Saturday 18 June 2016

Հադեսի թագավորություն


Հադես և Պերսեփոնե
Հադեսն ու եռագլուխ
Կերբերը
Հադեսի թագավորություն՝ Հին Հունաստանում մեռյալների հոգիների թագավորությունը երկրի ընդերքում՝ լի խավարով ու սարսափներով: Այս թագավորության մեջ, ուր չեն հասնում երկրային կյանքի ո՛չ լույսը, ո՛չ հրճվանքը, ո՛չ էլ թախիծը, իշխում է Զևսի դժնադեմ եղբայր Հադեսն իր կնոջ՝ Պերսեփոնեի հետ միասին: Պերսեփոնեն՝ ընդերքի, ծլարձակման, պտղաբերության աստվածուհին, Զևսի և Դեմետրայի դուստրն է, որին Հադեսն առևանգել է ու դարձրել ստորերկրյա աշխարհի թագուհին: Նրանց ոսկեղեն գահի մոտ բազմում են մեռյալների թագավորության դատավորներ Մինոսն ու Հռադամանթոսը: Այստեղ է նաև մահվան աստված Թանատոսը՝ սուրը ձեռքին, սև թիկնոցով, լայնատարած սև թևերով: Անդրշիրիմյան պաղություն է փչում այդ թևերից, երբ Թանատոսը թռչում է մահամերձի մահճի մոտ, որպեսզի իր սրով մի փունջ մազ կտրի նրա գլխից և հափշտակի հոգին: Թանատոսի կողքին են մռայլատես Կերերը. նրանք մոլեգնորեն սավառնում են ճակատամարտի դաշտերով և հրճվում են՝ տեսնելով, թե ինչպես են մեկը մյուսի հետևից հերոսներն ընկնում: Իրենց շառագույն շուրթերով հպվում են նրանց վերքերին, ագահորեն ըմպում ընկածների տաք արյունը և մարմինների միջից դուրս կորզում նրանց հոգիները: 

Քարոնը հոգիներ է տեղափոխում
 Հեղինակ՝ Ա. Լիտովչենկո
Քարոնն ու Աքերոն գետը
Պերսեփոնե
Մթամած գետեր են հոսում Հադեսի թագավորությունում. այստեղով է հոսում նաև Ստիքս սրբազան գետը, որի ջրերով են երդվում աստվածները: Մեռյալների թագավորությունում են ալիք տալիս Կոկիտոսն ու Աքերոնը. հանգուցյալների հոգիների հեծեծանքները՝ թախծալից ու վշտալի, հնչում են նրանց մռայլ ափերին: Այստեղ են ցայտում նաև ամենայն երկրայինը մոռացության մատնող Լետա աղբյուրի ջրերը: 

Տարտարոսում՝ ստորերկրյա թագավորության ամենախորը հատվածում, հավերժական տանջանքի է դատապարտված Սիզիփոսը՝ Կորնթոս քաղաքի հիմնադիրը և թագավորը։ Խարդախ և շահախնդիր լինելու համար աստվածները նրան դատապարտել են հավերժական տառապանքի. լեռան գագաթը բարձրացնել մի ժայռաբեկոր, որն ամեն անգամ սեփական ծանրությունից գլորվում է ետ։ Նման պատիժը պատահական չէ. աստվածները մտածել էին, որ ավելի ծանր անարգանք չի կարող լինել, քան անօգուտ և անիմաստ աշխատանքը։

Թանատոսն ու Հիպնոսը
Ջ. Ուիլյամ Ուոթերհաուս
Հադեսին են ծառայում վերժխնդրության անողորմ աստվածուհիներ Էրինիները: Ահեղ են նրանք. խարազաններն ու օձերը ձեռքներին հետապնդում են մեղսագործին, ոչ մի պահ հանգիստ չեն տալիս նրան ու հոգեմաշ են անում խղճի տառապանքներով: Ոչ մի տեղ չի կարելի ապաստանել նրանց հետապնդումներից, Էրինիներն ամենուրեք գտնում են իրենց զոհին: 

Բերնինի
«Պերսեփոնեի 
առևանգումը»
Հադեսի գահի մոտ է նաև գեղեցկատես Հիպնոսը՝ քնի պատանի աստվածը, Թանատոսի երկվորյակ եղբայրը: Կակաչի գլխիկները ձեռքին՝ նա անշշուկ թևածում է երկրի վրայով՝ եղջյուրի միջից քնաբեր հեղուկ տարածելով: Իր հրաշագործ ձողիկով քնքշաբար հպվում է մարդկանց աչքերին, կամացուկ փակում է կոպերը և մահկանացուներին ընկղմում քաղցր քնի մեջ: Հզոր է Հիպնոս աստվածը. նրան չեն կարող ընդդիմանալ ո՛չ մահկանացուները, ո՛չ աստվածները, ո՛չ էլ մինչև իսկ Զևսը. Հիպնոսը նրա ահեղնացայտ աչքերն էլ է փակում և ընկղմում խորը քնի մեջ: 

Հադեսի խավարչտին թագավորության մեջ սավառնում են նաև երազների աստվածները: Նրանց մեջ կան իմաստուն և հրճվալից երազներ տվող աստվածներ, բայց կան նաև այնպիսիները, որոնք մարդկանց ճնշող, երկյուղով համակող ու տանջալից երազներ են բերում: Կան և կեղծ ու պատիր երազների աստվածներ, որոնք մարդկանց մոլորության մեջ են գցում, հաճախ էլ՝ կորստյան մատնում: 

Հադեսն առևանգում է Պերսեփոնեին
Էրինիները հետապնդում են Օրեստեսին
Ուիլյամ Բուգրո
Անողորմ Հադեսի թագավորությունը լի է խավարով ու սարսափներով: Այնտեղ՝ խավարի մեջ, թափառում է սոսկալի ուրվական Էմպուսան՝ ավանակի ոտքերով: Գիշերային խավարում մարդուն խորամանկությամբ հմայելով մի թաքուն տեղ՝ նա ամբողջությամբ խմում է վերջինիս արյունը և խժռում նրա դեռևս թպրտացող մարմինը: Այստեղ է թափառում նաև հրեշավոր Լամիան. նա գիշերը մտնում է երջանիկ մայրերի ննջարանն ու գողանում նրանց երեխաներին՝ արյունը խմելու համար: Բոլոր այդ ուրվականների և հրեշների վրա իշխում է մեծն աստվածուհի Հեկատեն՝ երեք մարմնով ու երեք գլխով:
Տիցիան «Սիզիփոսի պատիժը»
Անլուսին գիշերներին՝ թանձր խավարի մեջ, ստիքսյան շներով շրջապատված՝ թափառում է նա ճանապարհների վրա ու գերեզմանների մոտ իր ամբողջ սոսկալի շքախմբով և տանջալից երազներ է ուղարկում երկիր՝ կորստյան մատնելով մարդկանց: Հեկատեին հաճախ օգնության են կանչում կախարդելիս, բայց հենց ինքն էլ միակ օգնականն է կախարդանքի դեմ բոլոր նրանց համար, ովքեր հարգում են նրան և ճամփաբաժանին (այն կետում, որտեղ բաժանվում են երեք ճանապարհները) շներ զոհաբերում նրան: 

Սոսկալի է Հադեսի թագավորությունը և ատելի է մարդկանց: Ստորերկրյա աստվածները մարմնացրել են բնության ուժերը և շատ ավելի հին են, քան Օլիմպոսի աստվածները: 

Հադեսն առևանգում է Պերսեփոնեին
Օրփեոսն անդրաշխարհում
Քարոնի նավը
Լուկա Ջորդանո
Քարոնն ու հոգիները
Աղբյուրը՝ Ն.Ա.Կուն «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները»

No comments:

Post a Comment