի առարկա է դարձել՝ անցնելով Հնդկաստանի սահմաններն ու իր փառքը տարածելով ամբողջ աշխարհով մեկ: Այս դամբարանը հայտնի է նաև իր մի շարք լեգեդներով: Թաջ Մահալի շուրջ հյուսված ամենահայտնի լեգենդներից մեկի համաձայն Ջամնա գետի մյուս ափին պետք է կառուցվեր Թաջ Մահալին շատ նման մեկ այլ շինություն՝ այս անգամ սև մարմարից, սակայն նրա կառուցումն այդպես էլ ավարտին չի հասցվում, քանի որ Շահ Ջահանի որդին՝ Աուրանգզեբը, որոշում է քանդել այն:

Երկու դամբարանները պետք է իրար միացներ մոխրագույն մարմարից կառուցված կամուրջը: Այս տեղեկությունը պատմության էջերին փոխանցել է եվրոպացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնյեն, որը 1665թ. այցելել էր Ագրա ու ծանոթացել Թաջ Մահալի ստեղծման պատմությանը: Գետի մյուս ափին՝ «Լուսնի այգում» հայտնաբերված սև մարմարի մնացորդները, թվում էր, հաստատում են այս վարկածը, սակայն հետագայում արված ուսումնասիրություններն ապացուցել են, որ դա ոչ թե սև, այլ սևացած սպիտակ մարմար էր:
Գետի գեղեցիկ արտացոլանքը
Ըստ մեկ այլ լեգենդի՝ համալիրի կառուցման աշխատանքներին մասնակցած վարպետների մեծամասնությունը Շահ Ջահանի հրամանով դաժանորեն սպանվել է, սակայն այս տեղեկությունը հաստատող ոչ մի փաստ գոյություն չունի: Ավելի ճշմարտացի է հնչում այն, որ նրանք բոլորը հատուկ փաստաթղթով պարտավորվել են երբեք այլևս ոչ մի տեղ նմանատիպ շինություն չկառուցել: Ինչպես հայտնի է, նման պատմություններ հյուսվում են գրեթե բոլոր հայտնի ու եզակի շինությունների շուրջ: 

Ինչ վերաբերում է դամբարանի անվանը, ապա այն տարատեսակ մեկնաբանություններ ունի: Պարսկերենից «թաջ մահալը» կարող է թարգմանվել որպես «թագավորական պալատ» («թաջ»` թագ, «մահալ»՝ պալատ): Շահ Ջահանի անունը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «աշխարհի տիրակալ», իսկ նրա կնոջ՝ Մումթազ Մահալի անունը՝ «պալատի, արքունիքի ընտրյալ»

Ավելորդ է նշել, որ Թաջ Մահալը Հնդկաստանի ամենաայցելվող վայրերից է. տարեկան 3-5 միլին մարդ է այցելում դամբարան, որոնցից մոտ 200 000-ը՝ զբոսաշրջիկ: 2007թ. Թաջ Մահալը ներառվել է Աշխարհի նոր յոք հրաշալիքների շարքում:
Ընդհանուր համալիրը

No comments:

Post a Comment