Thursday 17 September 2015

Չա-չա-չա



     
     Չա-չա-չա՝ լատինամերիկյան ամենահանրահայտ պարերից, որը մտնում է  լատինամերիկյան պարային ծրագրի մեջ:
      Այն համարվում է  բավականին «երիտասարդ» պար: Պարի վերաբերյալ հավաստի հայտնի փաստերից է, որ պարը ծագել է անցյալ դարի 50-ականներին, Ամերիկա աշխարհամասում: Պարի ծագման հետ կապված այլ տվյալները համարվում են վիճելի: Առավել հաճախ դրա ծագումը կապում են կուբացի կոմպոզիտոր Էնրիկե Խորինայի հետ: Սկզբնական շրջանում նա ստեղծագործել է  դանսոններ՝ փորձարարություններ անելով երաժշտությամբ, մինչև մեկ օր գրում է «La enganadora» երաժշտական կատարումը, որի ռիթմը միջին դիրք էր գրավում մամբոյի ու ռումբայի միջև: Հենց այդ ստեղծագործությունն էլ ընդունված է համարել չա-չա-չա-ի նախտիպը:
      Գոյության ունեն «չա-չա-չա» անվան ծագման հետ կապված մի քանի վարկածներ:
    Առաջին վարկածի համաձայն՝ ավանումն իմաստավորում է պար այնպիսի բույսի հետ, որի ճյուղրեը կոչվում են չա-չա: Դրանցից պատրաստում էին երաժշտական պարզագույն գործիքներ, որոնք օգնում էին ապահովել ռիթմը:
       Համաձայն երկրորդ վարկածի՝ չա-չա-չա բառը եկել է մեկ այլ կուբայական պարից՝ գուարաչայից, որն ի սկզբանե եղել է մամբո՝ գուերո-ռիթմով: Այն կատարել են երաժշտական հատուկ գործիքի նվագակցությամբ, որը պատրաստել են չորացված դդումից:
        Առավել հավանական է համարվում  այն վարկածը, որ պարի անվանումն ասոցացվում է պարողների քայլերի ձայնի հետ: Էնրիկե Խորինոյի կողմից  ստեղծված մեղեդին դուր է եկել պարողներին, և նրանք սկսել են իմպրովիզներ կատարել դրա հիմքի վրա՝ հետևելով նվագակցմանը: Նրանց պարային քայլերից եկող ձայնն էլ նման է եղել չա-չա հնչյունների, ինչից և ծագել է պարի անվանումը:

       Այն անմիջապես լայն տարածում  է  գտնում  և աստիճանաբար ասպարեզից դուրս մղում մամբոյին:
     Չա-չա-չա-ի տարածումը ամերիկյան մայրցամաքի սահմաններից դուրս տեղի է ունենում, մեծամասամբ, շնորհիվ պարահանդեսային պարերի անգլիացի վարպետ Պիեր Լավելյուի: Կուբայում տեսնելով այդ նույն պարը, որը նմա էր ռումբային, բայց տարբերվում էր իր սուր ռիթմով, նա սկսում  է  դասավանդել այն Անգլիայում՝ որպես լիովին նոր ու առանձնահատուկ պար:
      Չա-չա-չա-ն համարվում է լատինամերիկյան մշակույթի այցեքարտերից մեկը, բայց միայն միջազգային ասպարեզում  է այն ձեռք բերել նրբաճաշակության գծեր:
      Կատարման երաժշտական չափը 4/4-ն է, մեկ րոպեի ընթացքում 30-32 տակտով: Պարի հիմնական սխեման հետևյալն է. պարող զույգը կատարում է 2 քայլ առաջ, որից հետո «չա-չա-չա» կոչվող եռաքայլը, այնուհետև կրկնվում է նույն պատկերը: Սա պարի հիմքն է, որի հիման վրա պարողները կարող են կատարել անհատական շարժումներ ու իմպրովիզացիա:
        Չա-չա-չա-ի հիմնական շարժումները մեծ մասամբ նման  են մամբոյի եւ ռումբայի շարժումներին: Վառ արտահայտված տարբերությունն այն է, որ այն հիմնված է ինքնատիպ  քառաչափ ռիթմի վրա, որը գրեթե հնարավոր  չէ շփոթել մյուսների հետ:
  Քայլերը կատարվում են ըստ յուրաքանչյուր հարվածի, որից հետո պարտադիր ուղղվում են ծնկները: Բացի դրանից այս պարին բնորոշ է ազդրերի ինտեսնիվ շարժումը: Պարի ընթացքում հնարավոր է բաց փակ, հովհարաձև, բաց «զբոսանքաին» ու բաց «կոնտրզբոսանքային» դիրքեր:
       Հատուկ արտահայտչականությունը այս պարի մեջ բնորոշ է պարուհուն, որի շնորհիվ  պարն  անգամ  անվանում  են «սեթևեթուհու» պար: Պարի մթնոլորտը ձևավորում  են  խաղարկող ու սեթևեթող, չպարտադրող ու անհոգ տրամադրությունը: Պարի մեջ բավականին շատ է  կրակը: Ի տարբերություն ռումբայի, որը հիշեցնում է  այնպիսի իրավիճակ, երբ տղան սիրահետում է աղջկան՝ չա-չա-չա-ն արդեն իսկ բուռն կրքերի պատկեր է հիշեցնում, որտեղ պարուհին վառ կերպով ցուցադրում  է իր հմայքն ու սեթևեթանքը:

No comments:

Post a Comment