Friday 3 July 2015

Բլյուգրաս

 “The Blue Grass Boys’’
Բլյուգրաս (անգլ. Bluegrass)՝ երաժշտական ժանր, որի արմատները գալիս են իռլանդական, շոտլանդական և անգլիական երաժշտական ավանդույթներից: Այն համարվում է բրիտանացի ներգաղթյալների երաժշտության և աֆրոամերիկյան ջազի ու բլյուզի միախառնում: Ինչպես ջազի շատ այլ տեսակներում, այնպես էլ բլյուգրասում յուրաքանչյուր երաժշտական գործիք իր հերթին դառնում է գլխավոր, որի կատարման ժամանակ մյուսները ետին պլան են մղվում: Այս հատկանիշն առանձնացնում է այս ժանրը ամերիկյան քանթրի երաժշտությունից, որտեղ բոլոր գործիքները միաժամանակ առաջնային են կամ ամբողջ կոմպոզիցիայի ընթացքում առաջնային է միայն մեկ գործիք: Բլյուգրասն ակուստիկ երաժշտաոճ է. էլեկտրական երաժշտական գործիքներն այստեղ հազվադեպ են օգտագործվում:

Այսպիսով, ի տարբերություն քանթրիի՝ բլյուգրասը հիմնվում է ակուստիկ երաժշտական գործիքների,
Սթենլի եղբայները
Բանջո
ավելի կոնկրետ՝ ջութակի, բանջոյի, ակուստիկ կիթառի, մանդոլինի, կոնտրաբասի վրա: Բլյուգրաս կատարող որոշ խմբեր օգտվում են նաև ակորդեոն, շրթնահարմոն, դաշնամուր, հարվածային գործիքներ, էլեկտրակիթառ և այլն: 

Անդրադառնալով բլյուգրասի ստեղծման պատմությանը՝ պետք է նշել, որ երաժշտական այն ժանրն առաջացել է 1940-ական թթ-ին՝ պատերազմից հետո: Շատ այլ երաժշտական ժանրերի նման բլյուգրասը նույնպես չունի որևէ կոնկրետ հիմնադիր, թեպետ շատերը Բիլ Մոնրոյին համարում են այս ժանրի «հայր», քանի որ ժանրն իր անվանումը ստացել է նրա՝ 1939թ. ձևավորված “The Blue Grass Boys’’ խմբից: Բլյուգրասի տարածման ու ծաղկման հարցում կարևոր դերակատարում է ունեցել նաև ամերիկացի երաժիշտ Ըրլ Սքրագսը, որը աչքի էր ընկնում բանջո նվագելու չտեսնված
Ըրլ Սքրագս
վարպետությամբ: 1945թ. նա միանում է Մոնրոյի խմբին և էլ ավելի ուժեղացնում նրանց ստեղծած երաժշտության յուրահատկությունը: Այս թվականներին (1945-48թթ.) “The Blue Grass Boys’’-ը միակն էր, որ բլյուգրաս էր նվագում, այդ պատճառով նրանց մատուցած երաժշտությունն իրոք եզակի էր համարվում: Այնուամենայնիվ, այս երաժշտությունը չէր կարող դառնալ ժանր մինչև ավելի լայն տարածում գտնելը: Եվ ահա 1947թ. Սթենլի եղբայրները ձայնագրում են “The Blue Grass Boys’’-ի ոճի մի կատարում՝ “Molly and Tenbrooks’’ անվանումով: Հենց այս երգի թողարկումից հետո է բլյուգրասը «պաշտոնապես» դառնում ինքնուրույն երաժշտական ոճ:

Բիլ Մոնրո
Բլյուգրաս կատարողները պայմանական կերպով բաժանվում են մի քանի սերունդների: Առաջին սերունդը՝ ի դեմս Բիլ Մոնրոյի և իր խմբի, Սթենլի եղբայրների, Լեսթեր Ֆլատի և այլոց, ստեղծագործել է ժանրի ստեղծման օրվանից մինչև 60-ական թթ: Երկրորդ սերնդի ծաղկման տարիներն են համարվում 60-ական թթ.-ը (The Dillards, Նորման Բլեյք, Սեմ Բուշ և շատ ուրիշներ), իսկ երրորդինը՝ 80-ականները: Այս սերնդի նշանավոր ներկայացուցիչներն են՝ Ռիկի Սքեքսը, Դոլլի Փարթոնը, Էլիսոն Քրաուսը և այլոք:

No comments:

Post a Comment