Friday, 3 July 2015

Էրեքթեոն տաճար



     Էրեքթեոն` Հին Հունաստանի ճարտարապետության նշանավոր կոթողներից, Աթենքի գլխավոր տաճարներից մեկը, սրբազան վայր, որտեղ տեղի են ունեցել կրոնական մի շարք արարողություններ` նվիրված աստվածուհի Աթենաս Պալլասին: Ենթադրվում է, որ կառուցվել է մ.թ.ա. 421-406թթ. և նվիրված է եղել Աթենաս Պալլասին, Պոսեյդոնին և Աթենքի լեգենդար արքա Էրեքթևսին: Այն ունի առանձնահատուկ ասիմետրիկ կառուցվածք: Տաճարի արևմտյան հատվածը նվիրված է եղել Աթենաս Պալլասին, որտեղ էլ պահվել է աստվածուհու հնագույն արձանը: Աթենքի հնագույն տաճարներից շատերի նման, սա նույնպես բազմիցս ավերվել է ու վերակառուցվել:
     
Ակրոպոլիսն այն երեք բլուրներից մեկն  է, որի վրա կառուցվել է Աթենք հնագույն քաղաքը: Բլրի գագաթին գտնվում  էր  քարե մի ժայռ, որը բավականաչափ հարմար  էր  որևէ  ամրություն կառուցելու  համար: Հենց այստեղ էլ աթենացիների կողմից  կառուցվում  է  ամրոց  դեռ  միկենական  դարաշրջանում:
     Հզոր պատերի ներսում գտնվում էին աթենացի առաջին արքաների կացարանները: Հենց նույն տեղում՝ Ակրոպոլիսի հյուսիսային մասում աթենացիները կառուցում են օթևանին կից տաճար՝ նվիրված Աթենաս աստվածուհուն՝ քաղաքի հովանավորուհուն, որտեղ պահպանվում էին աստվածների սուրբ նվերները՝ Պոսեյդոնի աղբյուրն ու Աթենասի ձիթենու ծառը:
      Էրեքթեոն տաճարը գտնվում է հենց այն նույն տեղում, որտեղ ժամանակին կառուցվել էր Աֆրոդիտեի հնագույն տաճարը:
      Հույն-պարսկական պատերազմների ընթացքում ակրոպոլիսական բոլոր տաճարներն ավերվում ու հրի են մատնվում: Պարսիկներին Հունաստանից վտարելուց հետո աթենացի կառավարիչ Պերիկլեսն ու նրա ընկերը՝ քանդակագործ Ֆիդիասը մշակում են հնագույն սրբատեղիները վերականգնելու ծրագիր: Նրանք որոշում են ոչ թե վերականգնել ավերված տաճարները, այլ՝ դրանց փոխարեն կառուցել նորերը: Կառուցողական աշխատանքների գլխավոր պայմանը բոլոր սրբատեղիների ու մասունքների խնամքով պահպանումն էր:

      Կառուցողական աշխատանքներն ընթանում էին փուլերով, քանի որ դրան ուղղված միջոցները տրվում էին քաղաքային գանձարանից, ինչը խիստ սահմանափակ էր, իսկ վերականգնման ենթակա էին ավերված բազմաթիվ օբյեկտներ:
     Առաջինը կառուցվում է համալիրի կենտրոնական տաճարը՝ Աթենասի տաճար Պարթենոնը, որը դառնում  է  դասական ճարտարապետության նմուշ:
      Ակրոպոլիսի գագաթին երկրորդ տաճարի կառուցումն սկսվում է արդեն Պերիկլեսի մահից հետո՝ մ.թ.ա. 421թ. եւ ընդհատումներով շարունակվում մինչև մ.թ.ա. 406թ.: Գլխավոր ճարտարապետ է ընտրվում Մնեսիկլոսը, որի գլխավորությամբ էլ կատարվում են տաճարի շինարարական աշխատանքները
      Տաճարի կառուցման վայրը պատահական չի ընտրվում: Դեռ վաղուց քաղաքի բնակիչների համար այդ վայրը համարվում էր ամենասուրբ վայրըԱյդտեղ էր գտնվում քաղաքի հիմնադիր արքայի՝ Կեկրոպի գերեզմանը, այդտեղ էր տեղի ունեցել Աթենասի ու Պոսեյդոնի վիճաբանությունը՝ քաղաքի հովանավորությունն ստանձնելու համար, այդտեղ էր բնակվել աթենացի լեգենդար արքա Էրեքթևսը, որը Ակրոպոլիսում կառուցել էր Աթենասին նվիրված առաջին տաճարը: Նա եղել է Հեֆեստ աստծո ու Գեա աստվածուհու որդին, որի ծնունդը նկարագրել է լեգենդար Հոմերոսը:
    
 Իր կառավարման տարիներին Էրեքթևսը դառնում է աթենացիների սիրելի արքան: Էլևսին քաղաքի հետ կրոնական պատերազմի ընթացքում, որի բնակիչները երկրպագում էին Դեմետրա աստվածուհուն, նա սպանում է  քաղաքի կառավարիչ Էվմոլպոսին՝ Պոսեյդոնի որդուն: Զայրացած Պոսեյդոնի հորդորով՝ Զևսը շանթահարում է Էրեքթևսին: Լեգենդի համաձայն՝ Ակրոպոլիսում մնացել է կայծակի հարվածի հետքը, որը կոտրել է մարմարե մի քանի սալիկներ: Սգացող աթենացիները արքային թաղում են այդ վայրում եւ համաստեղություններից մեկն անվանակոչում ի պատիվ վերջինիս:
      Հետագայում Էրեքթևսի շիրիմի կողքին՝ աթենացիների համար սուրբ այդ վայրում, ճարտարապետ Մնեսիկլոսի կողմից կառուցվում է տաճար, որն էլ ի պատիվ արքայի՝ կոչվում է Էրեքթեոն:
       Էրեքթեոնն արտասովոր ճարտարապետական լուծումներ  ունի, որը բնորոշ չէ անտիկ դասական դարաշրջանի տաճարներին: Հիմնական կառույցը բաժանված  է տարբեր հարթությունների վրա գտնվող  երկու ասիմետրիկ հատվածների: Դրա արևելյան մասը, որն առանձին մուտք ունի, նվիրված է քաղաքի հովանավոր աստվածուհի Աթենասին: Ներսում՝ խորանի մոտ, գտնվել է աստվածուհու փայտե արձանը, որը, համաձայն առասպելի, ընկել է երկնքից:

      Տաճարի արևմտյան մասում, որն ունի երեք մուտք եւ գտնվում է  արևելյան հատվածից  երեք մետր ավելի ցածր հարթության վրա, գտնվել են Հեֆեստ եւ Պոսեյդոն աստվածների, ինչպես նաև Էրեքթևս  արքայի եղբոր՝ Բուտասի,  որը եղել է Աթենասի առաջին քուրմըխորանները: Այս հատվածի գլխավոր մուտքը եղել է հյուսիսային կողմից եւ կառուցված է եղել վեց սյուներից բաղկացած սյունասրահի տեսքով: Դրա ներսում գտնվել է Պոսեյդոնի սուրբ աղբյուրը՝ աղի ջրով: Ավելի ներքևում՝ փոքրիկ բակում գտնվել է Զևսի խորանը: Նույն տեղում՝ ժայռի վրա եղել են ծովերի աստված Պոսեյդոնի եռաժանու հետքերը, որով էլ նա ստեղծել է  այդ սուրբ աղբյուրը: Դրա կողքին էլ եղել են Զևսի շանթերի հետքերն ու Էրեքթեոնի գերեզմանը:
      Տաճարի հարավային կողմից  հնարավոր էր դուրս գալ պատշգամբ, որի տանիքը պահում էին վեց Կարիատիդների (սյունարձան՝ կանգնած կնոջ կերպարանքով) քանդակներ: Տաճարի  կենտրոնական  մուտքը  տանում  էր տաճարին կից բակ, որտեղ գտնվում էր Աթենասի նիզակից աճած լեգենդար ձիթենին: Նույն այդ բակից կարելի էր դուրս գալ Կեկրոպ արքայի գերեզման, որը գտնվել է տաճարի արևմտյան հատվածի սալիկնրի տակ:
    
Կարիատիդների սյունասրահը տաճարի ամենանշանավոր հատվածնրից է: Կարիատիդները եղել են Արտեմիս աստվածուհու քրմուհիները: Արտեմիսին նվիրված տոնախմբություններին նրանք պարում էին ավանդական պարեր՝ գլուխների վրա պահելով լիքը լցված զամբյուղներ: Կարիատիդների հինգ արձանները պահվում են Ակրոպոլիսի թանգարանում, վեցերորդը՝ Բրիտանական թանգարանում
    Էրեքթեոն տաճարը, որի կառուցողական աշխատանքներն ավարտվում են մ.թ.ա.  406թ., հետագայում պարբերաբար վերակառուցվել  է: Վաղ քրիստոնեական ժամանակաշրջանում այնտեղ եղել է  Ս. Աստվածամոր եկեղեցի, ֆրանկների ներխուժման ժամանակաշրջանում՝ դուքսի պալատ, թուրքական տիրապետության շրջանում՝  հարեմ: XVII դարում այն վնասվում  է Պարթենոնի պայթյունի հետևանքով:
Համաձայն լեգենդի, հենց այստեղ է իր շանթերն ուղղել Զևսը
Տաճարը մեծ վնասներ է կրում նաեւ լորդ Էլջինի կողմից իրականացված բարբարոսական թալանի հետևանքով, որն իր հետ Լոնդոն է տանում Ակրոպոլիսի արվեստի լավագույն նմուշները, եւ մինչ այսօր հունական կառավարությունը չի կարողանում վերադարձնել արվեստի իր գանձերը


No comments:

Post a Comment