Friday, 15 May 2015

Լեզգինկա

Լեզգինկա (արծվապար)` կովկասյան ժողովուրդների ամենահին պարերից մեկը: Խորհրդանշում է կովկասցու ազատասեր, հպարտ ու քաջ խառնվածքը: Լեզգինկան ավելի տպավորիչ է, երբ կատարվում է տարազներով ու համանուն արագ ու հստակ երաժշտության ուղեկցությամբ: Լեզգինկան հիմնականում պարում են զույգերով, բայց տարածված է նաև միայն արական սեռի պարողի տարբերակը: Զույգով կատարման ժամանակ տղան «արծվի շարժումներ» է կատարում` ձեռքերը հստակ շարժելով
տարբեր ուղղություններով, իսկ աղջիկը «կարապի շարժումներ» է անում` հպարտ կեցվածքով հետևելով տղայի շարժումների ռիթմին: Կովկասյան յուրաքանչյուր ազգ կարող է լեզգինկայի իր տարբերակն ունենալ, սակայն պարի հիմնական հատկանիշները պահպանվում են բոլորի մոտ: Լեզգինկայի մասին առաջին տեղեկությունը գալիս է 1634թ.-ից: Այս պարը տարածված է նաև Կովկասից դուրս. հայտնի է այն երկրներում, որտեղ կովկասյան համայնքներ կան:

Պարի անվանումը բխում է կովկասյան ժողովուրդներից մեկից՝ լեզգիներից, քանի որ ռուսները առաջինը նրանց կատարմամբ են տեսել այս պարը: Ընդհանուր առմամբ գոյություն ունի լեզգինկայի երկու տեսակ` լեռնային լեզգինկա ու լիրիկական լեզգինկա: Ինչ վերաբերում է առաջին տարատեսակին, ապա այն համարվում է լեզգինկայի ամենաբարդ ու միաժամանակ ամենատպավորիչ տարբերակը: Այս չափազանց արագ պարի ընթացքում կատարողը վայրկյանը մեկ փոխում է դիրքը` ապշեցնելով իր ճկունությամբ: Սովորաբար պարողը կքանստում ու մեծ արագության ոտքի է կանգնում և այդպես շարունակ: Հյուսիսային Կովկասում այս պարը հիմնականում տղամարդիկ են կատարում, սակայն Վրաստանում կանայք լեռնային լեզգինկայի մի այլ տարբերակ են մշակել` դարձնելով այն զուգապար: 

Լիրիկական լեզգինկան ևս ունի երկու տարատեսակ` արևելյան ու արևմտյան: Առաջինը կատարվում է զույգով. տղամարդն ու կինը խորհրդանշում են արևն ու լուսինը: Տղամարդը ուժ ու ոգի է հաղորդում, իսկ կինը վզի ու ուսերի գեղեցիկ շարժումներով նրբություն է ավելացնում պարին: Ուշագրավ է, որ տղամարդն իրավունք չունի պարի ընթացքում դիպչել իր զուգընկերուհուն: Արևմտյան տարբերակը փոքր-ինչ ավելի դանդաղ է: Ներկայումս սյս երկու տեսակները սովորաբար միաձուլվում են մեկ պարի մեջ:

No comments:

Post a Comment