Monday 18 May 2015

Գյուստավ Ֆլոբեր «Մադամ Բովարի»

«Մադամ Բովարի»-ն` ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերի` 1856թ. լույս տեսած նշանավոր վեպը, համարվում է համաշխարհային գրականության գոհարներից մեկը: Իր ամենահայտնի ստեղծագործության վրա Ֆլոբերն աշխատել է 5 տարի: Ֆլոբերի առաջնային նպատակն էր ներկայացնել իրական պատմություն, ստեղծել տիպիկ կերպարներ, իսկ իրականությունը ոչ այլ ինչ էր, քան հուսահատություն, հիասթափություն ու միապաղաղություն: «Մադամ Բովարին» գրված է շատ պարզ լեզվով, բայց, միաժամանակ` միատոն ու մելամաղձոտ տրամադրությամբ` արտահայտելու վերը նշված մթնոլորտը: Ի սկզբանե Ֆլոբերը նպատակ է ունեցել գիրքը նվիրել Շառլ Բովարիի կենսագրությանը` ստեղծագործելու ընթացքում «շեղվելով» Շառլի` մադամ Բովարիի ամուսնու կերպարից ու անդրադառնալով շատ ավելի խորը հարցերի: Չնայած վեպի սյուժեն հասարակ է ու ոչ մի արտառոց գծով աչքի չի ընկնում, այն արժեքավոր է մատուցման ձևի ու աննշան թվացող մանրամասների վերլուծությամբ: Վեպի լույս տեսնելուց հետո քննադատության մեծ ալիքի է բարձրանում. Ֆլոբերին մեղադրում են բարոյական արժեքների խեղաթյուրման մեջ: Այս ստեղծագործության պատճառով գրողը նույնիսկ դատարանի առջև է հայտնվում (1857թ.): Այնուամենայնիվ, Ֆլոբերը ազատվում է մեղադրանքից, հետևաբար` վեպը օրինական հրատարակման իրավունք է ստանում: Այս աղմկահարույց դեպքը, բնականաբար, մեծացնում է հասարակության` «Մադամ Բովարիի» հանդեպ հետաքրքրությունը: 

«Մադամ Բովարիում» վեպի հերոսուհու՝ երազկոտ հոգու տեր, ռոմանտիկ գրքերով
Շառլի ու Էմմայի հարսանիքը
դաստիարակված Էմմայի ողբերգությունը հակադրվում է իրականության ողբերգությանը: Հեղինակն անթաքույց հեգնում է հերոսուհու մտացածին աշխարհը` ի դեմս նրա կարդացած գրքերի բովանդակության. «…սեր, սիրեկաններ, սիրուհիներ, հետապնդվող կանայք, խավար անտառներ, սրտի տրոփյուններ, երդումներ, հեծկլտոց, համբույրներ, արտասուք»: Ֆլոբերի հեգնանքն ուղղվում է ոչ թե ռոմանտիկ գրականությանը որպես այդպիսին, այլ ռոմանտիկ աշխարհընկալմանը, որը տեղին չէր տվյալ ժամանակաշրջանի Ֆրանսիայի համար: Էմմայի գրական անճաշակությունը ի հայտ բերելուն զուգահեռ հեղինակը չի խուսափում նույնիսկ հայտնի գրողների անուններ նշելուց. օրինակ` Էմման կարդացել էր Վալտեր Սկոտի վեպերն ու դրանց ազդեցությամբ սկսել երազել «կամարաձև սրահների» մասին: Ֆլոբերի հեգնանքի գլխավոր պատճառն այն է, որ իրական կյանքը, ամենազոր բուրժուազիան չեն համապատասխանում բարձր իդեալներով
ոգեշնչված այն աշխարհին, որ նկարագրվում է Էմմայի գրքերում: Մեծ հափշտակությամբ ընթերցելով այս վեպերը` ֆրանսիական բուրժուազիան, այնուամենայնիվ, բավարարվում էր իրենց շրջապատող սահմանափակ բարիքներով: Այն ռոմանտիկ էությունը, որով Ֆլոբերն օժտում է իր հերոսուհուն, առաջին հերթին տհաճ է հենց իրեն: Սա Ֆլոբերի համար գիտակցված ինքնախաբեություն է` չիրականացված ու արդեն անհնար երազանքների ու հույսերի աշխարհ: 

Էմման ամուսնու հետ
Էմման առանց վարանելու ընդունում է բարի բնավորության տեր, գավառական բժիշկ Շառլ Բովարիի ամուսնության առաջարկը: Վերջինս անբովանդակ է ու սահմանափակ, սակայն սիրում է կնոջն ու ի սրտե երջանիկ է նրա կողքին: Նույնը չի կարելի ասել Էմմայի մասին, որն ամուսնությունից շատ չանցած հասկանում է, որ չի սիրում Շառլին, ավելին` անհույս ձանձրանում է նրա կողքին: Արդյունքում Էմման արտամուսնական կապեր է հաստատում` սիրային թարմ արկածներ փնտրելով: Էմմայի վախճանը ողբերգական է, բայց Ֆլոբերի գրչի տակ ողբերգականը կարծես չեզոքանում է. հեղինակն արգելում է ընթերցողին կարեկցել նրան: 

Ինչպես նշվեց, Ֆլոբերը խուսափել է վեպին սրընթաց, դինամիկ շունչ հաղորդելուց. «եթե մեր կյանքը դինամիկ լիներ, չէր լինի 19-րդ դարի ֆրանսիական իրականությունը»: Երջանկությունը հարաբերական մի բան էր դարձել. մարդիկ հոգեպես միայնակ էին: Ֆլոբերը պատկերում է քաղքենի կյանքը, նյութականի ուժը, առանց որի Էմման չէր կարող իր կյանքը պատկերացնել: Ամեն ինչի հիմքում ընկած էր նյութականը: 

Վեպում ներկայացվում է նաև ֆրանսիական հասարակության ծավալուն պատկերը`
ինքնամփոփ ու անգութ մարդկանց թագավորությունը: Պատահական չէ, որ Էմմայի սիրեկաններն ու ողբերգության վկաները` Ռուդոլֆն ու Լեոնը, շարունակում են անխռով կյանք վարել` կարծես ոչինչ չի պատահել: Պատահական չէ նաև, որ վեպն ավարտվում է դեղագործ Օմեյին Նապոլեոնի ժամանակների Պատվավոր լեգիոնի շքանշանով պարգևատրելու հայտարարությամբ: Շքանշանը զարդարում է այն բուրժուայի կուրծքը, որի պատգամներից մեկն է` «Պետք է միշտ պահպանել սեփական գրպանը»: Անտարակույս ֆարս է գյուղատնտեսական ցուցահանդեսը, որտեղ Ռուդոլֆի սիրային զեղումները միախառնվում են տնտեսական նվաճումների մասին խանդավառ ելույթներին: Այս կտավի վրա լայնորեն պատկերվում է բուրժուական ընչաքաղցությունը. 52 տարի աշխատած աղքատ ծեր կինը պարգևատրվում է 25 ֆրանկով. սա միայն տհաճություն ու ամոթի զգացողություն է պատճառում վերջինիս:

Ֆլոբերի գեղագիտական փնտրտուքների հիմքը կյանքը վերափոխելու ձգտումն էր: Նա հավատարիմ էր մնում ռեալիզմի գլխավոր կարգախոսին` կյանքը պատկերել ինչպես որ կա: Ժառանգելով ռեալիզմի վարպետներ Բալզակի ու Ստենդալի` կերպարի սոցիալական դետերմինացման սկզբունքը` Ֆլոբերը ամենավառ կերպով կերտում է Էմմայի` տիպիկ ու հավաքական կերպարը: Վերջինիս հանդեպ հեղինակը, այնուամենայնիվ, երկակի վերաբերմունք ունի: Դիտելով այն միջավայրը, որտեղ «խեղդվում է» Էմման, և որ ինքը` Ֆլոբերը, տանել չէր կարողանում, նա կարեկցում է հերոսուհուն: Էմման ինքն էլ, թեկուզև անհետևանք, բայց պայքար էր մղում հասարակության դեմ, ընդդիմանում նրա օրենքներին: Ահա թե ինչու Ֆլոբերն ասել է` «Բովարին ես եմ»: Իհարկե, միևնույն ժամանակ, հեղինակը խիստ քննադատում է Էմմային: Նրա ամբողջ կյանքը վերածվում է կեղծիքի. նա խաբում է ամուսնուն, սիրեկանները խաբում են իրեն, և այդպես շարունակ: Այդ դժվարին իրավիճակից ելնելու փորձերի հետևանքով Էմման ավելի է խճճվում. սկսում է ստել նույնիսկ այն ժամանակ, երբ դրա կարիքը բոլորովին չկա: Էմման համոզված էր, որ հեքիաթային սիրո մասին երազանքը կարող է իրականություն դառնալ, սակայն կյանքը դաժանորեն հիասթափեցնում է նրան: Սա է նրա իրական ողբերգությունը: Էմմայի ճակատագիրը 19-րդ դ. Ֆրանսիայի շատ սերունդների ճակատագիրն էր, սերունդներ, որոնց անուրջները փշրվեցին՝ բախվելով բուրժուական իրականությանը:
Էմման ու Ռուդոլֆը


Այսպիսով, Ֆլոբերը ստիպում է ընթերցողին կյանքը տեսնել իր ամբողջ մռայլությամբ ու այլանդակությամբ: Երազելը տվյալ ժամանակաշրջանի Ֆրանսիայում պարզապես ծիծաղելի էր, անօգուտ ու ողբերգական: «Մադամ Բովարին» ոչ միայն դասվում է ռեալիզմի ուղղության բոլոր ժամանակների լավագույն ստեղծագործությունների, այլև այն գործերի շարքին, որոնք առավել մեծ ազդեցություն են թողել համաշխարհային գրականության վրա:

No comments:

Post a Comment