Tuesday 19 May 2015

Ալեքսանդր Պուշկին



    
Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին  (1799 թ., Մոսկվա-1837 թ., Սանկտ Պետերբուրգ)՝  XIX դարի ռուսական մշակույթի մեծագույն  ներկայացուցիչներից, ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիրըՆրա ստեղծագործությունը համաշխարհային գրականության լավագույն էջերից է:
     Ալեքսանդր Պուշկինը սերում է ազնվականական տոհմից: Նախնական կրթությունն ստացել է տանը, 1811–17 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի մերձակա Ցարսկոյե Սելոյի (այժմ՝ քաղաք Պուշկին) պետական լիցեյում, գրել առաջին բանաստեղծությունները: 1817–20 թթ-ին աշխատել է արտաքին գործերի կոլեգիայում, մասնակցել գրական-հասարակական կյանքինԱրզամաս», «Կանաչ լամպ» գրական խմբակներ), ձեռք բերել գրական համբավ:

Իլյա Ռեպին  «Պուշկինը Ցարսկոե Սելոյում» 1911թ.
Պուշկինի աշխարհայացքի ձևավորման համար որոշիչ դեր են ունեցել ռուս ժողովրդի հաղթանակը 1812 թ-ի Հայրենական պատերազմում և 1810-ական թվականների կեսից ցարական ինքնակալության ու ճորտատիրության դեմ սկսված հեղափոխական (դեկաբրիստական) շարժումը: «Ազատություն» (1817 թ.), «Գյուղը» (1817 թ.), «Չաադաևին» (1818 թ.) և այլ բանաստեղծություններում փառաբանել է ազատությունը, նշավակել բռնությունը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան աքսորել է Ռուսաստանի հարավ (Եկատերինոսլավ, Կովկաս, Ղրիմ, Քիշնև, Օդեսա), որտեղ մնացել է 4 տարի (1820–24 թթ.): Ստեղծագործական առումով դա պուշկինյան ռոմանտիզմի ծաղկման շրջանն է. գրել է «հարավային պոեմները»՝ «Կովկասի գերին» (1820–21 թթ.), «Ավազակ եղբայրները» (1821–22 թթ.), «Բախչիսարայի շատրվանը» (1823 թ.), «Գնչուներ» (1824 թ.) և այլ գործեր, որոնց ուժեղ ու հպարտ հերոսները հակադրվում են իրականությանը, պայքարում անհատի և հասարակության ազատության ու իրավունքների համար:

    1824–26 թթ-ին Պուշկինն ապրել է Պսկովի նահանգի Միխայլովսկոյե գյուղում՝ տեղական իշխանության մշտական հսկողության տակ: Այս շրջանում նա գրել է «Կոմս Նուլին» (1824 թ.) պոեմը, «Բորիս Գոդունով» (1825 թ.) պատմական ողբերգությունը և այլ գործեր, որտեղ վերջնականապես անցում է կատարել ռեալիզմին, ստեղծել կյանքի օբյեկտիվ, իրական պատկերը, բազմակողմանի, հանգամանքների թելադրանքով գործող ու զարգացող բնավորություններ, պատմական անհատներին և նրանց արարքները բնութագրել աշխատավոր մարդու տեսանկյունից:

Աքսորավայրում իմանալով դեկաբրիստների աքսորի և 5 ղեկավարների մահապատժի մասին՝ Պուշկինը, հավատարիմ իր ազատասիրական գաղափարներին, համարձակորեն նրանց հղել է չափածո ուղերձ՝ «Ի Սիբիր» (1827 թ.):

Պյոտր Կոնչալովսկի «Պուշկինը Միխայիլովսկում»
    1825–30-ական թվականների ստեղծագործությունները Պուշկինի հանճարի բարձրագույն արտահայտությունն են: 1830 թ-ին Նիժնի Նովգորոդի նահանգի Բոլդինո գյուղում 3 ամսվա ընթացքումբոլդինյան աշուն») ստեղծել է տարբեր ժանրերի շուրջ 50 երկ, այդ թվում՝ «փոքր ողբերգությունները»՝ «Ժլատ ասպետը», «Մոցարտը և Սալիերին», «Քարե հյուրը», «Խրախճանք ժանտախտի պահին» և այլն, որոնք առաջնակարգ տեղ ունեն ռուսական դրամատուրգիայի և հոգեբանական ռեալիզմի պատմության մեջ: Այստեղ Պուշկինն ավարտել է իր գլուխգործոցը՝ «Եվգենի Օնեգին» (1823–31 թթ.) չափածո վեպը, որը, Բելինսկու բնորոշմամբ, ռուսական կյանքի գեղարվեստական հանրագիտարան է: Վեպում անհատի հակամարտությունն իրականության հետ և նրա հոգեկան դրաման ներկայացված են 1810–20-ական թվականների հասարակական կյանքի համայնապատկերում: Հանձին վեպի հերոսուհի Տատյանայի՝ Պուշկինն ստեղծել է իր «սիրելի իդեալը»՝ ռուս կնոջ բացառիկ ամբողջական, բարոյապես վսեմ ու հմայիչ կերպարը:
Օ. Ա. Կիպրենսկի «Պուշկինի դիմանկարը» 1827թ.

Պետրոս I Մեծ ցարի կյանքին ու գործունեությանը, նրա մեծ բարեփոխումներին են նվիրված «Պոլտավա» (1828 թ.), «Պղնձե հեծյալը» (1833 թ.) պոեմները, «Պետրոս Մեծի սևամորթը» (1827 թ.) անավարտ վեպը, «Պետրոսի պատմությունը» (1835 թ.) աշխատասիրությունը: «Պղնձե հեծյալը» գրողի ամենաբարդ և խորիմաստ երկերից է. փառաբանելով Պետրոս Մեծի գործունեության պատմական նշանակությունը՝ Պուշկինը միաժամանակ ցույց է տվել համապետական շահերի ու «փոքր մարդու» իրավունքների հակասությունը, որից և ծնվում է պոեմի հերոսի՝ Եվգենիի ողբերգությունը:

    1830-ական թվականներին Պուշկինը հաճախ է դիմել գեղարվեստական արձակին՝ դառնալով ռուս ռեալիստական արձակի սկզբնավորողը. գրել է «Բելկինի պատմվածքները» (1830 թ.), «Պիկովայա դամա» (1833 թ.) վիպակը, «Դուբրովսկի» (1832–33 թթ.), «Կապիտանի աղջիկը» (1833–36 թթ.) վեպերը, «Պուգաչովի պատմություն» (1833 թ.) ուսումնասիրությունը և այլ երկեր:

Պուշկինը բազմիցս անդրադարձել է ժողովրդական բանահյուսության սյուժեներին ու կերպարներին, մշակել դրանք՝ ստեղծելով կատարյալ գործեր: Հիշարժան են «Ռուսլան և Լյուդմիլա» ռոմանտիկական պոեմը (1820 թ.), «Տերտերն ու իր Բալդի ծառան» (1830 թ.), «Սալթան թագավորի հեքիաթը» (1831 թ.), «Քնած դշխուհին և յոթ քաջերը» (1833 թ.), «Հեքիաթ ձկնորսի և ձկնիկի մասին» (1833 թ., հայերեն՝ 1884 թ-ին՝ «Ոսկե ձկնիկ» վերնագրով) չափածո հեքիաթները և այլ ստեղծագործություններ, որտեղ, հարազատ մնալով բանահյուսության ոճական ու ժանրային յուրահատկություններին, արտացոլել է ռուս ժողովրդի կենցաղը, աշխարհընկալումն ու մտածելակերպը

     Ռուսական գրականության առաջավոր ուժերը համախմբելու և պաշտոնական քաղաքականությանը հակադրվող գրական շարժում ստեղծելու նպատակով «Լիտերատուրնայա գազետա» թերթում և իր հիմնադրած «Սովրեմեննիկ» (1836 թ.) ամսագրում Պուշկինը հանդես է եկել հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներով:

    
Ա.Ա. Գորբով «Պուշկինի դուելը Դանտեսի հետ
Կյանքի
վերջին տարիներին Պուշկինի համար ավելի անտանելի էին արքունական-ազնվականական միջավայրի խարդավանքները, և ի վերջո դարձել է դրանց զոհը: 1837 թ-ի հունվարի 27-ին  ֆրանսահպատակ Ժորժ Դանտեսի հետ մենամարտում մահացու վիրավորվել է և 2 օր անց վախճանվել:

Պուշկինի երկերը թարգմանվել են աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Նրա ստեղծագործությունը մշտապես ռուս և համաշխարհային գրականության ուշադրության կենտրոնում է: Պուշկինագիտությունը ռուս գրականության ամենաընդգրկուն ճյուղերից է և իր զարգացման բոլոր փուլերում պայմանավորվել է ազգային գրականության, պատմության, տեսության կարևորագույն հանգուցային հարցերով:

      Պուշկինի ստեղծագործությունների հիման վրա նկարահանել են կինոնկարներՊիկովայա դամա», 1910, 1916 և 1982 թթ., «Եվգենի Օնեգին», 1911 և 1958 թթ., «Հեքիաթ Սալթան թագավորի մասին», 1943, 1966 և 1984 թթ., «Կապիտանի աղջիկը», 1959 թ., «Ռուսլան և Լյուդմիլա», 1972 թ., «Բորիս Գոդունով», 1986 թ., «Օնեգին», 2000 թ., և այլն), գրել են օպերաներՌուսլան և Լյուդմիլա», 1842 թ., «Ջրահարսը», 1856 թ., «Բորիս Գոդունով», 1869 թ., «Պիկովայա դամա», 1891 թ., «Ոսկե աքաղաղը», 1908 թ., «Դուբրովսկի», 1984 թ., և այլն) ու բալետներԿովկասի գերին», 1823 և 1938 թթ., «Բախչիսարայի շատրվանը», 1934 թ., «Պղնձե հեծյալը», 1949 թ., և այլն), ստեղծել են կերպարվեստի գործեր:


Ա. Կովալչուկ «Պուշկինը եւ Օնեգինը»
Պուշկինի կապերը հայ իրականության հետ խորն են ու բազմազան: 1829 թ-ին նա եղել է Հայաստանում, որի մասին մանրամասն գրել է «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (1835 թ.) գրքում: Նրա գրեթե բոլոր գեղարվեստական ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն (հաճախ՝ մի քանի թարգմանությամբ): 1850-ական թվականներին և հետագայում նրա երկերից թարգմանել են Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյանը, Սմբատ Շահազիզը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Աթաբեկ Խնկոյանը, XX դարի առաջին քառորդում՝ Եղիշե Չարենցը, Ավետիք Իսահակյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ, որոնց ստեղծագործություններում արտահայտվել է Պուշկինի ազդեցությունը: Հյութեղ լեզվով ու վառ պատկերներով հատկապես աչքի են ընկնում Հովհաննես Թումանյանի թարգմանությունները, որոնք բնագրի ոգու և ոճի ճշգրիտ վերարտադրման հրաշալի օրինակներ են:

Պուշկինյան թեմաներով նկարներ են ստեղծել Հովհաննես Այվազովսկին, Վարդգես Սուրենյանցը, Մարտիրոս Սարյանը, հայկական թատրոնում բեմադրվել են «Բորիս Գոդունով», «Ժլատ ասպետը», «Քարե հյուրը», «Մոցարտը և Սալիերին» և այլ գործեր:





No comments:

Post a Comment