Friday, 13 January 2017

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

  

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ (1756թ.- 1791թ)` վիեննական դասական դպրոցի ամենախոշոր ներկայացուցիչներից, որի  ստեղծագործությունը XVIII դարի երաժշտության գագաթն է:
     Վոլֆգանգ Մոցարտի առաջին ուսուցիչը նրա հայրն էր (ջութակահար և կոմպոզիտոր): Մոցարտը 4 տարեկանից նվագել է կլավեսին, 5–6-ից՝ ստեղծագործել: 1762 թ-ից հոր և քրոջ՝ Աննա-Մարիայի հետ 3 տարի համերգներով շրջագայել է Գերմանիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր: Տաղանդավոր պատանու ստեղծած թովիչ մեղեդիները և պրոֆեսիոնալ կատարումները երաժշտասեր հասարակայնությունն ամենուր ընդունել է ցնծությամբ. նրան անվանել են «XVIII դարի հրաշամանուկ»: Մոցարտի ստեղծագործական հասունացմանը նպաստել է նաև նրա ծանոթությունը բազմաթիվ մշակութային կենտրոններին, հոգևոր արժեքներին և ժամանակի խոշորագույն երաժիշտների ու կատարողների հետ

     Վեցամյա կոմպոզիտորի՝ ջութակի և կլավեսինի համար գրած ստեղծագործություններն առաջին անգամ տպագրվել են Ֆրանսիայում: Մոցարտը 8 տարեկանում գրել է առաջին սիմֆոնիան, 11–12 տարեկանում՝ առաջին երաժշտադրամատիկական գործերըԱպոլլոնը և Հիակինթոսը», «Բաստիենն ու Բաստիենան»): 1770 թ-ին 14-ամյա Մոցարտն ընտրվել է Իտալիայի Բոլոնիա քաղաքի ֆիլհարմոնիկ ակադեմիայի անդամ, որտեղ կոմպոզիցիայի դասեր է առել իտալացի տեսաբան և կոմպոզիտոր Ջովաննի Մարտինիից
1770 թ-ին Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի պատվերով գրել է «Պոնտոսի արքա Միհրդատը» օպերան, որը հաջողությամբ բեմադրվել է Իտալիայում
  Մոցարտը մանուկ հասակում
Կտավի հեղինակը հավանաբար  Պիերո Անտոնիո Լորենցիոնին է
(Մոտ 1763թ.)

Մոցարտը 1769–77 թ-ին Զալցբուրգում  եղել է պալատական կոնցերտմայստերը, 1779 թ-ից՝ երգեհոնահարը, սակայն 1781 թ-ին հեռացել է պալատից, որտեղ ստեղծված  պայմանները վիրավորել են նրա արժանապատվությունը: Կյանքի վերջին 10 տարին ապրել է Վիեննայում: Այդ ժամանակահատվածը նրա ստեղծագործության ծաղկման շրջանն էր

      Մոցարտի երաժշտությանը հատուկ են հոգեբանական խորությունը, դրամատիզմը, երաժշտական կատարյալ ձևերն ու վառ մեղեդայնությունը: Ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում. գրել է 23 օպերա, 50-ից ավելի սիմֆոնիաներ, շուրջ 50 կամերային-գործիքային ստեղծագործություններ (տրիո, կվարտետ, կվինտետ), 27 կոնցերտ՝ տարբեր գործիքների և նվագախմբի համար, դաշնամուրի՝ 17, ջութակի և դաշնամուրի 43 սոնատներ, 12 մեսսա, 33 սերենադ և այլն: Մեծ է Մոցարտի ներդրումն օպերային ժանրում. «Առևանգում հարեմից», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան», «Կախարդական սրինգ» գործերը համաշխարհային օպերային արվեստի լավագույն նմուշներից են: Մոցարտի վերջին ստեղծագործությունը հանրահայտ «Ռեքվիեմն» է, որը, կոմպոզիտորի ցանկությամբ, պետք է հնչեր իր հոգեհանգստին:
Մոցարտների ընտանիքը
     Հայ իրականության մեջ Մոցարտի երաժշտությանը ծանոթացել են դեռևս XIX դարի 40-ական թվականներին: Ուշագրավ է երաժշտագետ Վասիլ Ղորղանյանի գիրքը՝ «Մոցարտը. Կենսագրական էտյուդ» (1900 թ.), որն ամփոփում է նաև կոմպոզիտորի նամակները` հեղինակի թարգմանությամբ:
1923 թ-ին Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Երևանում Մոցարտին նվիրված համերգում հնչել են նրա գործերից, այդ թվում՝ հատվածներ «Ռեքվիեմից»: 1925 թ-ին Երևանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը կատարել է նրա Սոլ-մինոր սիմֆոնիան (առաջին սիմֆոնիան է, որ հնչել է Հայաստանում): 
     Մոցարտի կերպարին անդրադարձել են գրականության մեջ, կերպարվեստում և կինոյում: Նրա անունով է կոչվել խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:
Մոցարտին թաղել են չքավորների համար նախատեսված ընդհանուր գերեզմանոցում:



No comments:

Post a Comment