Sunday, 31 January 2016

Մոնտե-Կարլո օպերային թատրոն

      



      Մոնակոյի ճարտարապետությունը նշանավոր է ողջ աշխարհում, եւ Մոնտե-Կարլո օպերային թատրոնն, անկասկած, փոքրիկ այս պետության ամենատպավորիչ ճարտարապետական ստեղծագործություններից է, որը տպավորում է թե´ իր արտաքին տեսքով, թե´ ներքին շքեղությամբ ու ճարտարապետական հոյակերտ դետալներով:
     
      Օպերային այս թատրոնի պատմությունն անբաժանելիորեն կապված է Ֆրանսիայի հետ, որը մշտապես եղել է բարձր քաղաքակրթության ու մշակութային հարստության օրրան:
    XIX դարի վերջին Մոնակոն ղեկավարում էր Կառլոս III արքայազնը: Հենց նա  է  որոշում կառուցել Օպերային այս թատրոնը, որը պետք է գործեր որպես մասնավոր թատրոն եւ կոչված լիներ  պահպանելու ֆրանսիական մշակույթը:

        Կառլոս III արքայազնի հեռատեսության շնորհիվ 1850-ականներին Մոնակոն վերածվում է համաշխարհային հարստության ու շքեղության էպիկենտրոնի: Դրան նպաստում էր դքսության աշխարհագրական դիրքը, նրա քաղաքական ու ֆինանսական կարգավիճակը: Արքայազն Կառլոսն օգտվում է այդ առավելություններից, որոնց շնորհիվ Մոնակոյում կառուցվում է երկաթուղի, ինչը բավականին հեշտացնում է Ֆրանսիայի ու Իտալիայի հետ կապը: Մոնակոյի հիասքանչ կլիման գրավում էր Հյուսիսային Եվրոպայի բնակիչներին:
      
        Մոնակոյի հեքիաթային տեսքն իր արտացոլումն է գտել նաև Մոնտե-Կարլո հիասքանչ օպերային թատրոնի մեջ: Դրա ճարտարապետական նախագծի հեղինակն է Շառլ Գարնյեն, որն այս օպերայի կառուցումից քիչ ժամանակ առաջ ավարտել էր Փարիզի լեգենդար Գրանդ օպերայի կառուցումը:
      
Մոնտե-Կարլո օպերային թատրոնը գտնվում է Միջերկրական ծովի ափին: Շինարարական աշխատանքները տևել են ընդամենը վեց ամիս, որի ընթացքում կառույցի վրա աշխատել են իտալացի չորս հարյուր վարպետներ: Արդյունքում ստացվել է Երկրորդ կայսրության ոճի կառույց` շքեղորեն զարդարված աշտարակներով ու քանդակներով, որոնց հեղինակներն են Գուստավ Դորեն եւ Սառա Բերները:

    Մոնտե-Կարլոյի «Գարնյե Սրահի» բացումը, որը կառուցվել էր Փարիզի Գրանդ օպերային թատրոնի «Գարնյե Պալատ»-ի ոճով, տեղի է ունենում 1879թ. հունվարին: Բացմանը բեմադրվում է յուրօրինակ ներկայացում, որն իր մեջ ներառում էր բալետ, գործիքային երաժշտություն, օպերա եւ Սառա Բարների գեղարվեստական ասմունքը: Այս ներկայացումն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի հետագայում օպերային այս թատրոնում բեմադրվեն զանազան ժանրեր ներառող ներկայացումներ բեմադրվեն:
      
    Առաջին օպերան, որը բեմադրվել է այս թատրոնում, Ժան Պլանկետտայի «Շեվալյե Գաստոն» օպերան է: 1880-ականներին Մոնտե-Կարլո օպերան համաշխարհային հռչակ է ձեռք բերում ի շնորհիվ Ալբերտ Առաջին արաքայազնի ամերիկուհի կնոջ` Ալիս Հեյնի եւ թատրոնի տնօրեն նշանակված Ռաուլ Գյունսբուրգի ջանքերի միավորման:
        Իր գոյության 120-ից ավելի տարիների ընթացքում այս թատրոնի բեմում տեղի են ունեցել համաշխարհային օպերայի ութսունից ավելի պրեմիերաներ, այդ թվում`ՋՊուչչինիի «Ծիծեռնակ», Մ. Ռավելյայի «Մանուկը եւ կախարդանքը», Սեն-Սանսի «Դեյարինա» օպերաները եւ այլն:
         Մոնտե-Կարլոյում բալետի պատմությունն սկսվում  է 1911թ.-ից, երբ այստեղ սկսում է հանդես գալ Դյագիլևի` մինչ այդ Ռուսական բալետում հանդես եկող խումբը:

         Խումբն իր գործունեությունը շարունակում է մինչև Դյագիլևի մահը` 1929թ.:

     Հետագայում, մասնավորապես` 1932թ., կոմսությունում կազմավորվում է  բալետային նոր խումբ, որը գործում էր տարբեր անվանումներով եւ որն  իր գործունեությունը ծավալում է մինչև 1962-63թթ.:Les Ballets de Monte-Carlo անվանումը կրող  նոր խումբը պաշտոնապես ստեղծվում  է  1985թ.:











No comments:

Post a Comment