Monday 7 September 2015

Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

«Երեք ընկեր» (1936թ.)` գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի ամենասիրված վեպերից մեկը, որը ներկայացնում է «կորուսյալ սերնդի» թեմատիկան, այն զինվորների, ովքեր շատ երիտասարդ տարիքում (14-18 տարեկանում) ստիպված են եղել մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին: 

Վեպի գործողությունները կատարվում են հետպատերազմական Գերմանիայում, 1920-ական թվականների ավարտին: Օրիգինալ տեքստի լեզվական առաձնահատկություններն ու խոսվածքը և մայրաքաղաքային շինությունների անվանումների հիշատակումները առիթ են տալիս ենթադրելու, որ գործողությունների ավելի ստույգ վայրը Բեռլինն է: 
Վեպի գլխավոր հերոսները մտերիմ ընկերներ Ռոբերտ Լոկամպը, Օտտո Կեստերն ու Գոտֆրիդ Լենցն են, որոնք կողք կողքի պայքարել են Առաջին համաշխարհայինի դաշտում, տեսել են պատերազմն իր ողջ դաժանությամբ, ռազմական ընկերներ են կորցրել, բախվել մահվան հետ: Պատերազմից նրանք վերադարձել են դատարկ, կոտրված ու հիասթափված հոգեվիճակով, սակայն փորձում էին անցյալը մոռանալ ու կյանքն իր հունով շարունակել, ինչպես անում էին պատերազմին մասնակցած բազմահազար մարդիկ: «Մենք ապրում ենք հուսախաբության դարաշրջանում»,-ասում է հերոսներից մեկը: Պատերազմը ոչնչացրել էր ոչ միայն միլիոնավոր կյանքեր, այլև միլիոնավոր գաղափարներ, պատկերացումներ ու հույսեր: «Կորուսյալ սերունդը» ծերացել էր առանց երիտասարդություն ունենալու: Ամեն բանից հոգնած ու կյանքի հետ ոչ մի հույս չկապող ծերացած այս երիտասարդությունը միակ մխիթարանքը գտնում է ռազմական ընկերների շրջապատում: Հոգեպես դատարկվելով ու հիասթափվելով ամեն տեսակ համակարգից՝ նրանք, այնուամենայնիվ, հավատարիմ են մնում իրենց ամենամաքուր գաղափարներին և չեն կորցնում հավատը ընկերության ու մարդկային պարզ, անշահախնդիր փոխհարաբերությունների հանդեպ: 

Է. Մ. Ռեմարկ 
Ընկերները ավտոսպասարկման կենտրոն ունեն, ապրում են սովորական կյանքով. ցերեկն աշխատում են, երեկոյան՝ զրուցում ու խմում՝ փորձելով վայելել «խաղաղ» (սովի ու գործազրկության) ժամանակներն ու ազատվել անցյալի տհաճ հիշողություններից ու պատերազմի ուրվականներից: Գործողությունները ներկայացվում են 30-ամյա Ռոբերտ Լոկամպի անունից, որը ոչ միայն մեքենայի նորոգման մասնագետ է, այլև տաղանդավոր դաշնակահար: Ռոբերտի հետ է ուղղակիորեն կապված նաև սյուժեի սիրային գիծը: Տուբերկուլյոզով հիվանդ Պատրիցիա Հոլմանի հետ Ռոբերտը ծանոթանում է իր ծննդյան օրը: Նրանց հանդիպման վայրն ու պահը սիմվոլիկ է և նախասահմանում է նրանց հարաբերությունների հետագա զարգացումը: Ռոբերտն ու Պատը ծանոթանում են ձմռան վերջին կամ գարնան սկզբին, երբ ավտոսպասարկման կենտրոնի դիմացի սալորենին դեռ չէր ծաղկել, իսկ մեկ տարի անց՝ մյուս գարնանը, հանգամանքները բաժանում են նրանց: Ինչ վերաբերում է ծանոթության վայրին՝ ճանապարհին, ապա այն խորհրդանշում է կյանքի ուղին, որի կարող է տարբեր անակնկալներ մատուցել՝ ի դեմս ճակատագրական ծանոթությունների, լուծվող ու անլուծելի խոչընդոտների ու փորձությունների և այլն:
Դրվագ վեպի՝ 1938թ. էկրանավորումից, ԱՄՆ
Ռոբերտի ու Պատի սիրային պատմությունը սկսվում է այնպես, ինչպես ժամանակի բոլոր զույգերի պատմությունները՝ հեռախոսազանգերով ու մի քանի ժամադրություններով, իսկ զարգանում է երեկոյան զբոսանքների, մեքենայով շրջելու, թատրոն այցելությունների, Ռոբերտի սենյակում անցկացրած համատեղ գիշերների ու անկեղծ զրույցների ընթացքում: Հարաբերությունների այս գեղեցիկ ու բնականոն ընթացքը շեղում է Պատրիցիայի՝ հիվանդ լինելու մասին նորությունը, որից հետո Ռոբերտի թեթև, երանելի, ոչինչ չպարտավորեցնող սիրահարվածության զգացումը փոխարինվում է իրական տառապանքով. նա հասկանում է, որ Պատը դարձել է իր կյանքի իմաստը: Եթե նախկինում նա հետևում էր «ապրիր, քանի դեռ ողջ ես» կարգախոսին, անտարբեր էր ամեն ինչի նկատմամբ ու անհոգ կենսակերպ էր վարում, այժմ ուզում էր իր կյանքը նվիրել սիրելիին, խուսափում էր կռիվների մեջ ներքաշվելուց, որպեսզի կյանքը չվտանգեր ու հնարավորինս երկար Պատի կողքին լիներ, աշխատում էր շատ փող վաստակել, որպեսզի կարողանար վճարել Պատի բուժման համար: 

1938թ. էկրանավորումը
Ընկերները, բնականաբար, Ռոբերտի կողքին են նման դժվար պահին՝ յուրաքանչյուրն իր հերթին ևս մեկ անգամ ապացուցելով, թե որքան թանկ է ընկերությունն իրենց համար: Կեստերն ու Լենցն ընկերոջն առաջին հերթին աջակցում են իրենց ներկայությամբ՝ փորձելով զվարճացնել նրան ու ցրել մահվան մասին մտքերը: Երբ Ռոբերտը Կեստերին խնդրում է գտնել ու հնարավորինս արագ ծով հասցնել Պատին բուժող բժշկին, նա չտեսնված արագությամբ տեղ է հասցնում վերջինիս: Կեստերը նույնիսկ վաճառում է իր սիրելի մեքենան՝ «Կառլը», որպեսզի Ռոբերտն ու Պատը աղջկա կյանքի վերջին ամիսները միասին անցկացնեն: 

Պատրիցիա Հոլմանը հավասարապես դառնում է Լոկամպի, Կաստերի ու Լենցի ընկերը: Ռոբերտը պատահաբար չէ նրան «ընկերս» անվանում այն պահին, երբ հասկանում է, որ սիրում է. ընկերությունը նրա համար շատ ավելի ստաբիլ, բնական ու վստահելի երևույթ է, քան սերը: Առհասարակ, վեպի հերոսների համար ընկերությունը վեր է դասվում անձնական շահերից, նպատակներից ու երազանքներից: Օտտոն առանց երկմտելու ստում է ոստիկանությանը. պատերազմի միջով անցած տղամարդու համար արդարադատությունը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է ռազմական ընկերոջ կյանքը: Հանցագործին ոստիկանությանը հանձնելը հավասարազոր է նրան կյանք շնորհելուն, ինչն անընդունելի էր: 

Պատրիցիայի հիվանդությունը, որն առաջացել էր պատերազմի տարիներին տիրող սովից, գերմանական ողջ հասարակության հիվանդությունն է, մի հասարակության, որը դանդաղ գնում էր դեպի հոգևոր մահ: Արտաքուստ գեղեցիկ ու առողջ, բայց ներքուստ հիվանդ Պատրիցիան կարող է ընկալվել որպես հետպատերազմական Գերմանիայի խորհրդանիշ, որի անցյալի ուժերը սպառվել են Առաջին համաշխարհայինի դաշտում, իսկ ապագա հորիզոնում նկատվում են միայն տնտեսական ճգնաժամ ու հակաիշխանական խռովություններ: 

«Կորուսյալ սերնդի» ողբերգությունը ոչ միայն հոգեբանական, այլև սոցիալական բնույթ է կրում. նրանք ոչ մի կերպ չեն կարողանում լիարժեք ընդգրկվել հասարակության շարքերը: Լոկամպը, Կեստերն ու Լենցը զուրկ չեն տղամարդկանց հատուկ հետաքրքրություններից ու նպատակներից (կին, սեր, բիզնես, քաղաքականություն), սակայն նրանց բռնած ցանկացած գործ ձախողման է դատապարտված: «Մենք կուզենայինք պաքարել մեր անցյալը սահմանած երևույթների՝ ստի ու եսասիրության, ագահության ու դաժանության դեմ: Մենք ամրացանք ու կորցրինք վստահությունը բոլորի հանդեպ, բացառությամբ՝ ամենամոտ բարեկամի: Չէին հավատում ոչնչի, բացի այն բաներից, որ երբեք մեզ չէին խաբել՝ երկինք, ծխախոտ, ծառեր, հաց ու հող: Բայց ի՞նչ ստացվեց այդ ամենից: Ամեն ինչ կործանվում, կեղծվում ու մոռացվում էր, իսկ նա, ով ընդունակ չէր մոռանալու, դատապարտված էր անզորության, հուսահատության, անտարբերության ու օղու: Անցել են մարդկության վեհ երազանքների ու հույսերի օրերը»,- այսպես է խորհում վեպի հերոսներից մեկը՝ արտահայտելով ողջ սերնդի մտածմունքներն ու հույզերը: Այս երիտասարդությունը, այնուամենայնիվ, կյանքի ծարավ ունի. «Միայն դժբախտը գիտի, թե ինչ է երջանկությունը: Լույսը մթության մեջ է լուսավորում: Խմե՛նք մթության ու դժբախտության կենացը: Խմե՛ք քանի դեռ ժամանակ կա»:

Գրաքննադատների կարծիքով Ռեմարկը պատահական չէ գործողությունները պատմում Ռոբերտի անունից, քանի որ վերջինս որոշ առումներով նման է իրեն: Երկուսն էլ օժտված են ցինիզմով և քննադատում են կառավարությանը: Այնուամենայնիվ, Ռեմարկը պահպանում է օբյեկտիվ շարադրանքի սկզբունքը. նա չի փորձում դատողություններ անել, վերլուծել հերոսների քայլերն ու մտքերը: Հեղինակը նախընտրում է լուռ հետևել գործողությունների ընթացքին՝ չկարողանալով թաքցնել, բնականաբար, թե որքան ատելի են իրեն պատերազմն ու նրա թողած հետևանքները: 

Թեև վեպում շոշափվող թեմաները ցավոտ են ու ուղեկցվում են հոռետեսական մեկնաբանությամբ, ստեղծագործության ընդհանուր տրամադրությունը լավատեսական է: Չնայած ամենուրեք տիրող թշվառությանը, անարդարությանն ու անվերջ հիասթափություններին, կյանքում կան շատ արժեքներ, որ չեն խեղաթյուրվում նույնիսկ պատերազմի ճիրաններում. դրանք են՝ իսկական ընկերությունն ու մեծ սերը:

1 comment:

  1. Remove the illustration "Three Comrades", it was placed without the consent of the author. Copyright Elena Green.

    ReplyDelete