Պյոտր Չայկովսկի (1840թ., Վոտկինսկ, Ռուսաստան -1893թ. Սանկտ Պետերբուրգ)` ռուս կոմպոզիտոր, XIX դարի 2-րդ կեսի դասական երաժշտության խոշորագույն դեմքերից, սիմֆոնիայի մեծ վարպետ, հատկապես` քնարական-դրամատիկական սիմֆոնիայի ժանրում:
Կոմպոզիտորը ռեալիստական մեծ ուժով է բացահայտել մարդու ներաշխարհը: Նրա ստեղծագործության առանցքային թեման անհատի բախումն է անողոք իրականությանը, պայքարը՝ իր իրավունքների համար:
Չայկովսկին գրել է 10 օպերա, 3 բալետ, 7 սիմֆոնիա, նախերգանքներ, սյուիտներ, կամերային գործիքային անսամբլներ, կանտատ, շուրջ 100 ռոմանս, երգեր, զուգերգեր, խմբերգեր, դաշնամուրի, ջութակի, թավջութակի պիեսներ: Նրա լավագույն երկերից են Չորրորդ, Հինգերորդ և Վեցերորդ («Պաթետիկական») սիմֆոնիաները, որոնք համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության գոհարներից են:
Հանրահայտ են նաև «Ֆրանչեսկա դա Ռիմինի» նախերգանքը, «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան, դաշնամուրի Առաջին և Ջութակի կոնցերտները:
Չայկովսկու օպերաներին բնորոշ են դրամատիկական սուր բախումներն ու հոգեբանական խոր ընդհանրացումները, որտեղ առաջնայինը երգային մասն է, սակայն նվագախումբը նույնպես նպաստում է կերպարների ստեղծմանը, հերոսների հոգեվիճակների բացահայտմանը, կենցաղի պատկերմանը: Հասուն շրջանում է գրել իր լավագույն օպերաները՝ «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա» (երկուսն էլ՝ ըստ Ալեքսանդր Պուշկինի), «Օռլեանի կույսը», «Մազեպա», «Չարոդեյկա», «Չերևիչկի», «Իոլանտա»:Չայկովսկին, կիրառելով սիմֆոնիկ երաժշտության զարգացման սկզբունքները, բալետում նշանավորել է նոր փուլ. խորացրել է բալետի հոգեբանական բովանդակությունը, ստեղծել վառ կերպարներ: Կոմպոզիտորի «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին», «Շչելկունչիկ» բալետներն այդ ժանրի լավագույն գործերից են: Հանրահայտ են Չայկովսկու «Մանկական ալբոմ», «Տարվա եղանակներ» դաշնամուրային պիեսները, Իտալական կապրիչչոն, Սերենադը՝ լարային նվագախմբի համար, սիմֆոնիկ պատկերները: Նրա ռոմանսներում շեշտված են մեղեդայնությունն ու զգացմունքների արտահայտման անմիջականությունը:
Չայկովսկու շիրմքարը Սանկտ Պետերբուրգի Տիխվինյան գերեզմանոցում |
Չայկովսկին մեծապես նպաստել է ազգային երաժշտության տարածմանը Ռուսաստանում և արտասահմանում:
1887–93 թթ-ին պարբերաբար համերգներով շրջագայել է Գերմանիայում, Անգլիայում, Չեխիայում և Ֆրանսիայում, 1891 թ-ին՝ ԱՄՆ-ում:
Չայկովսկու ստեղծագործությունը խոր հետք է թողել ռուսական երաժշտության պատմության մեջ:
1886–89
թթ-ին Չայկովսկին մի քանի անգամ Թիֆլիսում ներկա է եղել իր ստեղծագործություններին նվիրված համերգներին, մտերմացել է կոմպոզիտոր Գենարիոս Ղորղանյանի հետ, հայկական եկեղեցում լսել ժամերգություն:
Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել են «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա» օպերաները, «Կարապի լիճը», «Շչելկունչիկ» բալետները և այլ գործեր:
Չայկովսկին Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի թղթակից անդամ էր (1892 թ.), Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր (1893 թ.):
1958 թ-ից Մոսկվայում անցկացվում է Չայկովսկու անվան միջազգային մրցույթ:
Չայկովսկու անունով Երևանում կոչվել են երաժշտական դպրոց և փողոց:
Աղբյուրը՝ Հայկական Հանրագիտարան
No comments:
Post a Comment