Sunday, 13 September 2015

Վլադիմիր Նաբոկով «Լոլիտա»


      «Լոլիտա»՝ ռուս գրող Վլադիմիր Նաբոկովի ամենանշանավոր վեպը, որի գաղափարական հայեցակարգը այսօր էլ շարունակում է մնալ գրականագիտական մտքի ուսումնասիրության առարկա:

         Վլադիմիր Նաբոկովի ստեղծագործություններն առանձնանում են իքնատիպ յուրօրինակությամբ, որի շնորհիվ վերջինս վաստակել է հետարդիական գրականության դասական գրողի հռչակը:

      Նաբոկովը բազմալեզու գրող է, որի ստեղծագործությունները՝ գրված թե՛ Ռուսաստանում, թե՛ օտարության մեջ, հավասարապես ծանրակշիռ են: Դրանք հիացնում են ընթերցողին թե՛ թեմատիկայով, թե՛ լեզվով ու հեղինակային դիրքորոշումներով, կամ պարզապես ապշեցնում, ինչպես դա տեղի է ունեցել  նրա նշանավոր «Լոլիտա» վեպի պարագայում, որի հրապարակումից անմիջապես հետո դրա շուրջ բարձրանում է գրաքննադատական ու հասարակական քննարկումերի ալիքը:

       Ընդ որում,  վեպի   նկատմամբ  հետաքրքրությունը   չի  մարում  մինչ այսօր:  Դեռևս շարունակվում   են    տպագրվել   հոդվածներ    ու    առանձին    աշխատանքներ՝   նվիրված վեպի խնդրի վերլուծությանը:
       Վեպը համարվում է XX դարի ամենանշանավոր վեպերից մեկը: «The Modern Library»-ի կողմից այն ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն վեպերի շարքում չորրոդը: «Time» ամսագրի կողմից ևս ճանաչվել է հարյուրամյակի լավագույն հարյուր վեպերից մեկը: 

        «Լոլիտա» վեպը բերում է  գրողին համաշխարհային, կարելի է  ասել, անգամ աղմկահարույց  համբավ: Այն, անվիճելիորեն, համարվում է  նաբոկովյան հանճարի լավագույն ստեղծագործությունը: Առաջին անգամ հրատարակվել է 1955թ., Փարիզում,  անգլերեն լեզվով, որով և գրվել էր: 1958թ. տպագրվում է  ԱՄՆ-ում: Հետագայում թարգմանվել է  մի շարք լեզուներով: Այս վեպը  ևս արտացոլում է  բարդ բառախաղերի նկատմամբ Նաբոկովի սերը, որը բնորոշ է նրա մյուս վեպերին ևս:

        Իր սկանդալային բնույթի պատճառով “Sunday Express” պարբերականն այն համարել է պոռնոգրաֆիկ բնույթի: Գիրքն արգելվել է Ֆրանսիայում, 1955 – 1959թթնման  արգելք   գործում  էր  նաև Անգլիայում, 1974 – 1982թթ. գիրքն արգելված էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Սահամանափակումներ կային  նաև  Արգենտինայում  և   Նոր Զելանդիայում:

        
      Իր արձակուրդի ընթացքում ճանապարհորդելով դեպի Միացյալ Նահանգներ, Նաբոկովն աշխատում էր իր «Լոլիտա» վեպի վրա, որի թեմատիկան տվյալ ժամանակաշրջանի համար աննախադեպ էր, քանի որ պատմում էր տասներկուամյա աղջնակով տարված մի հասուն տղամարդու՝ Հումբերտ Հումբերտի պատմությունը:

          Նաբոկովը հետագայում խոստովանել է, որ պատրատվել է այրել վեպի բնօրինակը, քանի որ ինքն էլ վախեցել է նման թեմատիկայից: Այնուհետև, զգուշանալով աղմուկից ու հետապնդումներից, որոշել է վեպը հրատարակել անանուն: Վեպի հրատարակումն, իսկապես, աննախադեպ աղմուկ է բարձրացնում, սակայն Նաբոկովի կարիերայի ու փառքի վրա այն ամենևին էլ բացասական ազդեցութուն չի ունենում: Ընդհակառակը, այն հեղինակին հսկայական եկամուտ է բերում՝ հնարավորություն տալով թողնել ԱՄՆ-ում մանկավարժի աշխատանքը,  հաստատվել Շվեյցարիայում ու կենտրոնանալ ստեղծագործական աշխատանքի վրա:  Վեպը միանգամից նրան վերածում է Եվրոպայի ու Ամերիկայի ամենահայտնի գրողներից մեկին:

        Գրավիչ  ու  սեքսուալ  աղջկա կերպարը Նաբոկովի արվեստում հայտնվել էր դեռ բեռլինյան  «Լիլիթ» (1928թ.) բանաստեղծության մեջ: 1939թ. նա գրում է «Հրաշագործը» պոեմը, որը սյուժեով բավականին մոտ է «Լոլիտային»:

      Ենթադրվում է, որ Նաբոկովը վեպի թեմատիկան կարող  է վերցրած լինել «Վիկտոր Х.-ի ապաշխարանքները» անանուն ստեղծագործությունից, որը հրատարակվել է որպես Հեվոլկ Էլիսի «Սեռի հոգեբանության ուսումնասիրության» վեցերորդ հատորի  ֆրանսիական հրատարակության հավելված: Վիկտոր Х-ը, որը  Արևմուտքում բնակվող, ուկրաինական ծագմամբ պալատական էր, անկեղծորեն պատմում է իր սեռական կյանքի մասին, որը ներառում է ամենատարբեր պատմություններ, այդ թվում՝ պեդոֆիլիայի (մանկապղծության) դեպք: Հայտնի է, որ Նաբոկովը խնդրել է իր ամերիկացի ընկերոջը՝ գրող Էդմոնդ Ուիլսոնին, ուղարկել իրեն Էլիսի գիրքը, որն էլ արվել է 1948թ-ին, երբ Նաբոկովն սկսկել է աշխատել վեպի վրա:

     Վեպը վերլուծելիս գրականագետները հակասական կարծիքների են հանգել: Նրանց մի մասը գտնում  է, որ վեպն իրենից ներկայացնում է «կորցրած դրախտի որոնում», քանի որ Նաբոկովի արվեստում մեծ դեր է խաղում նրա մանկությունը, և մանկության մոտիվները գրողի մոտ մշտապես կապված են եղել դրախտի, եդեմական այգու, կորսված գեղեցիկի հետ: Մասնավորպես, գրականագետ Երոֆեևը գտնում էր, որ «Դրախտից վտարումն ինքնին  հանդիսանում է հոգեբանական հզոր հարված, որն ապրելն էլ իր հետ բերել է Նաբոկովի ռուսալեզու վեպերի նախաֆաբուլային հիմքը»:

       Դրան հակառակ մոտեցում է հայտնում Վ. Սախարովը իր «Նաբոկով՝ ռուս գրող» հոդվածում, որտեղ վերլուծելով  Նաբոկովի արվեստը, այդ թվում՝ «Լոլիտա» վեպը՝ գրաքննադատը գալիս է այն եզրակացության, որ Նաբոկովն ամենևին էլ չունի կորուսյալ դրախտ: Նրա ստեղծագործության հիմքը յուրահատուկ աշխարհայացքն  է, որը կապված է էքզիստենցիալիստական փիլիսոփայության հետ:

      Գրքի ամերիկյան հրատարակության մեջ կարելի է կարդալ Նաբոկովի կողմից գրված հետևյալ վերջաբանը. «Ես չեմ գրում ու չեմ կարդում բարոյա-խրատական գրականություն, և «Լոլիտան» ևս իր հետևից չի թողնում բարոյական խրատներ: Ինձ համար գրական ստեղծագործությունը գոյություն ունի այնքանով, որքանով այն տալիս է այն, ինչը ես ամենասովորական կերպով անվանում եմ գեղագիտական հաճույք, այսինքն՝ այնպիսի զգացողություն, որով ես ինչ-որ տեղ, ինչ-որ կերպ գտնվում եմ գիտակցության այլ վիճակների մեջ, որոնց համար արվեստը (այլ կերպ ասած՝ հետաքրքրությունը, նրբությունը, բարությունն ու հիացմունքը) համարվում են չափորոշիչներ: Այդպիսի գրքերը շատ չեն: Մնացածը կամ թափոն են, կամ, այսպես կոչված, «գաղափարական գրականություն», որոնք շատ հաճախ նույն այդ թափոնն են»:





         Նաբոկովը երբեք ուղղակի չի ասել՝ ինչի համար էր նա գրում, բայց այդ վերջաբանով նա խոստովանում էր՝ գրում էր հաճույքի համար, այսնիքն՝ այնպես, ինչպես գրել են Շեքսպիրը, Պուշկինն ու Շիլլերը, Բոդլերն ու Բլոկը:

        Այնուամենայնիվ,  բավականին հավանական է այն վարկածը, որ «Լոլիտա» վեպը շոշափում է  կորուսյալ դրախտի գաղափարը: Պատահական չէ, որ ստեղծագործության սկզբում Հումբերտը հիշում է իր մեռած սիրուհուն: Նրանք սիրել են միմյանց շատ երիտասարդ հասակում և տրվել են այդ զգացմուքնին երիտասարդ հոգուն բնորոշ ողջ կրքով. «…փոխադարձ միմյանց տիրելու մեր խելահեղ փափագը կարող է հագենալ միայն այն ժամանակ, երբ մեզանից յուրաքանչյուրն իսկապես յուրացնի ու ճանաչի մյուսի մարմնի ու հոգու ամեն մի մասնիկը…»:

         Չորս ամիս անց նրա սիրելի Անիբելլան մահանում է տիֆից: Հավանական է, որ անբավարարվածության այդ զգացումը մնում է  հերոսի հետ ողջ կյանքում: Այստեղից է ծագում չափազանց երիտասարդ աղջկա նկատմամբ նրա տենչը: Նա փորձում է վերադարձնել տանջող երջանկության ու բացարձակ ներդաշնակության զգացումը, որն ապրել է  ինչ-որ մի ժամանակ. «Թողեք ինձ մենակ իմ ծաղկող այգում, իմ  մամռոտ պարտեզում: Թող նրանք մշտապես խաղան ինձ հետ, երբեք չմեծանան»: Կորուսյալ դրախտի որոնումների թեմատիկան կարելի է գտնել գրքի այնպիսի տեսարաններում, որտեղ Լոլիտան հայտնվում   է  Հումբերտի առջև պահելով ձեռքում «հրաշալի, բանական, դրախտային կարմիր խնձորը»:

          «Լոլիտան» սկսվում է այնպիսի խոսքերով, որոնք կարելի է համարել սիրո գեղարվեստական բանաձև, որտեղ մարմնականն ու հոգևորը տարանջատված չեն. «Լոլիտա, իմ կյանքի լույս, իմ ազդրերի կրակ, իմ մեղք, իմ հոգի» և ավարտվում է  դեպի անմահություն գնալու հերոսի վերջին ճիգով. «Խոսում  եմարվեստի մեջ փրկության մասին: Դա է միակ անմահությունը, որը մենք կարող ենք կիսել իրար հետ, իմ Լոլիտա»:

           Վեպի «implicit»-ը և  «explicit»-ն ընդգրկում են սիրո հայեցակարգի հիմնարար կետերը այնպես, ինչպես դա ընկալում էին ХХ դարի ռուս փիլիսոփաները, իսկ դա մարմնականի «աստվածացումն» է, որին, որպես արդյունք, հետևում է  անմահությունը: Վերածնվող Էրոսի հայեցակարգը երիզում է վեպը՝ պատսպարելով ներսում չկայացած մեծ սիրո ողբերգական պատմությունը:

          Այս վեպով Նաբոկովը խորապես ուսումնասիրել է  մեղսունակ  սիրո խնդիրը՝ իր բոլոր բարդ ասպեկտներով: Դրա հետ միասին վեպում նա ուսումնասիրում է XIX դարի ռուս գրականության էթիկա-փիլիսոփայական ավանդույթները՝ վերարտադրելով խնդիրը այնպիսի էքզիստենցիալիստական-բարոյական համակարգում, ինչպիսին արել են ռուս գրողները, մասնավորապես՝ Դոստոևսկին: Ժամանակակից արվեստն ունի մեղքի նկատմամբ երկու ընկալում. կամ արդարացնել հանցագործությունը՝ ապացուցելով դրա օրինաչափությունը, կամ անգթաբար դատապարտել հանցագործին: Մինչդեռ XIX դարի ռուս գրողների գեղարվեստական աշխարհայացքում գործում է  մարդկային կյանքի վերաբերյալ գնահատականի ավելի բարդ մոդել. կոչել չարիքը չարիք, բայց խղճալ հանցագործին: Եվ Նաբոկովը ևս, լինելով ռուս գրող, հոյակապ հասկանում էր ազատ կամքի ու անձնական պատասխանատվության անբաժանելիությունը: Նա կարողացել է  ներթափանցել անհատի կյանքի ամենագաղտնի ու «անամոթ» խորքերը, ընդ որում՝ անելով դա ոչ թե հասարակական ավանդական բարոյականության կամ կրոնական դոգմաների, այլ՝  կյանքի, մարդկային բարոյականության տեսանկյունից:

No comments:

Post a Comment