Monday, 20 July 2015

Վիկտոր Հյուգո

Վիկտոր Հյուգո (1802-1885թթ.)` ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ, ֆրանսիական ռոմանտիզմի առաջնորդն ու տեսաբանը։ 
Ծնվել է 1802թ. Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքում: Հայրը` Ժոզեֆ Լեոպոլդ Հյուգոն, Նապոլեոնի բանակի գեներալ էր, իսկ մայրը` Սոֆի Տրեբյուշեն, դաշնակահարուհի: Վիկտորն ընտանիքի երեք զավակներից ամենափոքրն էր. ուներ երկու եղբայր` Աբելն ու էժենը: Երեխաների մանկությունն անցնում է անընդհատ տեղափոխությունների մեջ: Հոր գործուղումների պատճառով մանուկ Հյուգոն ապրել է Մարսելում, Կորսիկայում, Էլբայում, Իտալիայի քաղաքներում ու Մադրիդում` ամեն անգամ որոշ ժամանակով վերադառնալով Փարիզ: Այս վաղ շրջանի ճամփորդությունները մեծ ազդեցություն են թողնում երեխայի վրա` ձևավորելով նրա ռոմանտիկ աշխարհայացքը: 
Երիտասարդ Հյուգոն
1813թ. Հյուգոյի մայրը` Սոֆի Տրեբյուշեն, որը սիրային կապի մեջ էր գեներալ Վիկտոր Լագորիի հետ, ամուսնալուծվում է ու որդիների հետ մշտական բնակություն հաստատում Փարիզում: 1814-1818թթ. Հյուգոն իր եղբոր` Աբելի հետ  սովորում է Լյուդովիկոս Մեծի վարժարանում: Ըստ եղբոր` հենց այս տարիներին է Վիկտորն իր մեջ բանաստեղծական ձիրք հայտնաբերում ու սկսում գրել իր առաջին տողերը: Ի տարբերություն շատ այլ դեպքերի` Հյուգոյի բանաստեղծական այս առաջին փորձերն արժանանում են հարազատների հավանությանը. ինչպես եղբայրները, այնպես էլ մայրը ընթերցում են նրա ստեղծագործություններն ու դրական գնահատական տալիս դրանց: Հյուգոյի առաջին բանաստեղծությունները հետաքրքրում են նաև վարժարանի ուսուցիչներից մեկին, ով նաև հղկում ու մի փոքր մշակում է դրանք:
Ադել Ֆուշե՝
Հյուգոյի կինը


Արդեն այս տարիքում (14 տարեկանում) Հյուգոն աչքի էր ընկնում իր փառասիրությամբ ու նպատակասլացությամբ: 1817թ. նա մասնակցում է Ֆրանսիական ակադեմիայի կազմակերպած գրական մրցույթին: Ժյուրիի անդամները գրեթե միաձայն պատրաստվում էին առաջին մրցանակը նրան շնորհել, սակայն պատանու ստեղծագործությունն այնքան հասուն էր նրա տարիքի համար, որ մասնագետները կասկածեցին` արդյոք նա է պոեմի իսկական հեղինակն ու որոշեցին պարզապես պատվոգիր հանձնել Հյուգոյին: Մի քանի տարի շարունակ Հյուգոն փորձում է աչքի ընկնել մի շարք մրցույթներում, սակայն ապարդյուն: Շուտով, սակայն, Թուլուզում անցկացվող գրական մրցույթներից մեկում հաղթանակից հետո հաջողությունը ուղեկցում է Հյուգոյին նաև մյուս մրցույթներում: Ոգևորվելով գրանցած արդյունքներից` Հյուգոն թողնում է մաթեմատիկայի կուրսերն ու իրեն ամբողջովին նվիրում գրականությանը: 
Հյուգոյի կիսանդրին
Հեղինակ՝ Օգյուստ Ռոդեն

1819թ. Հյուգոն եղբայրների հետ հիմնում է ‘’Le Conservateur littéraire’’ թերթը, որը քիչ թե շատ հայտնի է դարձնում նրան: 1821թ. մահանում է Հյուգոյի մայրը, որի հետ բանաստեղծը շատ կապված էր` հատկապես հորից բաժանվելուց հետո: Շատ չանցած 20 տարեկան գրողը հրատարակում է պոեմների իր առաջին ժողովածուն` «Տարատեսակ ձոներ ու բանաստեղծություններ» վերնագրով, որը 4 ամսում վաճառվում է 1500 օրինակով: Սա երիտասարդ Հյուգոյի առաջին լուրջ հաջողությունն էր: Ընթերցելով այս ժողովածուն` Լյուդովիկոս XVIII-ը Հյուգոյին տարեկան 1000 ֆրանկի չափով թոշակ է նշանակում: Այս գումարը Հյուգոյի համար լրացուցիչ խթան է հանդիսանում 1822թ. իր սիրելիի` Ադել Ֆուշեի հետ ամուսնանալու համար: Այս ամուսնությունից 5 զավակ է լույս աշխարհ գալիս` Լեոպոլդը, Լեոպոլդինան, Շառլը, Ֆրանսուա-Վիկտորն ու Ադելը:

Այս կապը նաև դժբախտ հետևանքներ է ունենում: Ըստ որոշ տեղեկությունների` Հյուգոյի եղբայր Էժենը նույնպես սիրահարված էր Ադելին, և նրա հետ կապված բոլոր հույսերը կորցնելուց հետո նրա մոտ շիզոֆրենիա հիվանդությունն է հայտնաբերվում, որով նա տառապելու էր մինչև կյանքի վերջ (1837թ.):  
Լեոն Բոննա «Վիկտոր Հյուգո»
1879թ.
1823թ. լույս է տեսնում Հյուգոյի «Իսլանդացի Հանը» վեպը, որը շատ զուսպ արձագանքների է արժանանում: 
Գրաքննադատ Շառլ Նոդյեի կողմից այս վեպի առողջ ու դրական վերլուծությունը նրա ու Հյուգոյի ծանոթության ու բարեկամության առիթ է դառնում: 1827թ. սկիզբ առած այս ընկերությունը տևում է մինչև 1830-ական թթ., երբ Նոդյեն արդեն շատ ավելի խիստ էր մոտենում ընկերոջ ստեղծագործություններին: Այս շրջանում Հյուգոն վերահաստատում է հոր հետ կապը, որը նրան ոգեշնչում է գրել «Ձոն հորս», «Երկու կղզի» և «Ճակատամարտից հետո» պոեմները: 1828թ. հայրը մահանում է: 
1827թ. լույս է տեսնում սկանդալային «Կրոմվել» ողբերգությունը, որը հատուկ գրվել էր ֆրանսիացի լեգենդար դերասան Ֆրանսուա-Ժոզեֆ Տալմայի համար: Հիմնական աղմուկը հանում է ստեղծագործության նախաբանը, որտեղ Հյուգոն մերժում է կլասիցիզմի բոլոր օրենքները, հատկապես` տեղի ու ժամանակի միասնության գաղափարը` նշելով, միաժամանակ, ռոմանտիկ դրամայի հիմնական սկզբունքները: Հաջորդ երեք տարվա ընթացքում Հյուգոն իր ստեղծագործություններով ամրապնդում է ռոմանտիզմի դիրքը ֆրանսիական գրականության մեջ` վեր դասելով այն մնացած բոլոր ժանրերից: 
Հյուգոն թոռների հետ
Հյուգոների ընտանիքն այս տարիներին աչքի էր ընկնում իր հյուրընկալությամբ. նրանք հաճախ էին ընդունելություններ ու խնջույքներ կազմակերպում իրենց տանը, որոնց հիմնական մասնակիցների շարքում էին ընտանիքի բարեկամներ դարձած Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով (քննադատ ու բանաստեղծ), Ալֆոնս դե Լամարտինը (գրող ու քաղաքական գործիչ), Պրոսպեր Մերիմեն (գրող), Ալֆրեդ դը Մյուսեն (բանաստեղծ) ու Էժեն Դելակրուան (գեղանկարիչ): 1826-37թթ. Հյուգոների ընտանիքն ապրում է Բյեվրեում, որտեղ Հյուգոն ծանոթանում է Հեկտոր Բերլիոզի (երգահան), Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի (գրող) և այլ արվեստագետների հետ, գրում է «Արևելյան մոտիվներ» (1829թ.) և «Աշնան երանգներ» (1831թ.) պոեմների ժողովածուները: Առաջինի գլխավոր թեմատիկան Հունաստանի` անկախության համար պատերազմն է  (1821-32թթ.), որտեղ հեղինակը հանդես է գալիս ի պաշտպանություն հույն ժողովրդի: 1829թ. լույս է տեսնում «Մահվան դատապարտվածի վերջին օրը», իսկ 1834թ.` «Կլոդ Գե» վեպերը, որոնցում Հյուգոն դատապարտում է մահապատիժները: «Մահվան դատապարտվածի վերջին օրը» մեծ ազդեցություն է թողել այնպիսի գրողների ստեղծագործության վրա, ինչպիսիք են Ալբեր Քամյուն, Չարլզ Դիքենսն ու Ֆյոդոր Դոստոևսկին:
 1831թ. լույս է տեսնում Հյուգոյի գլուխգործոցը` «Փարիզի Աստվածամոր տաճարը» :
1830-1843թթ. Հյուգոն գրեթե ամբողջովին նվիրվում է թատրոնին, բայց, այնուամենայնիվ, շարունակում է գրել բանաստեղծական մի քանի ժողովածու, այդ թվում` «Մթնշաղի երգերը», որտեղ փառաբանում է 1830թ. Հուլիսյան հեղափոխությունը, «Ներքին ձայներ», «Ճառագայթներ ու ստվերներ»: Դեռ 1828թ. Հյուգոն բեմադրում է իր վաղ շրջանի պիեսներից մեկը` «Էմի Ռոբսարտը»: Մեկ տարի անց նա ստեղծում է «Էրնանի» ռոմանտիկ դրաման, որը դարձավ հին ու նոր արվեստի կողմնակիցների միջև դեբատների առիթ: Ֆրանսիացի գրող ու քննադատ Թեոֆիլ Գոթիեն հանդես է գալիս ի պաշտպանություն պիեսի` որպես նորի կողմնակից: Այս ստեղծագործության շուրջ հյուսված տարաձայնությունները հայտնի են  «Պայքար Էրնանիի համար» անունով: «Մարիոն Դելորմ» ողբերգությունը, որը արգելվել էր 1829թ., վերջապես բեմադրվում է, իսկ «Թագավորը զվարճանում է» դրաման 1832թ. հեղինակավոր «Քոմեդի ֆրանսեզում» բեմադրվելուց հետո ևս արգելված ներկայացում է դառնում (միայն 50 տարի հետո է կրկին թույլատրվում բեմադրել այն): 
Հյուգոյի արձաններից մեկը Փարիզում
Հեղինակ՝ Լորան Օնորե Մարկեստ
1841թ. Հյուգոն դառնում է Ֆրանսիական ակադեմիայի, իսկ 1848թ.՝ Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ: Հայտնի գրողը դեմ էր 1851թ. պետական հեղաշրջմանը, և Նապոլեոն III-ի՝ կայսր հռչակվելուց հետո աքսորման մեջ էր: 1870թ. Հյուգոն վերադառնում է Փարիզ, 1876թ. դառնում  է սենատոր: 
 Ինչպես ժամանակի շատ ֆրանսիացի գրողների, այնպես էլ Հյուգոյի դեպքում նկատելի է Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիան ազդեցությունը՝ որպես ֆրանսիական ռոմանիզմի ակունքներում կանգնած հեղինակի: Դեռ 14 տարեկանում Հյուգոն իր օրագրում գրել էր «Ուզում եմ դառնալ կամ Շատոբրիան կամ ոչ ոք»: Հյուգոն փորձում էր իր համար օրինակ ծառայող Շատոբրիանի պես զարգացնել ռոմանտիզը Ֆրանսիայում, ամրապնդել նրա առաջատար դիրքը ազգային և, ինչու ոչ, համաշխարհային գրականության մեջ, ինչպես նաև ակտիվ գործունեություն ծավալել քաղաքական դաշտում, աջակցել հանրապետականներին ու նրանց գաղափարներին: 
1862թ. լույս է տեսնում «Թշվառները» վեպը, որը հետագայում դառնում է Հյուգոյի այցեքարտերից մեկն ու իր կարևորությամբ ու արժեքով չի զիջում ֆրանսիացու մյուս վեպերին: Այս վեպը Հյուգոյի գլխավոր բողոքն է սոցիալական անարադարությունների դեմ ու ամենավառ կոչը՝ նկատելու նրանց, ովքեր մնացել են թշվառության ստվերներում: 1869թ. հրատարակվում է «Մարդ, որը ծիծաղում է» վեպը՝ ևս մեկ ստեղծագործություն, որը պետք է հայտնի ու սիրված դառնար: 
Վիկտոր Հյուգոն մահանում է 1885թ. մայիսի 22-ին, 83 տարեկան հասակում, թոքերի բորբոքումից: Ֆրանսիացիներն իրենց ազգի հպարտություններից մեկին հրաժեշտ են տվել ինչպես որ հարկն է. տասը օր շարունակ մոտ 1 մլն. ֆրանսիացի հրաժեշտ էր տալիս Հյուգոյին: Թաղման շքեղ արարողությունից հետո գրողի մասունքներն ամփոփվել են Փարիզի Պանթեոնում: 
Հյուգոն բացահայտեց այն գլխավոր առանձնահատկությունները, որոնց հիման վրա պետք է կառուցվեր ֆրանսիական ռոմատիզմը: Պետք էր վերածնել երկրի պատմական թեմատիկան գրականության մեջ, հիմնվել պատմական փաստերի վրա, վերածնել միջնադարյան պատմությունը: Հյուգոն կարևորում էր պատմական կոլորիտի առկայությունը ստեղծագործության մեջ, այն պետք է խորապես ներթափանցված լիներ դարաշրջանի երանգավորմամբ: Այս սկզբունքները Հյուգոն ամբողջովին կիրառել է իր գլուխգործոցը՝ «Փարիզի Աստվածամոր տաճարը» ստեղծելիս: 
Հյուգոյի մարմարե կիսանդրին
Օգյուստ Ռոդեն 
Հյուգոն բազմատաղանդ գրող է. նա ստեղծագործել է գրական գրեթե բոլոր ժանրերով՝ ամեն ժանրում ցուցադրելով իր թե՛ համամարդկային, թե՛ նեղ, ազգային խնդիրները նույնպիսի արտահայտչականությամբ պատկերելու իր եզակի տաղանդը, իր վառ երևակայությունն ու խորը աշխարհընկալումը: Լինելով միաժամանակ գրող ու քաղաքական ակտիվ գործիչ՝ Հյուգոն միշտ փորձել է սահմանազատել իր գրական ու քաղաքական գաղափարները, սակայն, բնականաբար, նրա քաղաքական հայացքները չեն կարող չարտահայտվել նաև ստեղծագործություններում:  Ընդհանուր առմամբ Հյուգոն գրել է 9 վեպ, 13 պիես, բազմաթիվ բանաստեղծություններ, էսսեներ և այլն: Հյուգոն նաև նկարում էր. պահպանվել են ֆրանսիացու մի քանի կտավներ:  

No comments:

Post a Comment