Sunday 21 February 2016

Գարի Մուր




          Գարի Մուր (իսկական անունը` Ռոբերտ Ուիլիամ Գարի Մուր)` լեգենդար կիթառահար, վոկալիստ եւ կոմպոզիտոր: Ծնվել է 1952թ. ապրիլի 4-ին  Հյուսիսային   Իռլանդիայի  բնակչության   թվով   երկրորդ   խոշոր քաղաքում` Բելֆաստում:
       Իր ավելի քան քառասունամյա գործունեության ընթացքում նա նշանակալի ավանդ է ունեցել բլյուզ-ռոք ժանրի զարգացման ու կատարելագործման մեջ: Իր ողջ կյանքի ընթացքում նա չի երկնչել շատ այլ նշանավոր կամ ոչ նշանավոր կատարողներից վարպետության դասեր վերցնել: Գարի Մուրը չի դադարել սովորել եւ փորձարարություններ անել անգամ լինելով փառքի գագաթնակետին: Տքնաջան այդ աշխատանքի արդյունքում էլ ձևավորվում է նրա անկրկնելի լիրիկական ոճը, որն արդեն ավելի քան չորս տասնամյակ ունկնդրի մեջ արթնացնում է երբեմն ամենահակասական զգացողություններ, որոնք ներդաշնակորեն ձուլվում են կիթառային սոլոյին:
     

       Կիթառահարի բնատուր տաղանդը Մուրի մեջ արթնանում է շատ վաղ հասակում: Դեռ երեխա հասակում նա սկսում է սովորել ակուստիկ կիթառ նվագել, եւ ինչպես հենց ինքն էր պատմում. «ընկերս ինձ ցույց տվեց միայն մեկ ակորդ, իսկ հետո ամեն ինչ ստացվեց ինքնաբերաբար»:

       Տասնաչորս տարեկան հասակում նա արդեն յուրացնում է  էլեկտրոնային կիթառ նվագելու հմտությունը: Զարմանալի փաստ էր այն, որ Գարին, լինելով ձախլիկ, սովորել էր նվագել սովորական «աջլիկ» կիթառներով:

        Նրա կողմից հիմնադրված առաջին խումբը «Granny’s Intentions» դպրոցական խումբն էր: 60-ականներին Գարին, իր հասակակիցներից շատերի նման, տարվում է լեգենդար Էլվիս Փրեսլիի եւ ոչ պակաս լեգենդար բրիտանական քառյակի` «The Beatles»-ի ստեղծագործություններով: Բայց բլյուզ-ռոք նա սկսում է  նվագել միայն այն բանից հետո, երբ ներկա է գտնվում ժանրի այնպիսի նշանավոր կատարողների համերգներին, ինչպիսիք են Ջիմ Հենդրիքսն ու Ջոն Մեյոլլը:
       Իր երաժշտական կարիերան Գարի Մուրն սկսում  է 1968թ., երբ ստեղծում է  «Skid Row» բլյուզռոքային խումբը: Խմբի կազմի մեջ էին մտնում վոկալիստ Ֆիլ Լայնթոնը, բաս-կիթառահար Բրենդան Շիլդսը եւ թմբկահար Նոել Բրիջմենը: Սակայն խումբը երկար կյանք չի ունենում, եւ վոկալիստ Ֆիլ Լայնթոնի հեռանալուց հետո Մուրը հիմնադրում է «Dr. Strangely Strange» խումբը` ձայնագրելով երկու ալբոմ:
     

          1973թ. նա ստեղծում է  «The Gary Moore Band» խումբը, որի կազմի մեջ էին մտնում Ջոն Կյորտիսն ու Փիրս Քելլին: Մուրի ամենաառաջին ստեղծագործությունների ոճը մեծամասամբ հանդիսանում էր Ջեֆ Բեկի ստեղծագործությունների երաժշտական վարիացիան, իսկ 1970-ականների կեսերին, ենթարկվելով Կառլոս Սանտանայի ազդեցությանը, Մուրը կարողանում է մշակել կատարման իր սեփական ձևը:

       1974թ. Ֆիլ Լայթոնը Գարի Մուրին հրավիրում է  «Thin Lizzy» խումբԷրիկ Բելլի փոխարեն հանդես գալու, սակայն չորս ամիս անց Մուրը լքում է խումբն ու սկսում հանդես գալ «Colosseum II» խմբում: Այդ տեղափոխությունը Մուրին առավելագույն հնարավորություն է  տալիս իրականացնելու ինքնուրույն նախագծեր: 1976թ. եւ 1977թ. թողարկված ալբոմները ներառում են նրա վոկալային պարտիաները: «Colosseum II»-ում իր գործունեության ընթացքւոմ խումբը ձայնագրում է երեք ալբոմ: Հարկ է  նշել, որ այս խմբում գործել են շատ այլ կատարողներ, որոնք հետագայում կարողացել են ստեղծել իրենց սեփական ինքնուրույն նախագծերը, եւ Գարի Մուրն էլ բացառություն չէր ու երազում էր ստեղծել իր սոլո նախագծերը:
      1977թ. հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Մուրը կրկին հանդես է գալիս «Thin Lizzy» խմբում, որոշ ժամանակ անց` կրկին  «Colosseum II»-ում: 1978թ. վերջին, երբ փլուզվում է «Colosseum II»-ը, Մուրը նորից վերադառնում է «Thin Lizzy», որը լքում է  մեկ տարի անց, երբ մեծ հաջողությամբ թողարկվում է նշանավոր «Parisienne Walkways» կատարումը:

      1979—1980թթ. նրա երաժշտական հաջորդ նախագիծն է դառնում «G-FORCE» ռոք խմբի կազմում ձայնագրված համանուն ալբոմը: Խմբի կազմի մեջ էին մտնում վոկալիստ Տոնի Նյուտոնը, բաս-կիթառահար Ուիլի Դին, թմբկահար Մարկ Նոսիֆը: Բայց, չնայած հսկայական ջանքերին` ցանկալի արդյունքին հասնել չէր հաջողվում, եւ «G-FORCE» խումբը դադարեցնում է իր գործունեությունը 1982թ-ին:
      1982թ. վերջին Մուրը համագործակցության առաջարկ է  ստանում Virgin Records ընկերության կողմից: Նա հիմնադրում է  նոր խումբ, որտեղ հրավիրում է հանդես գալու հարդ-ռոք ոճի կատարողների` թմբկահար Յեն Փեյսին, բաս-կիթառահար Նիլ Մյուրեին, ստեղնաշարային գործիքահար Դոն Էյրիին եւ վոկալիստ Չարլի Խուանին:Միասին նրանք թողարկում են Անգլիայում իրենց  առաջին ամենահայտնի «Corridors of Power»  ալբոմը, որը թողարկվում է 250000: Տեսականորեն, հենց այդ պահից էլ սկսվում է Գարի Մուրի փառքի ուղին:

      
 Հետագայում լայն տարածում են գտնում նրանց 
«Dirty Fingers» (1984) եւ «Run for Cover» (1985) ալբոմները: 90-ականների սկզբին Մուրը ձայնագրում է նոր  «Still Got The Blues» ալբոմը, ու այդ պահից սկսած Մուրի ոչ մի համերգ չի անցնում առանց լեգենդար այդ հիթի«Still Got The Blues»-ի կատարման: Հետագայում` գրեթե յոթ տարի անց, թողարկվում է նրա «After Hours» (1997) ալբոմը, ինչպես նաև Ջեկ Բրյուսի եւ Ջինջեր Բեյքերի հետ համատեղ ձայնագրած «ВВМ_ Around The Next Dream» ալբոմը` ստեղծված բրիտանական «Cream»  մեգախմբի ավանդական ոճով: Մուրը թողարկում է նաև լեգենդար բլյուզ-ռոք կիթառահար Պիտեր Գրինին նվիրված «Blues For Greeny» ալբոմը:

       1997թ. թողարկված «Dark Days in Paradise» ալբոմը երկակի արձագանք է գտնում Մուրի ունկնդիրների շրջանում:Նրանք սխալմամբ մտածում էին, որ Մուրը կիթառը երկրորդ պլան է մղել, քանի որ այս ալբոմում Մուրն առավելապես հանդես էր գալիս որպես վոկալիստ: Բացի այդ, ալբոմը ոճական առումով հիշեցնում էր ամերիկացի կիթառահար Կառլոս Սանտանայի եւ բրիտանացի կիթառահար Էրիկ Կլեպտոնի ստեղծագործությունները:
       Մուրի «A Different Beat»(1999) սկավառակը հիշեցնում էր բլյուզ-ռոքի էլեկտրոնային տարբերակ: Մուրն այդ շրջանում տարվել էր էլեկտրոնային հնչողության հիման վրա արված էքսպերիմենտներով: Նրա սոլո կիթառը բավականին կոշտ բրեյքբիթի համադրությամբ ընդունվում է բազմակողմանիորեն. թեˊ որպես նորարարական համարձակ քայլ առաջ, թեˊ բլյուզ-ռոքի երբեմնի հեղինակությունը վերականգնելու ձգտում, թեˊ նոր սերնդի բլյուզ-ռոքի ձևավորման փորձ:
      

        Կյանքի վերջին երկու-երեք տարիներին Գարի Մուրն զբաղված էր իր գործունեության մասին պատմող փաստագրական ֆիլմի ստեղծման աշխատանքներով, որը պատմելու էր նաև այն երաժիշտների մասին, որոնց հետ նա աշխատել էր ու իր կյանքի միակ տարերք- երաժշտության` բլյուզ-ռոքի մասին: Ֆիլմը պետք է ցուցադրվեր 2011-ին, սակայն ողբերգական պատահականությամբ ֆիլմն այդպես էլ ավարտին չի հասցվում:

         Գարի Մուրը մանահում է  2011թ. հունիսի 2-ին, 58 տարեկան հասակում, Իսպանիայի Էստեպոնա փոքրիկ լողափնյա քաղաքի հյուրանոցներից մեկում: Որպես մահվան պաշտոնական վարկած` նշվում է  սրտի կաթվածը, սակայն որոշ աղբյուրների համաձայն` հետագա քննությունը ցույց է տալիս, որ սրտի կաթվածի պատճառ է դարձել ալկոհոլի մահացու չափաբաժինը:
   Լեգենդար կիթառահարը թաղվում է Անգլիայի Բրայթոն փոքրիկ գյուղի գերեզմանոցում" Բրայթոնում  նա ընտանիքի հետ բնակվում էր վերջին տասնհինգ տարվա ընթացքում:


         Մուրը չորս երեխաների հայր էր: Նրա դստեր` Լիլիի հաժեշտի վերջին խոսքերն էին. «Հայրս ծաղկավոր վերնաշապիկով մարդ էր, որը մանկանը բնորոշ հատկություններ ուներ եւ շատերի համար ներշնչանքի աղբյուր էր, որին ուղղակի հնարավոր չէ մոռանալ…»:

No comments:

Post a Comment