Friday, 1 August 2014

Ռոմանս

Ռոմանսը կամերային երաժշտա-բանաստեղծական ստեղծագործություն է ՝ գրված  ձայնի համար՝ գործիքի նվագակցությամբ: Ի տարբերություն երգի, ռոմանսի երաժշտությունը բանաստեղծության ընդհանուր տրամադրության արտահայտումից բացի, հետևում է տեքստի մանրամասներին, բացահայտում հույզերի նրբին փոփոխումները, նվագակցության դերն ավելի մեծ է, հաճախ՝ ձայնի նշանակությանը հավասար: Ռոմանս տերմինը ծագել է Իսպանիայում, դեռևս միջնադարում, և սկզբնապես նշանակել  է աշխարհիկ երգ՝ գրված ոչ թե լատիներեն (հոգևոր երգերի լեզուն), այլ՝ իսպաներեն (ռոմաներեն):Ռոմանսի ժանրային տարարտեսակներն են  բալլադը, եղերերգը, բարակարոլը և այլն: Ռոմանսային բանաստեղծությունը զուրկ է ժանրային հաստատուն հատկանիշներից: Սովորաբար հանգավոր, տների բաժանված, քնարական ոչ մեծ ստեղծագործություն է: Ռոմանսը՝ որպես երաժշտաբանաստեղծական սինթետիկ ժանր, զարգացել է  18-րդ դարի 2-րդ կեսից, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում: Ռոմանսի հիմնական թեման մարդու հոգեկան ապրումներն են՝ իրենց նրբերանգներով: Կազմավորվել են ռոմանսի ավստրոգերմանական (Ֆ. Շուբերտ, Ռ. Շուման, Յո. Բրամս), ֆրանսիական  (Հ. Բեռլիոզ,  Շ. գունո, Ժ Բիզե), ռուսական (Մ. Գլինկա, Ա. Դարգոմիժսկի, Ն. Ռիմսկի-Կորսակով, Պ. Չայկովսկի, Ս. Ռախմանինով) դպրոցներ: 
Դասական ռոմանսի կողքին զարգացել է կենցաղային ռոմանսը, որը, նախատեսված լինելով սիրողական երգիչների կատարման համար, ավելի պարզ ու մատչելի էր, ոճական տեսակետից՝ երգին ավելի մոտիկ:Հաճախ կոմպոզիտորները մի քանի ռոմանսներ միավորում են մեկ շարքում՝ հիմք ընդունելով գաղափարի և կերպարի ընդհանրությունը, կամ մեկ բանաստեղծին բազմակողմանի ընդգրկելու նպատակը: Առաջին շարքի հեղինակն է Լ. Բեթհովենը («Հեռավոր սիրուհուս», 1816): Երբեմն ռոմանս են անվանում ջութակի, թավջութակի և այլ նվագարանների համար գրված երգուն բնույթի գործիքային պիեսները:Հայկական ռոմանսի զարգացմանը մեծապես նպաստել են Ա. Սպենդարյանը՝ կերպարային բովանդակության հարստացման, ժանրի և երաժշտական ձևի բազմազանեցման, Ռ. Մելիքյանը՝ ազգային ոճի բյուրեղացման գործում:

No comments:

Post a Comment