Friday 17 June 2016

Պրադո թանգարան


     
     Մադրիդի Պրադո թանգարանն աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկն է, Իսպանիայի արվեստի գլխավոր գանձարանը: Այստեղ պահվում են 12 –19 դդ. եվրոպական գեղանկարչության հռչակավոր վարպետների գրեթե 8600 գործեր, ինչպես նաև քանդակներ, տպագիր հրատարակություններ, դեկորատիվ ստեղծագործություններ: Պրադոյի յուրահատկություններից մեկն այն է, որ այստեղ է պահվում իսպանական գեղանկարչության աշխարհում ամենամեծ հավաքածուն: Այն բաղկացած է երեք խոշոր մասերից: Առաջինն իսպանական թագավորների հավաքածուն է, երկրորդը` եկեղեցու հովանավորությամբ ստեղծված, իսկ ավելի ուշ պետությանն անցած կտավների հավաքածուն, երրորդը` թանգարանին նվիրաբերված կամ թանգարանի միջոցներով ձեռք բերված արվեստի գործերի  հավաքածուն է:

     
    Թանգարանը բացվել է 1819թ., սակայն դրա պատմությունն սկսվում է  շատ ավելի վաղ ժամանակներից, իսկ դրա ստեղծման արմատներին կանգնած է Սրբազան Հռոմեական  կայսրության կայսր Կառլոս V արքան` Հաբսբուրգների դինաստիայից, որը համատեղության կարգով նաև Իսպանիայի Կառլոս Առաջին արքան էր: Վերջինս աչքի էր ընկնում գեղանկարչության  նկատմամբ յուրահատուկ սիրով,  եւ առաջին արքան էր, որը որոշում  է  գեղանկարչության իր հավաքածուն փոխանցել իր ժառանգորդին` Ֆիլիպ 2-ին` ցանկանալով արվեստի այդ գործերը պահպանել իսպանական գահի ներքո:


   16-րդ դարում Իսպանիան քայլեր է ձեռնարկում գրավելու եվրոպական նոր տարածքներ, մասնավորապես` Նեապոլը եւ Նիդերլանդները, որտեղից փորձ է կատարվում բերել գեղանկարչության հռչակավոր նոր գործեր: Կառլոս 5-րդ եւ Ֆիլիպ 2-րդ արքաների շնորհիվ Մադրիդում են հայտնվում Բելինիի, Տիցիանի, Վերոնեզեի եւ այլոց գործեր: Կառլոս 5-րդի այս մոլուցքը փոխանցվում է  նաև իսպանական մյուս արքաներին, ուստի արդեն 18-րդ դարում թագավորական հավաքածուն բաղկացած էր մի քանի հազար նմուշներից:
     
  Որոշում  է  կայացվում ստեղծել ցուցահանդես, որտեղ կցուցադրվեին արվեստի այդ գործերը: Այն բացվում  է  Էլ Պարդո քաղաքամերձ պալատում, սակայն այնտեղ այցելելու իրավունք ուներ միայն ազնվական խավը: Հանրությանը թույլատրվում էր այցելել միայն Էսկորիալ, որտեղ ներկայացված էր կրոնական գեղանկարչություն:

      1785թ. Իսպանիայում բացվում է հանրային առաջին թանգարանը: Բնագիտությանը նվիրված այդ թանգարանը  տեղակայվում է Պրադո մեծ զբոսայգում (այստեղից էլ գալիս է ապագա թանգարանի անվանումը): Կառուցումն իրականացվում  է ճարտարապետ Խուան դե Վիլյանուեվայի գլխավորությամբ: Նապոլեոնական զորքերի արշավանքների ժամանակ վնասվում են թանգարանի շենքը եւ հավաքածուն,  թեպետ ստեղծագործություններից  շատերը տեղափխվում են:  
Պրադոյում է պահվում հոլանդացի վարպետ Հիերոնիմոս Բոսխի նշանավոր «Երկրային հաճույքների այգին» եռանկարը 
    1814թ. Ֆերդինանդ Vll (1784–1833) թագավորը կրկին հանրային թանգարան կառուցելու հրաման է արձակում: Այն նվիրվում է գիտությանն ու արվեստին: Թանգարանն ստանում  է  Պրադո անվանումը: Պրադո թանգարանը, որի հավաքածուն ներառում էր 311 կտավ, բացվում է 1819թ. նոյեմբերի 19-ին:
     1826–1827թթ. թագարանին են  փոխանցվում Սան Ֆրանցիսկո ակադեմիայում պահվող կտավներ, այդ թվում` Կառլոս V, Ֆիլիպ II, Ֆիլիպ IV թագավորների հավաքածուներից: 1828թ. թանգարանի հավաքածուն դասակարգվում եւ առանձին ցուցադրությունների է բաժանվում համաձայն գիտական չափանիշների:
    
Սկսած 1836 թ-ից Իսպանիայում սկսում են փակվել մենաստաններն ու կրոնական ուսումնական հաստատությունները: Դրանցից առգրավված թանկարժեք իրերը տեղափոխվում են Լա Տրինինդադ վանք, որտեղ 1868թ. բացվում   է  ազգային թանգարան: 1871թ. վանքի ֆոնդը փոխանցվում է Պրադո թանգարանին: 1868թ. Պրադոն թագավորական թանգարանից վերածվում է Մադրիդ քաղաքի թանգարանի:

      1894թ. ստեղծվում է  Նոր արվեստի թանգարանը, եւ Պրադոն զրկվում է  իր մի շարք կտավներից, հիմնականում` իսպանական նկարիչների վրձնին պատկանող: Դրանց մի մասն էլ  հետագայում հայտնվում է 1951թ. բացված ժամանակակից արվեստի թանգարանում:

   1936թ. Քաղաքացիական պատերազմի արդյունքում թանգարանը փակվում է, կտավներն էվակուացվում են դեպի Շվեյցարիա: 1939թ. հուլիսի 7-ին Պրադոն նորից բացվում է այցելուների համար, սակայն ցուցադրությունը լիարժեք չէր, քանի որ կտավների մեծ մասը դեռ մնում էր Ժնևում (Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին կտավները նորից վերադարձվում են Իսպանիա): 
1971թ. Կասոն դել Բուեն Ռետիրո շենքում բացվում է թանգարանի մասնաճյուղերից մեկը, որտեղ ցուցադրության են հանվում հիմնականում  19-րդ դարի իսպանական գեղանկարչության գործեր:

       Թանգարանի ամենանշանակալից հատվածն իր մեջ ներառում է 12-19-րդ դարերի ստեղծագործություններ: 16-19-րդ դարերում Իսպանիայի ամենահեղինակավոր նկարիչները հանդիսանում էին պալատական գեղանկարիչներ, այդ իսկ պատճառով հենց թագավորական հավաքածուներում են  ներկայացված իսպանական գեղանկարչության խոշորագույն գործերը:

No comments:

Post a Comment