Tuesday 13 October 2015

Անտոնիո Կանալես

Անտոնիո Կանալես (նույն ինքը՝ Անտոնիո Գոմես դե լոս Ռեյես)՝ իսպանացի պարող, ֆլամենկոյի ամենահայտնի կատարողներից մեկը: 
Ծնվել է 1961թ-ին, Սևիլյայում, արվեստագետների ընտանիքում: Կանալեսի ընտանիքում պարն, ու առհասարակ, արվեստը մշտապես ներկա է եղել, այդ իսկ պատճառով փոքրուց ի վեր Անտոնիոն տարվում է պարով, հատկապես՝ ֆլամենկոյով. այն դառնում է Անտոնիոյի ամենամեծ կիրքը, և տարիների հետ միասին այս տարվածությունը գնալով ուժեղանում է: Պարի առաջին դասերը ապագա աստղը ստանում է "Natación Sevilla" կոչվող պարի դպրոցում, որտեղ դասավանդում էին ֆլամենկոյի լավագույն վարպետները: 

Կանալեսի պարային կարիերան սկսվում է Իսպանիայի Ազգային բալետում: Մի քանի տարի հետո նա դառնում է խմբի մենապարողներից մեկը: Տարիներ անց Կանալեսը հեռանում է Ազգային բալետից ու տեղափոխվում Փարիզ՝ համալրելով ֆրանսիացի հայտնի պարուհի ու պարուսույց Մագի Մարենի խմբակը: Ֆրանսիայում ելույթ ունենալու տարիներին Կանալեսը դառնում է համաշխարհային աստղ. նա ավելի քան 50 տարբեր ներկայացումներում հանդես է գալիս որպես մենապարող և հյուրախաղերով շրջագայում է աշխարհի տարբեր երկրներով: Կանալեսին հրավիրում են Իտալիա՝ բեմադրելու Վերսալիայի փառատոնի պարերը: 

80-90-ական թթ. Կանալեսն արդեն բազմաթիվ մրցանակների դափնեկիր էր (թե՛ ազգային, թե՛ միջազգային): 1992թ. հիմնում է իր սեփական խմբակը, որն առաջին անգամ ելույթ է ունենում Բիլբաոյում՝ «Քեզ համար, Կա՛րմեն» և «Ընդմիշտ ֆլամենկո» պարային ներկայացումներով: 
1993թ. Կանադայի շրջագայության ժամանակ տեղի է ունենում Կանալեսի հեղինակած «Ցլամարտիկ» պարային ներկայացումը, որը մեծ հաջողություն է գրացնում նաև վարպետի հայրենիքում: Իսպանիայում այն ներկայացվում է ավելի քան 700 անգամ: 
1995թ. Կանալեսը պարգևատրվում է Իսպանիայի «Պարի ազգային մրցանակ»-ով: Նրա հաջորդ նախագիծը՝ «Գնչուն», ևս մեծ հաջողություն է ունենում: Այս ներկայացմամբ Կանալեսը ներկայացնում է Իսպանիան 1997թ. Պարի միջազգային փառատոնին: 
2000թ. բեմադրում է «Մոխրոտը», իսկ 2003թ. «Կանաչ աչքեր» ներկայացումները: Այս ամենին զուգահեռ Կանալեսը վեպ էր գրում ու նկարահանվում երաժշտական ֆիլմերում («Գալիս եմ», «Իբերիա», «Պարի դեմքերը» և այլն):






No comments:

Post a Comment