Monday, 4 August 2014

Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոն վանքը

Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոն վանքը գտնվում է Խերես դե լա Ֆրոնտերայում (Կադիս, Իսպանիա): 15-րդ դարում ուշ գոթական ոճով կառուցված այս վանքը Կադիսի ամենաարժեքավոր ու նշանավոր կառույցներից է: Գեղեցիկ այս շինության ստեղծումը նախաձեռնել է Ալվարո Օբերտոս դե Վալետոն` խերեսցի մի ասպետ, որն այդ ժամանակ զբաղվում էր թագավոր Ալֆոնսո 10-րդի գլխավորությամբ 1264թ. արաբներից ետ գրաված տարածքների պաշտպանությամբ ու հսկողությամբ: 


1475թ. Օբերտոն տեղափոխվում է Գուադալետե գետի մերձակա տարածք` որոշելով այդտեղ Սուրբ Մարիամին (Սանտա Մարիային) նվիրված սրբավայր կառուցել: 17-րդ դարի վերջում եկեղեցին արդեն իր նախնական տեսքը ստացել էր, սակայն վերջնական ծրագիրը դեռ իրագործված չէր: 






Հետագայում (1667թ.) ավարտվում է եկեղեցու ճակատային մասի կառուցումը` արդեն բարոկկո ոճով: 
1810թ. եկեղեցին զգալի վնասներ է կրում` կապված ֆրանսիական նվաճումների հետ: Ֆրանսիական զորքի մոտենալը ստիպում է Սանտա Մարիա դե լա Դեֆենսիոնի վանականներին լքել եկեղեցին: Վերադառնալուց հետո վերջիններս այն հայտնաբերում են գրեթե ավիրված ու թալանված վիճակում: Հետագայում, իհարկե, մենաստանը վերականգվել է ու այժմ հատուկ վերահսկողության տակ է գտնվում: Այս վանքում հայտնաբերված արվեստի արժեքավոր գործերի շարքում պետք է ընդգծել Ոսկեդարի իսպանացի հայտնի գեղանկարիչ Ֆրանսիսկո դե Սուրբարանի կտավները, որոնք այժմ պահվում են Կադիսի տարբեր թանգարաններում:




No comments:

Post a Comment