Sunday 7 February 2016

Ավստրիայի ազգային գրադարան


Ավստրիայի ազգային գրադարանը երկրի խոշորագույն գրադարանն է: Գտնվում է Վիեննայի Հոֆբուրգ դղյակում: 

Աշխարհի ամենաճոխ գրադարաններից մեկի պատմությունը սկսվում է միջնադարից` դուքս Ալբրեխտ Երրորդի (1349-1395թթ.) գրքերի անձնական հավաքածուից, որի մեջ ընդգրկված էին նաև մի շարք ստեղծագործությունների` հատուկ նրա պատվերով կատարված թարգմանություններ (լատիներենից գերմաներեն): Կայսր Ֆրիդրիխ Երրորդն (1415-1493թթ.) իր հերթին համալրել է հավաքածուն մի շարք արժեքավոր գրքերով: Հոֆբուրգի մատուռում պահվող այս գրադարանի «բարգավաճման» մեջ մեծ ավանդ է ունեցել հատկապես Մաքսիմիլիան Առաջին կայսրը (1459-1519): Նրա երկրորդ կինը՝ Բիանկա Մարիա Սֆորցան, ամուսնանալիս Իտալիայից բազմաթիվ գրքեր է բերում, որոնց մեծ մասը կայսրը նվիրաբերում է գրադարանին:
Մասքիմիլիան Առաջինի մահվանից հետո գրադարանը պահվում էր Ավստրիայի Ինսբրուք քաղաքում: Այս ժամանակ հավաքածուի տեսականին ավելի բազմազան էր դարձել. այն ներառում էր ավստրիացի գիտնականների գիտական աշխատություններ, տարատեսակ գլուբուսներ, քարտեզներ: Նմուշների թիվը շարունակում էր աճել հատկապես հարուստ քաղաքացիների անձնական հավաքածուներից նվիրատվությունների շնորհիվ: 
1575թ.-ի դրությամբ գրադարանի հավաքածուն արդեն ներառում էր 9000 գիրք` բոլորն էլ արժեքավոր ու եզակի: Դրանց հետևելու համար անհրաժեշտ է լինում աշխատանքի հրավիրել առաջին գրադարանավարին: 

Ֆերդինանդ Երկրորդ կայսեր հրամանով՝ 1624թ.-ից սկսած կառավարությունը մշտական միջոցներ է հատկացնում գրադարանի ծաղկեցման համար: 
1722թ. Կառլ Վեցերորդը հրամայում է կայսերական գրադարանի համար առանձին սրահ կառուցել Հոֆբուրգում: Հավաքածուի հաջորդ խոշոր համալրումը կատարվում է արքայազն Եվգենի Սավոյսկու ջանքերով: Նրա կազմակերպած գրքահավաքի շրջանակներում հաջողվում է գրադարանի հավաքածուին ավելացնել մոտ 15 000 գիրք՝ մեծ մասամբ բերված Իտալիայից և Ֆրանսիայից: Այս ժամանակ է կատարվում նաև հավաքածուի առաջին խոշոր համակարգումն ու նյութերի խմբավորումը: 

Ավստրիայի՝ հանրապետություն հռչակվելուց հետո (1920թ.) Կայսերական գրադարանը վերանվանվեց Ավստրիայի ազգային գրադարան: Հատկանշական է, որ շինության սկզբնական շրջանի ճարտարապետական լուծումը թույլ է տալիս ենթադրել, որ ի սկզբանե գրադարանի մուտքի իրավունք են ունեցել միայն ընտրյալները, քանի որ մուտքը եղել է միայն Շվեյցարական բակի կողմից: Սակայն հետագայում գրադարանն ընդլայնել են ու ավելացրել շքամուտք: 

Հոֆբուրգի ամենանշանավոր հատվածներից մեկն ապշեցնում է իր հարստությամբ ու ներկայացնում պատմության միջով մի իսկական ճամփորդություն: Ընդհանուր առմամբ Ազգային գրադարանի հավաքածուն կազմված է մոտ 7,5 մլն. նմուշից: Բացի բազմաթիվ արժեքավոր գրքերից, գրադարանը հարուստ է հնագույն պապիրուսներով (դրանցից ամենահինը վերագրվում է մ.թ.ա. XV-րդ դարին), վաղեմի ձեռագրերով, գլոբուսներով, քարտեզներով, լեգենդար անձանց ինքնագրերով, հայտնի երգահանների պարտիտուրներով և այլն: Այստեղ է պահվում նաև այնպիսի եզակի նմուշ, ինչպիսին է Գուտենբերգի 1455թ. Աստվածաշունչը: Վերջապես, Ազգային գրադարանը կարող է հպարտանալ իր ինկունաբուլաների հավաքածուով՝ մոտ 8000 օրինակ: 
Ավստրիայի ազգային գրադարանն աշխարհի ամենաճոխ, հայտնի ու արժեքավոր գրադարաններից մեկն է:








No comments:

Post a Comment