Հադես և Պերսեփոնե |
Հադեսն ու եռագլուխ Կերբերը |
Հադեսի թագավորություն՝ Հին Հունաստանում մեռյալների հոգիների թագավորությունը երկրի ընդերքում՝ լի խավարով ու սարսափներով: Այս թագավորության մեջ, ուր չեն հասնում երկրային կյանքի ո՛չ լույսը, ո՛չ հրճվանքը, ո՛չ էլ թախիծը, իշխում է Զևսի դժնադեմ եղբայր Հադեսն իր կնոջ՝ Պերսեփոնեի հետ միասին: Պերսեփոնեն՝ ընդերքի, ծլարձակման, պտղաբերության աստվածուհին, Զևսի և Դեմետրայի դուստրն է, որին Հադեսն առևանգել է ու դարձրել ստորերկրյա աշխարհի թագուհին: Նրանց ոսկեղեն գահի մոտ բազմում են մեռյալների թագավորության դատավորներ Մինոսն ու Հռադամանթոսը: Այստեղ է նաև մահվան աստված Թանատոսը՝ սուրը ձեռքին, սև թիկնոցով, լայնատարած սև թևերով: Անդրշիրիմյան պաղություն է փչում այդ թևերից, երբ Թանատոսը թռչում է մահամերձի մահճի մոտ, որպեսզի իր սրով մի փունջ մազ կտրի նրա գլխից և հափշտակի հոգին: Թանատոսի կողքին են մռայլատես Կերերը. նրանք մոլեգնորեն սավառնում են ճակատամարտի դաշտերով և հրճվում են՝ տեսնելով, թե ինչպես են մեկը մյուսի հետևից հերոսներն ընկնում: Իրենց շառագույն շուրթերով հպվում են նրանց վերքերին, ագահորեն ըմպում ընկածների տաք արյունը և մարմինների միջից դուրս կորզում նրանց հոգիները:
Քարոնը հոգիներ է տեղափոխում
Հեղինակ՝ Ա. Լիտովչենկո
|
Քարոնն ու Աքերոն գետը |
Պերսեփոնե |
Մթամած գետեր են հոսում Հադեսի թագավորությունում. այստեղով է հոսում նաև Ստիքս սրբազան գետը, որի ջրերով են երդվում աստվածները: Մեռյալների թագավորությունում են ալիք տալիս Կոկիտոսն ու Աքերոնը. հանգուցյալների հոգիների հեծեծանքները՝ թախծալից ու վշտալի, հնչում են նրանց մռայլ ափերին: Այստեղ են ցայտում նաև ամենայն երկրայինը մոռացության մատնող Լետա աղբյուրի ջրերը:
Թանատոսն ու Հիպնոսը Ջ. Ուիլյամ Ուոթերհաուս |
Բերնինի
«Պերսեփոնեի
առևանգումը»
|
Հադեսի խավարչտին թագավորության մեջ սավառնում են նաև երազների աստվածները: Նրանց մեջ կան իմաստուն և հրճվալից երազներ տվող աստվածներ, բայց կան նաև այնպիսիները, որոնք մարդկանց ճնշող, երկյուղով համակող ու տանջալից երազներ են բերում: Կան և կեղծ ու պատիր երազների աստվածներ, որոնք մարդկանց մոլորության մեջ են գցում, հաճախ էլ՝ կորստյան մատնում:
Հադեսն առևանգում է Պերսեփոնեին |
Էրինիները հետապնդում են Օրեստեսին Ուիլյամ Բուգրո |
Տիցիան «Սիզիփոսի պատիժը» |
Սոսկալի է Հադեսի թագավորությունը և ատելի է մարդկանց: Ստորերկրյա աստվածները մարմնացրել են բնության ուժերը և շատ ավելի հին են, քան Օլիմպոսի աստվածները:
Հադեսն առևանգում է Պերսեփոնեին |
Օրփեոսն անդրաշխարհում |
Քարոնի նավը Լուկա Ջորդանո |
Քարոնն ու հոգիները |
Աղբյուրը՝ Ն.Ա.Կուն «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները»
No comments:
Post a Comment