Tuesday, 15 December 2015

«Մեր ժամանակի հերոսը»

«Մեր ժամանակի հերոսը» վեպը (1838-40թթ.)՝ Մ. Յու.Լերմոնտովի գլուխգործոցն ու ռուս գրականության դասական նմուշներից մեկը, լույս է տեսել Սանկտ Պետերբուրգում, 1840թ., երկու մասով ու 1000 օրինակով: 

Վեպը բաղկացած է նախաբանից ու երեք մասից, որոնցում նկարագրվող գործողությունների ժամանակագրական հերթագայությունը պահպանված չէ: Սա Լերմոնտովի կողմից գործածված գեղարվեստական հնարքներից մեկն է, որի նպատակն է գլխավոր հերոսին ընթերցողի առջև բացահայտել աստիճանական կարգով: Ընթերցողը նախ Պեչորինին դիտում է Մաքսիմ  Մաքսիմիչի աչքերով, այնուհետև ավելի խորն է ճանաչում հերոսին՝ ծանոթանալով նրա օրագրում արված գրառումներին: 

Ռեալիստական այս գործի գլխավոր հերոսը՝ Գրիգորի Պեչորինը, իրականության հետ չհաշտվող, իր «հոգու անընդգրկելի ուժերի» համար ասպարեզ չգտնող, տառապող և շրջապատին տառապանք պատճառող անհատ է: Լերմոնտովի նպատակն էր խորը հոգեբանական վերլուծության ենթարկել ժամանակակից մարդու կերպարը: Գրաքննադատները Պեչորինի կերպարը համարում են Պուշկինի Օնեգինի շարունակությունը, բայց Լերմոնտովի հերոսի էությունն ավելի խորն է, ավելի անհատական: Պեչորինը գրականության պատմության մեջ երբևէ եղած ամենահակասական կերպարներից է, որին կարելի է անվերջ ուսումնասիրել ու միշտ մի նոր բան հայտնաբերել նրա մեջ: 

«Ես պատրաստ էի սիրել ամբողջ աշխարհը, բայց ինձ ոչ ոք չհասկացավ, և ես սովորեցի ատել: Վախենալով հեգնանքից` լավագույն զգացմունքներս պահում էի հոգուս խորքում: Այդպես դրանք բոլորը մահացան»: 
«Նա դժգոհ է իրենից. կարծում է, որ սառն է եղել: Սա առաջին ու ամենամեծ ձեռքբերումն է: Վաղը նա կցանկանա փոխհատուցել ինձ: Արդեն անգիր գիտեմ այս ամենը: Ի՜նչ ձանձրալի է»: 

Բելա, Մ.Զիչի,  1902թ.
Լերմոնտովը նշել է, որ իր համար շատ հետաքրքիր է եղել ժամանակակից մարդու կերպարն այնպես պատկերել, ինչպես ինքն է այն տեսնում: Ըստ հեղինակի՝ Պեչորինի նման մարդկանց նա շատ է հանդիպել. սա է հենց նման կերպար ներկայացնելու գլխավոր պատճառը: Ի տարբերություն Պուշկինի՝ Լերմոնտովը շեշտը դնում է հերոսի ներքին աշխարհի արտացոլման վրա՝ հավաստիացնելով, որ «մարդու հոգու պատմությունը , թեկուզ ամենաչնչին մարդու, շատ ավելի հետաքրքիր ու օգտակար է, քան մի ամբողջ ազգինը»: Ոչ օրդինար ու վիճահարույց այս կերպարը Լերմոնտովի գեղարվեստական բացահայտումներից մեկն է: Պեչորինի կերպարը ավելի քան տիպական է. նրա մեջ իր արտացոլումն է գտել հետդեկաբրիստական շրջանի իրականությունը, մի շրջան, երբ «մակերեսին երևում էին միայն կորուստներն ու դաժանությունը, իսկ ներսում մեծ աշխատանք էր տարվում՝ խուլ ու անխոս, բայց և ակտիվ, անդադար»: 

Մ. Վրուբել. Պեչորինի ու
Գրուշնիցկու մենամարտը
Պեչորինը կրթված մարդ է, հասարակության վերին խավի ներկայացուցիչ, սակայն՝ կյանքից դժգոհ ու իր համար երջանկություն գտնելու բոլոր հույսերը կորցրած: Ինչպես նշվեց, նա համալրում է  Պուշկինի կողմից Եվգենի Օնեգինով բացված «ավելորդ մարդկանց» շարքը: Ռուս հայտնի գրաքննադատ Վ. Բելինսկին նշել է, որ  «ժամանակի հերոսի» մասին վեպ գրելու միտքը ամբողջովին Լերմոնտովին չի պատկանում, քանի որ այդ ժամանակ արդեն գոյություն ուներ Կարամզինի «Մեր ժամանակի ասպետը», և առահասարակ, XIXդ. սկբզի շատ գրողների մոտ էր ծագում նման կերպարին անդրադառնալու գաղափարը:  Բելինսկին Պեչորինի մեջ տեսնում էր «հոգու անցումային վիճակ, երբ մարդու համար հինն ամբողջովին կործանված է, իսկ նորը դեռ չկա, երբ մարդն ինչ-որ իրական բանի հնարավորություն է միայն ապագայում, իսկ ներկայում ոչ այլ ինչ է, քան կատարյալ ուրվական»: 

Ուշագրավ է Պեչորինի աչքերի նկարագրությունը.  «…աչքերը չէին ծիծաղում, երբ դեմքը ծիծաղում էր: Դա կարող էր վկայել կամ չար էության, կամ խորը, մշտական թախիծի մասին»:
Պեչորինը յուրահատուկ տղամարդ է, գեղեցիկ, հմայիչ արտաքինով, հարուստ. նա կարող է համապատասխանել ցանկացած աղջկա երազած տղամարդու կերպարին: Զինովորական է և՛ կարգով, և՛ հոգով:  Նա ակտիվ կյանք է վարում, սիրում է «խառնվել» ուրիշների հարաբերություններին: Վեպի առաջին իսկ էջերից մենք տեսնում ենք հետաքրքրասեր Պեչորինին, որն ուզում է կյանքից հնարավորինս շատ բան վերցնել: Սկզբում ընթերցողը չի հասկանում նրա արարքների դրդապատճառները, նրան զարմացնում է երիտասարդի էքսցենտրիկ պահվածքը: Օրինակ՝ նա գողանում է իրեն դուր եկած աղջկան՝ առանց մտածելու հնարավոր հետևանքների մասին:


Հասարակության հետ պայքարում, սակայն, Պեչորինն աստիճանաբար կորցնում է իր ակտիվությունը, դառնում է անտարբեր, սառը դիտող: Եթե «Տաման» գլխում Գրիգորին աշխույժ ու հետաքրքրասեր երիտասարդ է, ապա «Մերի»-ում մենք տեսնում ենք նույնիսկ մանկամիտ, հոսքի հետ հավասար ընթացող մի մարդու, որին միայն Վերայի մեկնումն է արթացնում քնից՝ որոշ ժամանակով նրա մեջ առաջացնելով կյանքը փոխելու ցանկություն: Մենք տեսնում ենք հերոսի վիշտն ու հուսահատությունը.  «Վերային ընդմիշտ կորցնելու մտքից նա ինձ համար դարձավ ամենաթանկն բանն աշխարհում՝ կյանքից, պատվից, երջանկությունից էլ թանկ»: Ընթերցողն ակամա ուրախանում է՝ տեսնելով, որ Պեչորինը դեռ ապրում է, որ մարդը վերջնականապես չի մահացել նրա մեջ, որ նա դեռ ունակ է անկեղծ սիրելու: Այս պոռթկումը, սակայն,  շատ կարճ է տևում. մեր առջև կրկին զգոն, զուսպ, սառը ու թաքուն տառապող անհատ է:
Դրվագ վեպի 1965թ., էկրանավորումից

Չնայած հակասական բնավորությանն ու վառ արտահայտված էգոիզմի՝ Պեչորինը զուրկ չէ մարդկային դրական հատկանիշներից: Առաջին հերթին, նա խելացի ու կիրթ մարդ է, անալիտիկ ուղեղ ունի, անվերջ քննադատելով կողքիններին՝ նա քննադատորեն է դիտում նաև իր սեփական արարքները: Բացի այդ, Պեչորինը քաջ տղամարդ է, ինչը երևում է մենամարտի տեսարանում: Նա կարողանում է իսկապես սիրել, միանգամայն ազնիվ զգացմունքներ տածել հակառակ սեռի հանդեպ:
Բնությունը նրան բարի սիրտ է շնորհել, նա ընդունակ է մարդասեր արարքների: Այս ամենից հետո հարց է ծագում՝ ո՞վ է մեղավոր այն բանի համար, որ այս բոլոր հատկանիշները մահացել էին նրա մեջ: Միգուցե հասարակությունը, միգուցե՝ ինքը՝ Պեչորինը: 
Պեչորին, հեղինակ՝
Դ.Ա. Շմարինով, 1941թ.
Իր կրթության մասին խոսելով՝ Պեչորինը խոստովանում է, որ հոգնել է գիտությունից. այն մարդուն ո՛չ փառք է բերում, ո՛չ էլ երջանկություն: Նա ճանապարհորդում էր կյանքի աննպատակ օրերը վատնելու համար: Այնուամենայնիվ, Պեչորինը ունեցել է նպատակներ, որոնց թվում է եղել, մարդկային բնության, հնարավորությունների սահմանները բացահայտելը, ինչին հասնելու համար նա հոգեաբանական ու բարոյական փորձարկումների է ենթարկում իրեն և շրջապատող մարդկանց: Իր հերոսին ընթերցողի առջև բացահայտելու համար Լերմոնտովն օգտվում է ավանդական մեթոդից՝ սիրո ու ընկերության փորձություն է պատրաստում նրա համար: Պեչորինը չի անցնում ո՛չ առաջինի, ո՛չ երկրորդի միջով. նա հիասթափվում է Բելայի սիրուց, իսկ ընկերության անհրաժեշտություն երբեք չի տեսնում: Ըստ Պեչորինի՝ ընկերության մեջ ընկերներից որևէ մեկը մյուսի ստրուկն է: 
Լերմոնտովից առաջ ռուս գրականության մեջ դեռ ոչ ոք նման խորությամբ չէր վերլուծել մարդկային հոգեբանությունը:  

Ի վերջո, ինչպե՞ս է վերաբերվում իր հերոսին ինքը՝ Լերմոնտովը: Հեղինակի խոսքերով՝ Պեչորինն իր սերնդի արատներից կազմված կերպար է:  
Ինչ վերաբերում է վեպի մյուս հերոսներին, ապա նրանք հիմնականում ստեղծվել ու զարգացել են գլխավոր հերոսի կերպարը ավելի խորը բացահայտելու համար: 

Հոգեբանական և սոցիալական հարցադրումների խորությունը, սյուժեի և կերպարների հարստությունը, ձևի ու ոճի սեղմությունը, կառուցվածքային կատարելությունը «Մեր ժամանակի հերոսը» վեպը դասում են համաշխարհային արձակի արժեքավոր նվաճումների շարքին:

No comments:

Post a Comment