Sunday, 15 November 2015

Միխայիլ Բարիշնիկով


    
      Միխայիլ Բարիշնիկով` ռուս հանրահայտ պարող, որի արվեստում միաձուլվել են դասական վիրտուոզ տեխնիկան ու ֆիզիկական հսկայական ուժը, որն էլ դարձրել է նրան 20-րդ դարի պարարվեստի նշանավոր դեմքերից մեկը: Նա հանդիսացել է ռուս այն արտիստներից մեկը, որն իր հսկայական ազդեցությունն է ունեցել համաշխարհային բալետի զարգացման գործում:

       Ծնվել է 1948թ. հունվարի  27-ին, Ռիգայում: Հայրը` Նիկոլայ Բարիշնիկովը, եղել է սպա, մայրն Ալեքսանդրա Վասիլևնան էր, իսկ կինը` Լիզա Ռեյնխարտը, եղել է  Ամերիկյան բալետի թատրոնի նախկին պարուհի:
   

     Բարիշնիկովների ընտանիքը Ռիգա է տեղափոխվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հայրը, լինելով սպա, խորհրդային շատ այլ զինվորականների նման Ռուսաստանից ուղարկվում է «հետագա ծառայություն անցնելու»: Միխայիլի հայրը խիստ բնավորության տեր մարդ էր, որն արվեստով առհասարակ չէր հետաքրքրվում, իսկ որդու հետ էլ առանձնակի շփում չուներ: Միշային մայրն էր դաստիարակում, որը նրան թատրոն էր տանում, սովորեցնում է սիրել երաժշտությունը, ուղարկում է նրան բալետի ստուդիա, իսկ հետո նաև` Ռիգայի խորեոգրաֆիայի ուսումնարան:

        Երբ լրանում է Միշայի տասներկու տարին, Ալեքսանդրա Վասիլևնան նրան տանում է իր մոտ մոտ, որն ապրում էր Վոլգայում: Վերադառնալուն պես` նա ինքնասպան է լինում, որի դրդապատճառներն այդպես էլ անհայտ են մնում: Միշայի հայրը կրկին ամուսնանում է, բայց որդին այդպես էլ իրեն չի զգում նոր ընտանիքի լիիրավ անդամ: Երբ նա տեղափոխվում է Լենինգրադ, հոր հետ հարաբերությունները գործնականում դադարում են:
      1964թ. Լենինգրադ հյուրախաղերով ժամանում  է  Լատվիայի ազգային օպերան: Բարիշնիկովը, դպրոցի մյուս աշակերտների նման, զբաղված էր ներակայացումներով: Այդ հյուրախաղերի ընթացքում Ս.Մ. Կիրովի անվան օպերայի ու բալետի ազգային թատրոնի արտիստներից մեկը Միշային տանում է Լենինգրադի խորեոգրաֆիայի ուսումնարան` մանկավարժ Ա.Ի. Պուշկինի մոտ: Վերջինս Միշայից քննություն վերցնելուց հետո առաջարկում է  նրան ընդունվել ուսումնարան: Այդպես Բարիշնիկովը դառնում է նշանավոր ռուսական բալետային դպրոցի սան, այնուհետև` Կիրովի անվան բալետի թատրոնի մենակատար:

      1967թ. Բարիշնիկովն ավարտում է Լենինգրադի խորեոգրաֆիայի ուսումնարանը: Դեռ ուսումնառության տարիներին նա 1966թ.Վարնեում տեղի ունեցող բալետի արտիստների միջազգային մրցույթին նվաճում է  առաջին մրցանակը:
      Շուտով Բարիշնիկովի տաղանդը համընդհանուր ճանաչում է ստանում: Ոչ միայն նրա մասնագիտական տվյալները` թռիչքներ, շարժումների իդեալական կոորդինացիա, երաժշտականություն, գերազանց կերպով ընկալված դպրոց, կատարողական բարձր վարպետություն, այլ նաև արտիստիկ յուրահատուկ տաղանդն արագորեն գրավում են հանդիսատեսի սրտերը:
      Սակայն այդ տարիներին թատրոնում լճացման ժամանակաշրջան էր: 1950-ականներից բալետի տաղանդավոր վարպետների կողմից սկսված ծաղկման շրջանն ընդհատվում է ռուս իշխանավորների ջանքերով: Կ.Մ. Սերգեևի ղեկավարության օրոք թատրոն չէին մտնում նոր ու տաղանդավոր խորեոգրաֆներ, ինչի հետևանքով ստեղծագործական կյանքը թատրոնում գրեթե մարում է: Իր բնույթով ստեղծարար ու ազատամիտ Բարիշնիկովը փորձում էր ստեղծված բարդ իրավիճակից որևէ ելք գտնել: Նա վերաիմաստավորում էր թատրոնի ռեպերտուարի դերերը, ջանում պարել այն  ներկայացումներում, որոնք նոր էին ու ավելի հետաքրքիր:
      1973թ. Բարիշնիկովին` որպես խմբի լավագույն արտիստի, նվիրում են ստեղծագործական երեկո ու թույլ տալիս ընտրել ռեպերտուար: Նրա ընտրությունն այդ ժամանակ շատերի համար զարմանալի թվաց. դասական նշանավոր պարողը հրաժարվեց կատարել վարիացիաներ ու դուետներ եւ հրավիրեց ժամանակակից խորեոգրաֆներ Է.Օ Մուրդմաային եւ Գ.Դ Ալեքսիձեին բեմադրել մեկ գործողությամբ բալետներ` հատուկ այդ երեկոյի համար:
          

    Ղեկավարությունն ստիպված է լինում զիջելթատրոնն առանց այն էլ չուներ նոր ներկայացումներ, բացի այդ նոր գեղարվեստական ղեկավարը` Ի.Դ Բելսկին, այդ հարցում աջակցում էր  Բարիշնիկովին:

      Այդ երեկոն դառնում է  Ռուսաստանում Բարիշնիկովի ստեղծագործական կյանքի գագաթնակետը: Այդ ժամանակաշրջանում արդեն իսկ ակնհայտ էր Բարիշնիկովի մեծ ազդեցությունը ռուսական արվեստի ու մշակույթի վրա. երեք բալետ միավորող թեման մարդու ազատությունն էր, եւ ներկայացման ընթացքում Բարիշնիկովի թռիչք-ցատկն ընկալվեց որպես հոգու ազատ թռիչքի խորհրդանիշ:
     

     1973թ. Բարիշնիկովին շնորհվում է ՌԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում: Նա նկարահանվում է հեռուստատեսային բալետային ֆիլմերում, ինչպես նաև հեռուստատեսային «Ֆիեստա» ներկայացման մեջ հանդես  է գալիս Պեդրո Ռոմերոյի դրամատիկ դերով:

      Բարիշնիկովի արվեստի երկրպագուները հաճախ են հնչեցրել  հետևյալ հարցը` ինչպիսի՞ն կլիներ Բարիշնիկովի ճակատագիրը, եթե նա չտեղափոխվեր Արևմուտք: Դա պատահական չէր, քանի որ նույնիսկ իրեն նվիրված երեկոյի վրա աշխատելիս Բարիշնիկովը մեծ դժվարությունների ու խոչընդոտների միջով է անցնում` չընկալվելով թեˊ ղեկավարության, թեˊ թատրոնի մյուս արտիստների կողմից: Մինչդեռ Բարիշնիկովի հանճարը ձգտում էր ստեղծագործական ազատության:
     1974թ.Կանադայում հյուրախաղերի ընթացքում Բարիշնիկովը որոշում է  չվերադառնալ ԽՍՀՄ` որքան էլ, նրա ընկերների վկայությամբ, հայրենիք չվերադառնալու որոշումը նրան դժվար է տրվում: Կանադան նրան քաղաքական ապաստան է տրամադրում, կտրվում  է  կապը հարազատների ու ընկերների հետ:
     1974 հուլիսին Բարիշնիկովն առաջին անգամ ներկայանում է ամերիկյան հանդիսատեսի առջև: Նա ներկայանում է «Ժիզել» բալետում, որտեղ նրա զուգընկերուհին էր Նատալյա Մակարովան, որը ևս մնացել էր բնակվելու Արևմուտքում: Նրանք ելույթ են ունենում Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայում», և ներկայացման ավարտից հետո հիացած հանդիսատեսի ծափողջյունները եւ «Միշա, Միշա» բացականչյություններն ստիպում են գրեթե քսանչորս անգամ բարձրացնել եւ իջեցնել վարագույրը: Դրանից հետո արտիստի բոլոր ներկայացումներում հանդիսատեսը նրան ընդունում էր  խելահեղ ջերմությամբ ու հիացմունքով:
     1978թ. Ջորջ Բալանչինը հրավիրում է  Բարիշնիկովին «New York City Ballet»-ի  իր խումբ: Բալանչինը Միշային վերաբերվում էր որպես որդու, սակայն 74-ամյա վարպետն այլևս ի վիճակի չէր նրա համար որևէ նոր ներկայացում բեմադրել: Այնուամենայնիվ, Բարիշնիկովը պարում է  Բալանչինի երկու հին` «Ապոլլոն» և «Անառակ որդին» ներկայացումներում, որը ևս մեկ բեկումնային շրջան է դառնում արտիստի ստեղծագործական կյանքում:

   1988թ. Բարիշնիկովին հրավիրում են դառնալ Ամերիկյան բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար: Նա ղեկավարում է թատրոնը ինը տարի: Մինչ նա` Ամերիկյան բալետի թատրոնը հայտնի էր որպես «աստղերի թատրոն», որտեղ ավելի հաճախ պարում էին արտասահմանից հրավիրված արտիստներ, մինչդեռ Բարիշնիկովն ստեղծում է մշտական ուժեղ բալետային խումբ: Այդ շրջանում նա Պրոկոֆևի երաժշտության հիման վրա «Մոխրոտը» բալետի համար ստեղծում է յուրահատուկ բեմադրություն, ինչպես նաև ստեծում է «Կարապի լճի» իր մեկնաբանությունը: Սակայն  1989թ. Բարիշնիկովը լքում է  Ամերիկյան բալետի թատրոնը: Հեռանալու պատճառներից մեկն այն էր, որ նա չէր ցանկանում իր որոշումները մշտապես համաձայնեցնել թատրոնի տնօրենների խորհրդի հետ
     

         1990թ. նա ամերիկյան բալետի նշանավոր խորեոգրաֆներից մեկի` Մարկ Մորիսի հետ ստեղծում է «White Oak Dance Project» խումբը:

      Հեռանալով Ամերիկյան բալետի թատրոնից` Բարիշնիկովն առհասարակ հեռանում է դասական բալետի աշխարհից: Նա դադարում է ելույթ ունենալ դասական բալետի ներկայացումներում այն ժամանակ, երբ վրա է հասնում բալետի յուրաքանչյուր պարողի համար ֆիզիկական ուժերի մարման ճակատագրական շրջանը: Սակայն լքելով դասական բալետի աշխարհը` Բարիշնիկովն իրեն նվիրում է  մոդեռն բալետին:

     

       Մոդեռն բալետում Բարիշնիկովն ինքնարտահայտվում էր նոր որակներով: Նա դադարում է լինել միայն սյուժետային բալետի կերպարների մեկնաբանող: Նրա կյանքում արդեն մեծ տեղ էին գրավում մենակատարային բալետները` ապաշխարող մենախոսություններով: Բարդ հոգևոր աշխարհը բեմ հանելու կարողությունը մշտապես եղել է Բարիշնիկովի արտիստիկ անհատականության առանձնահատկություններից մեկը: Նա դուրս է գալիս բեմ` որպես իր բանաստեղծությունները կարդացող պոետ: Թվում էր, որ հենց այդ որակում է նա ձեռք բերել ինքնարտահայտման ազատություն, որին ձգտել էր ողջ կյանքի ընթացքում

No comments:

Post a Comment