Saturday 5 September 2015

Կրոյցենշտայն դղյակ

     Վիեննայից 20 կմ հեռավորության վրա գտնվող Կրոյցենշտայն դղյակը Ավստրիայի տեսարժան վայրերից մեկն է: Գտնվում  է 265 մ բարձրության վրա: Ներքին Ավստրիայում գտնվող մյուս դղյակների մեծամասնության նման՝ այն ևս կառուցվել է  վաղ միջնադարում՝ 12-րդ դարում, վաղ միջնադարյան մի դղյակի փլատակների վրա: Սկզբնական շրջանում պատկանել է Ֆորմբախների (ներկայումս՝ Վորնբախ, Բավարիա) կոմսությանը, որից հետո անցել է  Վոսեբուրգների կոմսությանը: 1278թ. Ավստրիայի հերցոգ Օթակար Երկրորդի օրոք դարձել է Հաբսբուրգների արքայատոհմի սեփականությունը:

       Մինչ Երեսնամյա պատերազմը դղյակը երբևէ չր գրավվում որևէ մեկի կողմից, սակայն պատերազմի ընթացքում այն անցնում է շվեդ մարշալ  Լենարդ Թորթսենսոնին, որը 1645թ. դղյակից հեռանալու ժամանակ պայթեցնում է դրա երեք հատվածները (որոշ աղբյուրների համաձայն՝ չորս):

       1874թ., կոմս Նեպոմուկ ֆոն Վիլցզեկը ցանկություն է հայտնում սկսել Կրոյցենշտայնի վերականգնողական աշխատանքները: Կոմսի նպատակը միայն հայրենիքի ճարտարապետական արժեքներից մեկի վերականգնումը չէր: Իրականում նա ցանկանում էր ընտանեկան կալվածք հիմնադրել` միջնադարյան մթնոլորտով ու ձևավորմամբ: Վերականգնողական աշխատանքներն ավարտվել են 1906թ.` դղյակին տալով ներկայիս հեքիաթային տեսքը:

        Հատկանշական է այն, որ Վիլցզեկների ընտանիքը վերակառուցել է դղյակը Եվրոպայի տարբեր վայրերի միջնադարյան  կառույցներից բերված հատվածներով՝ ապահովելով դղյակի հեքիաթային տեսքը: Այդ իսկ  պատճառով դղյակը կարելի  է համարել ինչպես նեո, այնպես էլ՝ բուն միջնադարյան: Վերակառուցման ընթացքում դղյակի մեջ ներառվում են նաև դրա նախկին փլատակները, մասնավորապես՝ արևմտյան աշտարակն ու մատուռը, սակայն վերակառուցումից հետո այն կորցնում է  իր բնօրինակ՝ ռոմանական-գոթական ոճը, այնպես որ  հմուտ աչքը հեշտությամբ  կարող է տարբերել գոյատևած փլատակներն ու 19-րդ դարում ավելացված հատվածները:

      Վերակառուցման աշխատանքներն սկզբնական շրջանում ընթանում էին ճարտարապետ Կարլ Հենգոլֆի վերահսկողության ներքո, որի մահվանից հետո (1895թ.) նրան փոխարինում է Ռիտտեր Հումբերտը:

       Դղյակի տակ կառուցվում  է  ընտանեկան դամբարան, որտեղ թաղված է նաև Յոհան Վիլցզեկը:

        Դղյակը որոշակի չափով տուժել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ավերածությունների են ենթարկվում դղյակի որոշ հատվածներ, այդ թվում՝ հարուստ գրադարանը, որտեղ պահվում էին նաև թանկարժեք ձեռագրեր:


     Դղյակի հետ կապված պատմական իրադարձություններից է այն, որ 1527թ. անապաբտիզմի հետևորդ եւ քարոզող Բալտասար Հուբմայերը Միկուլովում անկարգություններ հրահրելու համար ձերբակալվում ու աքսորվում է  Կրոյցեյնշտայն դղյակ: Այնտեղ վերջինիս հարցաքննության են ենթարկում, բայց նա հրաժարվում է  ուրանալ իր դավանանքը, ինչի հետևանքով էլ այրվում է  խարույկի վրա, Վիեննայում:























No comments:

Post a Comment