Wednesday 15 July 2015

Ֆեդերիկո Գարսիա Լորկա




      
      Ֆեդերիկո Գարսիա Լորկա (1898 թ., ք. Ֆուենտևակերոս, Գրանադայի մոտ, Իսպանիա- 1936 թ., Գրանադա)՝ իսպանացի նշանավոր բանաստեղծ և դրամատուրգ, որի ստեղծագործությունն էապես հարստացրել է իսպանական պոեզիայի տաղաչափության ավանդական ձևերը, ներառել ազգային հոգեկերտվածքի տարրեր: Նրա դրամատուրգիան լրջորեն խթանել է իսպանական ազգային թատրոնի զարգացումը:
     
Գարսիա  Լորկան սովորել է Գրանադայի համալսարանում: 1919 թ-ին տեղափոխվել է Մադրիդ և զբաղվել գրական գործունեությամբ
«Բանաստեղծությունների գիրք» (1921 թ.), «Երգեր» (1927 թ.) առաջին ժողովածուներում և «Թիթեռնիկի կախարդությունը» կամ «Թիթեռնիկի չար հմայքները» (1919 թ., բեմադրվել է 1920 թ-ին) պիեսում իր բողոքն է արտահայտել քաղքենի ու նյութապաշտ հասարակության դեմ: Նրան մեծ ժողովրդականություն են բերել Անդալուզիայի հասարակ մարդկանց տառապանքներն ու ցավերը պատկերող «Գնչուական ռոմանսերո» (1928 թ.), «Կանտե խոնդո» (1931 թ.) բանաստեղծությունների ժողովածուները, մահապատժի ենթարկված Գրանադայի հերոսուհուն նվիրված «Մարիանա  Պինեդա» (1925 թ.) ողբերգությունը:
        1929–30 թթ-ին Լորկան շրջագայել է ԱՄՆ-ում և Կուբայում. իր  տպավորություններն արտացոլել է «Բանաստեղծը Նյու Յորքում» (1929–30 թթ.) բանաստեղծությունների ժողովածուում:
    
   1930-ական թվականներին Լորկան հարել է «Հոկտեմբեր» հակաֆաշիստական ամսագրի շուրջ համախմբված մտավորականներին և համակրանքով
վերաբերվել ֆաշիզմի դեմ պայքարող ժողովրդական շարժմանը: Այդ տարիներին լույս է ընծայել «Իգնասիո Սանչես Մեխիասի սուգը» (1935 թ.) պոեմը, «Դիվան դել Տամարիտ» (1936 թ.) բանաստեղծությունների ժողովածուն, գրել «Հրաշալի մաշակարուհին» (1930 թ.) և այլ պիեսներ, որտեղ օգտվել է թատերաբանահյուսական ավանդույթներից

     
       Լորկան դատապարտել է փողի ապականիչ ազդեցությունը թատրոնի վրա և ձգտել է ստեղծել նոր՝ սոցիալական ուղղվածության թատրոն: Նրա կարծիքով՝ նյութապաշտ հասարակությունը խեղաթյուրում է մարդու էությունը և բնության օրենքները. ըստ Լորկայի մարդասիրական ըմբռնումների՝ անհատը պարտավոր է հետևել  բանական և բնական օրենքներին: 1933–36 թթ-ին Լորկան գրել է «Արյունոտ հարսանիք», «Հերման», «Դոնյա Ռոսիտա», «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսները, որոնք գաղափարագեղարվեստական տեսանկյունից նորարարական էին: Այդ պիեսներում պատկերված հասարակ մարդիկ էությամբ ձուլված են բնությանը:
Լորկային գնդակահարել են ֆրանկոյական ազգայնամոլները:
«Արյունոտ հարսանիք» և «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսները բեմադրվել են նաև հայ թատրոնում:



No comments:

Post a Comment