Թատրոնի կառուցման պատմությունը լի է դրամատիկ իրադարձություններով: 19-րդ դարը ողջ Եվրոպայի համար անհանգիստ ժամանակաշրջան էր: Ժամանակակից Չեխիայի պատմական շրջանները մտնում էին Ավստրիական կայսրության կազմի մեջ, իսկ պետական լեզուն գերմաներենն էր: Մայրենի չեխերեն լեզվով ներկայացումներ բեմադրելու հնարավորություն չեխերը չունեին: Թատրոնները պատկանում էին ավստրիացիներին, այդ իսկ պատճառով պիեսները բեմադրվում էին գերմաներեն կամ իտալերեն:
1844թ. աշնանը չեխ հայրենասերների համաժողովի ընթացքում ծնվում է
սեփական թատրոն ստեղծելու գաղափարը: Մեկ տարի անց կառավարությունը հավանություն է տալիս թատրոնի կառուցմանը, սակայն Ավստրիական կայսրությունը ցնցած հեղափոխության հետևանքով թատրոնի կառուցումը հետաձգվում է վեց տարով: 1851թ. պաշտոնապես հայտարարավում է Չեխական ազգային թատրոնի կառուցման նպատակով սկսել դրամահավաք: Գումարի մի մասը տրամադրում է կառավարությունը, մյուս մասը տրամադրում են ազնվականները:
Թատրոնի կառուցման վայրն ընտրվում է
Վլտավա գետի ափամերձ տարածքում, որտեղից հրաշալի տեսարան էր բացվում դեպի Պրահայի դղյակ: Սկզբնական շրջանում կառուցվում է Ժամանակավոր թատրոնը, որին պետք է հաջորդեր ներկայիս թատրոնի նախագծի կառուցումը: Ժամանակավոր թատրոնի կառուցողական աշխատանքներն սկսվում են 1853թ. եւ տևում ինը տարի: Դա մի գեղեցիկ ու կոկիկ շինություն էր՝ 800 տեղով՝ կառուցված Իգնաց Ուլմանի նախագծով:
Ժամանակավոր թատրոնը գործում է շուրջ քսան տարի, որի ընթացքում չեխական բեմը «տեսնում» է Անտոնիո Դվորժակին ու Բեդրժիխ Սմետանին: Ժամանակավոր թատրոնի շենքը պահպանվել է ու ներկայումս մտնում է ժամանակակից թատերական համալիրի մեջ: Ներկայումս այդտեղ են գտնվում տեխնիկական իրերն ու հանդերձարանը:
Ժամանակավոր թատրոնի կառուցմանը զուգահեռ շարունակվում են նոր
թատրոնի նախագծի քննարկումները: Այդ ժամանակաշրջանի երիտասարդ ու առաջադեմ մարդիկ շքեղագույն թատրոն կառուցելու հավակնոտ մտքեր էին հղանում:
1865թ. համաժողովում նրանց հաջողվում է
համոզել կառավարությանը միջոցներ հատկացնել, եւ նոր թատրոնի շենքի նախագծի ընտրության համար հրապարակային մրցույթ է հայտարարվում: Հաղթող է ճանաչվում պրոֆեսոր Յոզեֆ Զիտեկի նախագիծը:
Թատրոնի հիմքի առաջին քարը դրվում է աննախադեպ հանդիսավորությամբ: Միաժամանակ հայտարարվում է պատերի գեղարվեստական ձևավորման մրցույթ: Սլավոնական առասպելաբանության թեմատիկան միաձուլվում է նեոռենեսանսի դասական մոտիվների հետ՝ ձևավորելով նոր ոճ, որը հետագայում նշանավորվում է որպես «Ազգային թատրոնի սերնդի արվեստ»:
Առանձին աշխատանքներ դեռևս շարունակվում էին, սակայն թատրոնն արդեն բացում է դռները Ավստրիայի թագաժառանգ Ռուդոլֆի առաջ: Թատրոնի առաջին ներկայացումն է դառնում Բեդրժիխ Սմետանի «Լիբուշե» օպերան: Տասնմեկ ներկայացումներից հետո թատրոնը նորից փակում են, որպեսզի վերջացնեն տանիքի առանձին աշխատանքներ եւ ներկայանալ պրահացիների առաջ ողջ փայլով:
Կառուցելով պղնձե գմբեթը՝ շինարարներն օգտագործում են տաք ածուխ, որը դառնում է հրդեհի պատճառ: Կրակն արագորեն տարածվում է շինհրապարակ՝ ոչնչացնելով նոր կառույցը: Այրվում են թատրոնի բեմն ու հանդիսադահլիճը:
Չեխ ժողովուրդն ընդունում է հրդեհը որպես ազգային ողբերգություն: Վճռականությունը, որով ժողովուրդը դրամահավաք է սկսում թատրոնը վերականգնելու համար, թույլ է տալիս գրեթե երկու ամսում հավաքել մեկ միլիոնից ավել զլոտի: Թատրոնի վերականգնումից հետո բեմի տակ հայտնվում է նշանավոր «Ազգը՝ ինքն իրեն» գրությունը:
Կառույցի նախկին ճարատարապետը հեռացվում է շինաշխատանքներից, իսկ նրա տեղը զբաղեցնում է Յոզեֆ Շուլցը՝ Զիտեկի աշակերտն ու նրա ոճի հետևորդը: Նա հաջող կերպով մեկ համալիրի մեջ միավորում է Ժամանակավոր թատրոնի հին շենքը, նոր կառույցներն ու թատրոնի հետևի շինությունը: Զիտեկի ոճը վերջինիս աշակերտը տալիս է համալիրի բոլոր երեք կառույցներին, ինչի արդյունքում ստացվում է շքեղ մի շինություն, որն առանց փոփոխությունների կանգուն է մնում հարյուր տարի:
Թատրոնի հիմնովին վերանորոգումը, որը տևում է վեց տարի, իրականացվում է ի պատիվ թատրոնի հարյուրամյակի եւ ավարտվում 1983թ.: Վերանորոգված թատրոնը արդեն ավանդության համաձայն հանդիսատեսին առաջինը ներկայացնում է «Լիբուշե» օպերան:
Ազգային թատրոնն իր մեջ ամփոփում է Պրահայի ողջ հմայքը, նրա փառքն ու պատմությունը: Հսկայական աստղա-կապույտ գմբեթը պսակում է ոսկեգույն թագը, որը գրավում է իր յուրահատուկ փայլով: Գլխավոր ճակատը զարդարված է Ապոլլոնի ու մուսաների քանդակներով, իսկ կողային մասերը՝ Հաղթանակի՝ ձի հեծած բրոնզաձույլ թևավոր քանդակներով: Գետի կողմից թատրոնը զարդարված է Վագների ու Միսլբեկի քանդակներով: Կողային մուտքը զարդարված է Դրամայի ու Օպերայի ալեգորիաներով:
Նուրբ ոսկեգույն-մոխրագույն երանգները ներդաշնակում են շրջակա տների հետ, իսկ օվալաձև գմբեթը հանդիսավոր կերպով բարձրացնում է այն վեր՝ ընդգծելով նրա անկրկնելիությունն ու ինքնատիպությունը:
Չեխ ամենահեղինակավոր նկարիչները ջանացել են զարդարել ներքին հարդարանքը աննկարագրելի ճոխությամբ: Գլխավոր սպասասրահը զարդարում է «Ոսկե դար» եռածալ նկարը: Ձևավորման մեջ գերակշռում են հայրենասիրական տեսարաններ: Վարագույրը հիշեցնում է թատրոնի կառուցման պատմությունը, քանի որ նրա վրա պատկերված են շենքի կառուցման վերաբերյալ դրվագներն ու ժողովրդի հանգանակությունը:
Թատրոնի լավագույն տեղերը պատկանում են ժողովրդին: Մորեգույն թավշով պատված օթյակները գտնվում են կողքերում, պատշգամբներն ունեն երեք հարկաշարք: Առաստաղները նկարազարդված են գեղարվեստական ալեգորիաներով եւ լուսավորված են հիասքանչ ջահերով, որոնցից կենտրոնականը կշռում է գրեթե մեկևկես տոննա:
Վերջին վերակառուցումների արդյունքում առանձնացվում է նոր շինություն, որն առանձնանում է ընդհանուր համալիրից ինչպես իր ոճով, այնպես էլ ներքին հարադարանքով: Դա արդիական ոճով կառուցված Նոր բեմն է, որտեղ կարելի է տեսնել երիտասարդ հեղինակների բեմադրություններ:
No comments:
Post a Comment