Friday, 19 June 2015

Ռոք

   

Ռոք երաժշտությունը 1940-50-ականներին ձևավորված երաժշտական ուղղությունների հավաքական անվանումն է, որի բնորոշ գծերից են էլեկտրոկիթառի կիրառումը եւ ստեղծագործական ինքնուրույնությունը (ռոք երաժիշտները որպես կանոն կատարում են իրենց իսկ ստեղծագործությունները): Ռոքի գործիքավորումը սովորաբար ներառում է էլեկտրական կիթառ, բաս կիթառ և հարվածային գործիքներ: Ռոք երաժշտության շատ ժանրեր ներառում են նաև ստեղնաշարային գործիքներ: Ռոքը սովորաբար ունի ուժեղ բեք բիթ և ծավալվում է կիթառի շուրջ` էլեկտրական կամ ակուստիկ: Այն ունի մի շարք ուղղություններ՝ թեթև ժանրերից, պարային ռոքնռոլից, փոփ-ռոքից ու բրիտոպից մինչև կոշտ ու ագրեսիվ ժանրեր՝ դեթ մետալ եւ գրայնդա: Երգերի բովանդակությունը կարող է լինել տարբեր՝ ինչպես թեթև ու չհարկադրող, այնպես էլ՝ մռայլ ու խորը փիլիսոփայական:


Ռոք երաժշտության հեռավոր արմատները գալիս են բլյուզից, որից ծագել են ռոք առաջին ժանրերը՝ ռոքնռոլն ու ռոքաբիլին: Ռոք երաժշտության առաջին ենթաժանրերը ձևավորվել են տվյալ ժամանակաշրջանի էստրադային ու ազգային երաժշտության, առաջին հերթին՝ ֆոլկ, քանթրի, սկիֆլ երաժշտության հետ սերտ փոխկապակցվածության արդյունքում: Ռոքի գոյության ողջ ընթացքում բազմաթիվ փորձեր են կատարվել միավորելու այն երաժշտական ամենատարբեր ժանրերի հետ. այսպես 1960-ականներին ձևավորվում են արտ ռոքը, լատինո-ռոքը, ջազ-ռոքը, ռագա-ռոքը (հնդկական երաժշտության հետ միձուլում): Սակայն ռոքի խոշորագույն ենթաժանրերը, ինչպիսիք են հարդ-ռոքը, պանկ-ռոքը եւ ավանգարդ ռոքը, ձևավորվում են արդեն 1970-ականների սկզբին, իսկ արդեն 80-ականներին ձևավորվում են պոստ-պանկն ու ալտերնատիվ ռոքը, հարդկորը (պոստ պանկի խոշորագույն ենթաժանրը), ինչպես նաև մետալ ռոքի ագրեսիվ ենթաժանրերը՝ դեթ մետալն ու բլեք մետալը:


Ռոքնռոլի վրա իրենց նշանակալից ազդեցությունն են ունենում բլյուզ կատարողներ Ռոբերտ Ջոնսոնը, Լիդբելլին, Մադի Ութերսը: Առաջին անգամ rock արտահայտությունը կիրառվում է 1947թ. Ռոյ Բրաունի «Good Rocking Tonight» երգում, իսկ 1949թ. թողարկվում է Ուայլդ Բիլ Մուրի «Rock And Roll» կատարումը: 

Սկզբնական շրջանում ռոքնռոլը համարվում էր միայն աֆրոամերիկացիներին բնորոշ առանձնահատուկ երաժշտություն, սակայն ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի երաժշտությունը բեկումնային ազդեցություն է ունենում ժանրի լայն տարածման գործում: Ռոքնռոլի ու քանթրիի հիմքի վրա զարգանում է նոր ենթաժանր՝ ռոքաբիլին, որը համարում էին «սպիտակ» ռոքնռոլի ավելի մեղմ տարբերակը:

Երաժշտական այս ժանրերի ձևավորման ու զարգացման միջավայրը բացառապես ԱՄՆ-ն էր, եւ այդ ժամանակաշրջանում ռոք երաժշտության ասպարեզում Մեծ Բրիտանիան գրեթե զուրկ էր ԱՄՆ հետ որևէ կերպ մրցակցելու հնարավորությունից: Ռոքը Անգլիայում սկսում է զարգանալ 50-ականներից, սակայն եթե Ամերիկայում ռոքնռոլը զարգանում էր բլյուզ եւ քանթրի ժանրերի միաձուլումից, ապա անգլիական ռոքնռոլի զարգացման վրա իր մեծ ազդեցությունն է ունենում սկիֆլը, մասնավորապես՝ այդ ժանրի նշանավոր կատարողներից մեկը՝ Լոնի Դոնեգանը: Այդ ժանրում է իր գործունեությունը ծավալում նաեւ լեգենդար The Beatles խմբի հիմնադիրներից Ջոն Լենոնի ստեղծած The Quarrymen խումբը: 

1957թ. ձայնագրվում է կիթառահար Լինկ Ռեյիի «Rumble» ստեղծագործությունը, որտեղ առաջին անգամ օգտագործվում է կիթառի ֆուզա էֆեկտը, ինչի շնորհիվ այդ երգից ծագում են ռոք երաժշտության «ծանր» ենթաժանրերը, հարդ ռոքն ու պանկ-ռոքը:

1964թ. տեղի է ունենում, այսպես կոչված, «բրիտանական ներխուժումը», երբ բրիտանական փոփ երաժշտությունն սկսում է ակտիվորեն նվաճել ԱՄՆ: The Beatles-ը, որի սինգլների ունեցած հաջողությունից էլ սկսվում է ռոք երաժշտության զարգացման նոր շրջանը, ամրապնդում է իր հաջողությունը՝ 1964թ. փետրվարին «խարիս նետելով» ամերիկյան ափ, ինչից հետո գրեթե ողջ աշխարհը համակվում է «բիթլամանիայով», որից հետո բրիտաական շատ խմբեր են ճանաչում ստանում աշխարհում: Բրիտանական երաժշտական կյանքը բուռն զարգացում է ապրում, բացվում են նոր երաժշտական ակումբեր, եւ բիթ երաժշտությունը դառնում է ավելի բազմատեսակ:«Բրիտանական ներխուժման» մի շարք ներկայացուցիչներ շարունակում էին ստեղծագործել ու կատարել The Beatles-ի ամենավաղ շրջանի երաժշտության մոտիվներով՝ թեթև, մեղմ ու մեղեդային բիթով: Որոշ կատարողներ էլ ենթարկվում են ռիթմնբլյուզի ազդեցությանը



Շատ փորձագետների կարծիքով ռոքը ոչ թե պարզապես երաժշտական ժանր է, այլ 20-րդ դարի սոցիալ-մշակութային յուրահատուկ երևույթ, որը ստեղծել է նաև իր ենթամշակույթները: Մի կողմից այն կարծես երիտասարդության լսափողը լինի, որի մեջ մարմնավորվում են ամենատարբեր տրամադրություններ ու համընդհանուր նորմերի հետ կոնֆլիկտ: Մյուս կողմից՝ ռոքը շոու-բինզեսի գործիքներից մեկն էր, ուղղված երաժշտության ինդուստրիայում շահույթի ստացմանը: Այս երկակի բնույթն էլ հենց բնորոշում է ժանրի զարգացման հակասականությունը: Ըստ էության, ռոքի պատմությունը բաղկացած է գրեթե միանման շրջափուլերից, որոնցից յուրաքանչյուրի սկիզբը եղել է բողոք, խռովություն, նոր ոճերի ու արժեքների ծնունդ:

Ռոք երաժշտությունը՝ որպես մշակութային երևույթ, ձևավորում է, այսպես կոչված, «ռոքնռոլային կենսակերպը»՝ վարքագծի որոշակի ոճ եւ կյանքի արժեհամակարգ, որն իր տեսակի մեջ յուրահատուկ փիլիսոփայություն էր; Ռոք երաժշտությանը բնորոշ է վարակիչ էներգիա, որն ի զորու է ազատել շրջապատող իրականության հասարակական նորմերից ու կարծրատիպերից:

No comments:

Post a Comment