Ռուդոլֆ Նուրեև (Նուրիև, 1938-1993թթ.)՝ սովետական ու ամերիկյան բալետի աստղ, բալետմեյստեր, համաշխարհային բալետի ամենավառ ներկայացուցիչներից մեկը:
Ծնվել է 1938թ. Իրկուտսկում, Վլադիվոստոկ տանող գնացքի մեջ: Հայրն ազգությամբ բաշկիր էր, մայրը՝ թաթարուհի: Ընտանիքի միակ զավակի մանկությունն անցել է Ուֆայում, որտեղի մանկական ֆոլկլորային անսամբլում էլ Ռուդոլֆը սկսում է պար սովորել: Բալետի հանդեպ տղայի սերը ծնվում է այն օրը, երբ մայրը նրան տանում է դիտելու «Կռունկի երգը» անունով բալետը:
Շուտով հայրը գործնական առաջարկ է ստանում, և ընտանիքը տեղափոխվում է Մոսկվա: Դեռ Ուֆայում սովորելու տարիներին պարի ուսուցիչները Ռուդոլֆին հորդորում էին պարի ավելի մասնագիտացված հաստատություն ընդունվել, քանի որ տղայի ցայտուն տաղանդն ակնհայտ էր բոլորի համար: Մոսկվայում Նուրեևը հաջողությամբ ընդունվում է Բոլշոյ թատրոնի պարային խմբակը, սակայն ի վերջո (1955թ), ընտրում է Լենինգրադի՝ Ս.Մ.Կիրովի անվան (ներկայումս՝ Մարիինյան) թատրոնը՝ այն համարելով լավագույնը: Այստեղ ապագա աստղը սովորում է հայտնի բալետմեյստեր Ալեքսանդր Իվանովիչ Պուշկինի դասարանում: Վերջինս այնքան է կապվում տղայի հետ, որ նրան հրավիրում է ապրելու իր և կնոջ հետ: Դպրոցն ավարտելուց հետո՝ 1958թ., Նուրեևը դառնում է Կիրովի անվան թատրոնի բալետի մենապարող:
Այս շրջանում Նուրեևն արդեն ԽՍՀՄ-ի ամենահայտնի պարողներից էր: Վիեննայի երիտասարդական փառատոններից մեկի ժամանակ ունեցած շքեղ ելույթից հետո նա կառավարության կողմից ստանում է արտասահմանում շրջագայելու իրավունք: Այս բացառիկ արտոնությունը, սակայն, երկար չի տևում. շատ շուտով նրան զրկում են արտասահմանում ելույթներ ունենալու հնարավորությունից:
Այս շրջանում Նուրեևն արդեն ԽՍՀՄ-ի ամենահայտնի պարողներից էր: Վիեննայի երիտասարդական փառատոններից մեկի ժամանակ ունեցած շքեղ ելույթից հետո նա կառավարության կողմից ստանում է արտասահմանում շրջագայելու իրավունք: Այս բացառիկ արտոնությունը, սակայն, երկար չի տևում. շատ շուտով նրան զրկում են արտասահմանում ելույթներ ունենալու հնարավորությունից:
Մարգո Ֆոնտեյնի հետ |
1950-ականների վերջում Նուրեևի անունն իրական աղմուկ է բարձրացնում ԽՍՀՄ ողջ տարածքում: Առհասարակ, Նուրեևը միշտ աչքի է ընկել իր ըմբոստ, անհնազանդ բնավորությամբ ու պահվածքով, ինչի արդյունքում նրան հաճախ չէին թույլատրում Կիրովի թատրոնի խմբակի հետ Եվրոպա մեկնել: Բանն այն է, որ Սովետական իշխանությունը գնահատում է նրան՝ որպես ԽՍՀՄ մշակույթը պատվով ներկայացնող աստղի, սակայն ճանաչելով նրա անհանդուրժող խառնվածքը՝ մտահոգվում էր, որ Նուրեևը կարող է այլևս իրեն «չպատկանել»: Պարզվում է, որ այդ մտահոգությունն ապարդյուն չէր: 1961թ. թատրոնի մյուս առաջատար մենապարող Կոնստանտին Սերգեևը վնասվածք է ստանում, և խմբի ղեկավարությունը ստիպված է լինում նրա փոխարեն Նուրեևին ուղարկել եվրոպական հյուրախաղերի:
1961թ.՝ հյուրախաղերով Փարիզում գտնվելու ժամանակ, Նուրեևը հրաժարվում է վերադառնալ ԽՍՀՄ՝ արդյունքում մեղադրվելով հայրենիքի դավաճանության մեջ:
Կարճ ժամանակ անց Նուրեևը սկսում է հանդես գալ Լոնդոնի Թագավորական բալետում («Քովենթ Գարդեն» օպերային թատրոնում)՝ արագորեն վերածվելով համաշխարհային աստղի: Ավելի քան 15 տարի նա պահպանում է Թագավորական բալետի գլխավոր աստղերից մեկի իր կարգավիճակը: Նուրեևը երկար տարիներ անգլիացի հայտնի պարուհի Մարգո Ֆոնտեյնի մշտական զուգընկերն էր: Նրանց զույգը լեգենդար է համարվում համաշխարհային բալետի պատմության մեջ: Ինչպես հետագայում նշել է պարողը, իրենք Ֆոնտեյնի հետ բեմում մեկ մարմին ու մեկ հոգի էին դառնում: Այս տարիներին Նուրեևը Ավստրիայի քաղաքացիություն է ձեռք բերում:
Նուրեևը հայտնի էր նաև իր ջանասիրությամբ. պատահական չէ, որ 1975թ. դրությամբ նրա ելույթների քանակը հասնում էր 300-ի: Հանդես գալով Եվրոպայի մի շարք երկրներում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Ավստրալիայում՝ Նուրեևը տարեցտարի էլ ավելի մեծ ճանաչում էր ձեռք բերում ամբողջ աշխարհում:
1983-89թթ. Նուրեևը փարիզյան Գրանդ օպերայի բալետի խմբի ղեկավարն էր: Այս տարիներին նա բազմիցս հանդես է գալիս Իվետ Շովիրեի հետ միասին: Այստեղ Նուրեևը բացահայտում բալետի ապագա աստղ Սիլվի Գիլեմի տաղանդը:
Առհասարակ, Նուրեևը մշտապես հանդես է եկել մեկը մյուսից հայտնի ու տաղանդավոր պարուհիների կողքին: Բացի Ֆոնտեյնից ու Շովիրեից, նրա մշտական պարային զուգընկերուհիների շարքում է եղել նաև Դանիայի ու Բեռլինի թագավորական բալետների մենապարուհի Եվա Եվդոկիմովան:
Էրիկ Բրունի հետ |
Ինչ վերաբերում է պարողի բնավորությանն ու կենսակերպին, ապա նա հիշվել է որպես հավատարիմ ու բարեսիրտ ընկեր, թեև շփվող ու ակտիվ մարդ նրան համարել չի կարելի: Հայտնի է, որ Նուրեևի ընկերների շարքում են եղել Ֆրեդի Մերկուրին, Ժաքլին Քեննեդին, Միք Ջագգերը, Լայզա Մինելլին, Էնդի Ուորհոլը և այլ հայտնի դեմքեր: Նուրեևի բարեսրտությունը հատկապես վառ էր դրսևորվում երիտասարդ պարուհիների նկատմամբ. նա մեծ հաճույքով օգնում էր սկսնակ աղջիկներին, վստահություն հաղորդում նրանց:
Նուրեևը հոմոսեքսուալ էր: ԽՍՀՄ-ից հեռանալուց հետո նա հանդիպում է դանիացի պարող Էրիկ Բրունին, որի հետ կապը անխզելի է մնում զուտ մինչև Բրունի մահը՝ 1986թ.:
Կյանքի վերջին տարիներին Նուրեևն աշխատել է որպես դիրիժոր: Նա նաև նկարահանվում էր ֆիլմերում, զանազան առիթներով հաճախ հայտնվում էր հեռուստաէկրաններին:
Դեռ 1984թ. Նուրեևի արյան մեջ ՄԻԱՎ-ի նախանշաններ են հայտաբերում, սակայն նա լուրջ չի վերաբերում այս տեղեկությանն ու չի ուզում ընդունել, որ առողջական խնդիրներ ունի: 1991թ. այդ խնդիրներն արդեն անտեսել չի լինում, քանի որ պարողի վիճակը կտրուկ վատթարանում է: 1993թ. հունվարի 6-ին, 54 տարեկան հասակում, բալետի լեգենդար աստղը ՁԻԱՀ-ի պատճառով հեռանում է կյանքից: Թաղվում է Ֆրանսիայում, Փարիզից ոչ հեռու:
Նուրեևը փոխեց տղամարդ պարողների մասին ընկալումը՝ իր իսկ բեմադրությունների շրջանակներում տղամարդկանց դերերը դարձնելով ավելի «պարային», խորեոգրաֆիկ: Նա վերջ դրեց բալետի արական սեռի պարողների պասիվ կարգավիճակին: Նուրեևի մեկ այլ կարևոր նորարարությունը դասական բալետի ու ժամանակակից պարի միջև սահմանների խզումն էր: Մեր օրերում այս երևույթը արդեն սովորական բնույթ է կրում, սակայն Նուրեևն առաջիններից էր, որ համարձակություն ունեցավ խախտել բալետի դասական «օրենքները»: Այս գաղափարը իրագործելիս նա սկսում է աշխատել ժամանակակից պարի լեգենդար ներկայացուցիչ Մարթա Գրեմի հետ: Վերջինս հատուկ Նուրեևի համար պարեր էր բեմադրում:
Նուրեևի անմոռանալի պարտիաներով հանդես է եկել «Կարապի լիճը», «Շելկունչիկ», «Քնած գեղեցկուհին», «Ժիզել», «Դոն Կիխոտ», «Փեդրա», «Ռայմոնդա», «Համլետ» և բազմաթիվ այլ բալետներում:
No comments:
Post a Comment