Պեդրո Ալմոդովար (ծնվ. է 1949թ.)՝ իսպանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, մեր ժամանակի ամենահայտնի ռեժիսորներից մեկը:
Ծնվել է 1949թ. Իսպանիայի Կալսադա դե Կալատրավա քաղաքում, Անտոնիո Ալմոդովարի և Ֆրանսիսկա Կաբալյերոյի ընտանիքում: Երբ Պեդրոն 8 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Էստրեմադուրա, որտեղ տղան սկսում է հաճախել կաթոլիկ դրպրոց: Դեռ դպրոցական տարիներից Ալմոդովարը տարվել էր կինոյով: 18 տարեկանում առանց ընտանիքի տեղափոխվում է Մադրիդ՝ կինոարտադրություն սովորելու: Երիտասարդը պլանավորել էր ընդունվել Կինոյի դպրոց, սակայն այն այլևս չէր գործում: Ալմոդովարին ոչինչ չէր մնում, քան մայրաքաղաքում գոյատևելու միջոցներ գտնելը. բազմաթիվ ու տարատեսակ աշխատանքներ փոխելուց հետո նրան հաջողվում է ընդունվել հեռահաղորդակցման հայտնի «Տելեֆոնիկա» ընկերություն, որտեղ աշխատելու էր 12 տարի:
|
Ալմոդովարը 1988թ.-ին |
Միաժամանակ Ալմոդովարը դառնում է «Los Goliardos» թատերական խմբակի անդամ՝ երբեմն փոքրիկ դերեր ստանալով: Այստեղ նա ծանոթանում է ապագա դերասան ու ռեժիսոր Ֆելիքս Ռոտաետայի և դերասանուհի Կարմեն Մաուրայի հետ (որը բազմաթիվ դերեր էր կերտելու Ալմոդովարի ֆիլմերում): Այս շրջանում Ալմոդովարը Ֆաբիո դե Միգելի հետ հիմնում է "Almodóvar & McNamara" փանք-գլեմ-ռոք խումբը, որը, հիմնականում, երգիծական ու կոմիկական բնույթի երգեր էր թողարկում: Ալմոդովարը նաև պատմվածքներ հեղինակելու ու երբեմն տպագրվելու ժամանակ էր գտնում: Նրան մեծ բավականություն էր պատճառում նաև ֆոտոնովելներ ստեղծելը, որոնցից շատերը աղմուկի պատճառ էին դառնում իրենց անկաշկանդ ու ազատ թեմաներով:
1980թ. Ալմոդովարը նկարում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Պեպի, Լյուսի, Բոմ և մյուս աղջիկները» վերնագրով, որը սկսում է մեծ պահանջարկ վայելել կինոթատրոններում: Գլխավոր պատճառն, իհարկե, ֆիլմի հերոսուհիներն էին. առաջինը թմրամոլ է, երկրորդը՝ լեսբուհի, երրորդը՝ մազոխիզմի սիրահար: Ֆիլմը 4 ամիս շարունակ ցուցադրվում է կինոթատրոններում, սակայն գիշերային ժամերին:
|
«Ի՞նչ էի արել սրան արժանանալու համար» |
Ալմոդովարին իրական հաջողություն է բերում 1984թ. նկարահանած «Ի՞նչ էի արել սրան արժանանալու համար» ֆիլմը, որտեղ ռեժիսորը ներկայացնում է գլխավոր հերոսուհի Գլորիայի ողբերգական կյանքը: Կինոքննադատներն Ալմոդովարի այս աշխատանքը դասում են նեոռեալիզմ ոճին՝ զուգահեռներ տանելով իսպանական նեոռեալիզմի գլուխգործոցներից մեկի՝ Լուիս Բունյուելի «Մոռացվածները» (1950թ.) ֆիլմի հետ: Գլխավոր հերոսուհուն մարմնավորած Կարմեն Մաուրան հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր. «Աստվա՛ծ իմ, ինչպիսի՜ դաժանություն. ինչպե՞ս կարող են մարդիկ ծիծաղել նման դժբախտ կերպարի վրա: Այդ կինը կրկնակի զոհ է դառնում. նախ ծանր կյանքի, հետո՝ հանդիսատեսի ծիծաղի»: Հեղինակավոր "New York Times"-ն այս ֆիլմի մասին գրել է հետևյալը. «Հիանալի սև կատակերգություն է: Փոքրիկ գլուխգործոց»: Անդադառնալով սև հումոի թեմային՝ Ալմոդովարը նշել է. «Հումորի օգնությամբ իսպանացիները պայքարում են այն ամենի դեմ, ինչ իրենց տառապանք է պատճառում, անհանգաստացնում է, մահվան դեմ, վերջիվերջո»:
Գլորիայի կերպարով ռեժիսորն առաջին անգամ անդրադառնում է Աննա Մանյանիի ու Սոֆի Լորենի մարմնավորած «ուժեղ ու դժբախտ տնային տնտեսուհիներիի» կերպարներին. նրանք ամբողջ օրը բղավում են երեխաների վրա, միշտ հոգնած են, անխնամ ու հոգեպես միայնակ: Հերոսուհու միայնությունը Ալմոդովարը ընդգծում է տեխնիկական յուրահատուկ ձևով. Գլորիային նկարող տեսախցիկները տեղադրված են խոհանոցային սարքերի մեջ. հենց խոհանոցի ներսից է հանդիսատեսը տեսնում նրան: Հետագայում Ալմոդովարը «Ի՞նչ էի արել սրան արժանանալու համար»-ը որակել է որպես իր ֆիլմերից ամենասոցիալականը. այն արտահայտում է ոչ միայն Մադրիդի արվարձանների ունայնությունն ու կենսական վատ պայմանները, այլև արծարծում է այնպիսի ակտուալ խնդիրներ, ինչպիսիք են մաչիզմը (գենդերային ուժեղ խտրականություն, հայրիշխանություն), թմրամոլությունը և այլն:
|
Ալմոդովար եղբայրները |
1985թ. Ալմոդովարը եղբոր՝ Ագուստինի հետ հիմնադրում է "El Deseo" (թարգմ.՝ «ցանկություն») կինոընկերությունը, որի առաջին արտադրությունը դառնում է «Մատադոր» ֆիլմը (1986թ.), որին հաջորդում են «Ցանկության օրենքը» (1987թ.), «Նյարդային խանգարման եզրին գտնվող կանայք» (1988թ.), «Կապի՛ր ինձ» (1990թ.), «Բարձր կրունկներ» (1991թ.) ֆիլմերը, որոնք Ալմոդովարին ճանաչում են բերում նաև Իսպանիայից դուրս, ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայում և Արգենտինայում: «Նյարդային խանգարման եզրին գտնվող կանայք» ֆիլմը գնահատվում է նաև Հոլիվուդում՝ հայտնվելով Օսկարի «Օտարալեզու լավագուն ֆիլմ» անվանակարգում: Ընդհանուր առմամբ, այն արժանանում է մոտ 50 տարատեսակ մրցանակների:
|
«Նյարդային խանգարման եզրին գտնվող կանայք» |
1993թ. նկարահանված «Կիկա» ֆիլմի հաջողությունից հետո մյուս կարևոր նվաճումը դարձավ «Ամեն ինչ մորս մասին» ֆիլմը (1999թ.)՝ Ալմոդովարի այցեքարտերից մեկը: Այս ֆիլմը համաշխարհային ճանաչման է հասնում՝ արժանանալով միջազգային տարբեր մրցանակների՝ հաղթող ճանաչվելով նաև «Օսկար», «Ոսկե Գլոբուս» ու «Սեզար» հեղինակավոր մրցանակաբաշխությունների «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ Կաննի կինոփառատոնը այս ֆիլմի համար Ալմոդովարին շնորհում է «Ռեժիսորական լավագույն աշխատանք»-ի մրցանակը: Ֆիլմը պատմում է Մանուելա անունով մի կնոջ մասին, որի որդին՝ Էստեբանը, դժբախտ պատահարի հետևանքով մահանում է մոր աչքի առջև:
|
«Ամեն ինչ մորս մասին» |
Հուսահատված Մանուելան սկսում է թերթել որդու օրագիրը՝ վերնագրված «Ամեն ինչ մորս մասին» (էստեբանի սիրելի «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմի անունից): Այդ օրագրից մայրը տեղեկանում է, որ որդին այս աշխարհում ամենից շատ ուզում էր իմանալ, թե ով էր իր հայրը: Մանուելան որոշում է նոր կյանք սկսել, և առաջին հերթին գնում է գտնելու Էստեբանի հորը, որին չէր գրեթե 18 տարի և պատմել, որ որդի է ունեցել: Պարզվում է, որ հայրը՝ Լոլան, սեռափոխության է ենթարկվել, մարմնավաճառությամբ է զբաղվում ու հիվանդ է ՁԻԱՀ-ով: «Ամեն ինչ մորս մասին» ֆիլմի գաղափարը ծագել է ռեժիսորի ավելի վաղ՝ «Իմ գաղտնիքի ծաղիկը» (1995թ.) ֆիլմի մի դրվագից, որտեղ երիտասարդ բժիշկը մտածում է, թե ինչպես սգացող մորը համոզի որդու օրգանները հանձնել տրանսպլանտցիայի բաժնին:
|
Ալմոդովարն ու Անտոնիո Բանդերասը |
Ալմոդովարը խոստովանել է, որ իր ֆիլմի սյուժեի բոլոր տարօրինակ թվացող տարրերը նա վերցրել է Բարսելոնայի իրականությունից: Այս ֆիլմը ռոժիսորը նվիրել է «այն բոլոր դերասանուհիներին, ովքեր խաղում են, այն բոլոր կանանց, ովքեր խաղում են, այն բոլոր տղամարդկանց, ովքեր խաղում են, բոլոր նրանց, ովքեր ուզում են մայրանալ և իր մորը»: Ֆիլմում Ալմոդովարը, շատ այլ թեմաների հետ միասին, արծարծում է միասեռ ամուսնությունների թեման՝ ի դեմս Մանուելայի ու Լոլայի միասեռ զույգի: Ըստ իսպանացի ռեժիսորի՝ «պետք է հարգել ընտանիքը, ինչպիսին ուզում է լինի. չէ՞ որ կարևորը ընտանիքի անդամների միջև եղած սերն է»: Այն հարցին, թե, ի վերջո, ինչի մասին է ֆիլմը, Ալմոդովարը պատասխանում է. «Ֆիլմը նախ և առաջ խոսում է մայրության մասին, որը հետագայում վերածվում է հայրության, և հակառակը»:
|
«Խոսիր նրա հետ» |
2002թ. Ալմոդովարը նկարում է միանգամից երկու ֆիլմ՝ «Երկուշաբթիներն արևի տակ» և «Խոսիր նրա հետ». երկուսն էլ բավականին մեծ հաջողություն են գրանցում: «Երկուշաբթիներն արևի տակ» սոցիալական դրամայի հիմքում ընկած է Իսպանիայի Խիխոն քաղաքում կատարված իրական դեպքը: Ինչպես նշվում էր կարգախոսում՝ «Այս ֆիլմը հիմնված չէ իրական պատմության վրա: Այն հիմնված է հազարավոր իրական պատմությունների վրա»: «Խոսիր նրա հետ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունենում Կաննի կինոփառատոնի շրջանակներում: Մի փոքր շեղվելով իր ոճից ու օգտվելով մելոդրամա ստեղծելու դասական սկզբունքներից՝ Ալմոդովարը ներկայացնում է տարբեր հերոսների տարբեր պատմություններ, որոնք, սակայն, խաչվում են ու արտացոլվում մեկը մյուսում: Այս ֆիլմում Ալմոդովարի ուշադրության կենտրոնում սիրահարների միջև անկաշկանդ շփման ու խնդիրները քննարկելու կարևորությունն է և այն հետևանքները, որ առաջ են գալիս այդ շփման պակասից:
Բացի դրանից, ֆիլմում ռեժիսորն անդրադառնում է մենության, ընկերության, անխոհեմ կրքի և այլ թեմաների: «Խոսիր նրա հետ»-ը նույնպես արժանանում է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ «Օսկարի» արձանիկի «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում և Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն ֆիլմ»: Կինոքննադատ Ա. Պլախովն այս ֆիլմի մասին գրել է. «Առաջին անգամ Ալմոդովարին հաջողվում է տղամարդկանց ու կանանց միջև հույզերի իրական բալանս ստանալ. առաջիններն անդադար խոսում են, երկրորդները՝ լռում՝ լսելով ու սիրելով բացառապես ականջներով: Միգուցե հենց սա՞ է սիրո ներդաշնակության գաղտնիքը: Եթե կանայք համր լինեին, Ալմոդովարի տղամարդիկ ստիպված չէին լինի համասեռամոլ դառնալ կամ սեռ փոխել»:
|
«Վատ դաստիարակություն» |
2004թ. "El Deseo"-ն թողարկում է «Վատ դաստիարակություն» դրաման: Ֆիլմի գործողությունները կատարվում են 80-ականների Մադրիդում. սյուժեն հյուսվում է հայտնի կինոռեժիսոր Էնրիկե Գոդեի՝ իր մանկության ընկերոջ՝ Իգնասիո Ռոդրիգեսի հետ հանդիպման շուրջ: Ալմոդովարը ժխտում է ֆիլմի ինքնակենսագրական բնույթը՝ խոստովանելով, սակայն, որ այն ամբողջապես զուրկ չէ սեփական կենսափորձի տարրերից: Այս ֆիլմում ևս ռեժիսորն անդրադառնում է համասեռամոլության, երկսեռականության ու նման այլ թեմաներին, ինչպես նաև ներկայացնում է այնպիսի համարձակ իրավիճակ, ինչպիսին է հոգևորականների կողմից սեռական ոտնձգությունները: Այս խնդիրն Ալմոդովարը պատկերում է ֆրանկիստական Իսպանիայի կաթոլիկ դաստիարակության ֆոնին. այստեղից էլ ֆիլմի անվանումը:
|
Կարմեն Մաուրայի հետ |
Իհարկե Ալմոդավարը հայր Մանոլոյի պահվածքը չի վերագրում կաթոլիկ եկեղեցու բոլոր ներկայացուցիչներին՝ մտածված կերպով խուսափելով տիպականացնել նրա կերպարը, այնուամենայիվ, հասկանալի է դառնում, որ այս դեպքը ոչ առաջինն էլ, ոչ էլ վերջինը: Ալմոդովարը հավատարիմ է մնում իր սիրելի թեմաներից մեկին՝ կրքոտ, ուժեղ սիրուն. Մանուելը հանուն Խուանի պատրաստ է ամեն ինչի՝ նույնիսկ սեփական կյանքը կործանելու: «Կինոն կինոյի ներսում» մեթոդը (որն օգտագործվել էր նաև «Կապի՛ր ինձ» և «Իմ գաղտնիքի ծաղիկը» գործերում) այս ֆիլմում կարևոր գործառույթ է կատարում՝ միաձուլում է իրականությունն ու երևակայությունը, վերացնում այս երկուսի միջև եղած սահմանը: «Վատ դաստիարակություն» ֆիլմի պատճառով Ալմոդովարը, բնականաբար, խնդիրներ ունեցավ թե՛ երկրի իշխանությունների, թե՛ կաթոլիկ եկեղեցու հետ: Ֆիլմը չի արժանանում «Գոյայի» ոչ մի մրցանակի, և Ալմոդովարը եղբոր հետ միասին դուրս է գալիս Իսպանական կիոնակադեմիայի կազմից՝ իրենց այս քայլը պատճառաբանելով քվեարկության համակարգից դժգոհ լինելով:
|
«Վերադարձ» |
Մոր մահից հետո Ալմոդովարը վերապրում է իր մանկությունը՝ նկարահանելով «Վերադարձ» ֆիլմը (2006թ.), որը կարծես «հաշտեցման» առիթ է դառնում ռեժիսորի և Իսպանական կինոակադեմիայի միջև. ֆիլմ արժանանում է «Գոյայի» 6 մրցանակի: Բացի այդ, այս ֆիլմը շարունակում է համաշխարհային մասշտաբով հաջողությունների շարքը. ինչպես ֆիլմն, այնպես էլ գլխավոր դերակատար և Ալմոդովարի «մուսաներից» մեկը՝ Պենելոպե Կրուսը, պարգևատրվում են Կաննի կինոփառատոնի շրջանակներում: «Վերադարձ»-ը ներկայացնում է երեք սերնդի կանանց՝ դստերը, մորն ու տատիկին, որոնք գոյատևում են ստի, կեղծիքի, դաժանության, սնահավատության ու խենթության միջավայրում:
|
Ալմոդովարն իր սիրելի դերասանուհիների՝ Պ. Կրուսի ու Կ. Մաուրիայի հետ |
«Այս ֆիլմը բոլորովին էլ սյուրռեալիստական կատակերգություն չէ, ինչքան էլ երբեմն այդպիսին թվա: Ողջերն ու մահացածներն ապրում են կողք կողքի: Սա մի ֆիլմ է, որը պատմում է իմ ծննդավայրի տիրող մահվան մշակույթի մասին: Միշտ զարմանքով եմ ապրել մահվան հետ կապված բոլոր հույզերը: Մահացածները շարունակում էին ներկա լինել մարդկանց կյանքում, բազմաթիվ ծեսերում և ավանդույթներում: Այս ամենի շնորհիվ նրանք երբեք իսկապես չէին հեռանում: «Վերադարձը» վերացնում է սև Իսպանիան՝ առաջարկելով իրական ու միաժամանակ հակասական մի Իսպանիա, սպիտակ, ինքնաբուխ, զվարճալի, անվախ, համերաշխ ու արդար Իսպանիա»: Այս ֆիլմում ամենուրեք առկա է սուտը. բոլորը ինչ-որ բան են թաքցնում: Կեղծիքը դառնում է անդունդում չհայտվելու միակ տարբերակը, միակ փրկությունն ու զենքը: Արցունքներ, ժպիտներ, ծիծաղ, ուրվականներ, ծեսեր, մենություն, մահ, ծնունդ, սեռական ոտնձգություն, մարմնավաճառություն, հեռուստաաղբ, դաժան գաղտնիքներ և այլ տարատեսակ ու բևեռային երևույթները մոգական ու միաժամանակ խիստ իրական մթնոլորտ են հաղորդում այս ֆիլմին:
|
Ալմոդովարը «Մաշկը, որի մեջ ապրում եմ» ֆիլմի նկարահանումների ժամանակ |
2009թ. Ալմոդովարը նկարահանում է «Կոտրված գրկախառնություններ» ֆիլմը, որը նույնպես բավականին մեծ հաջողություն է գրանցում՝ արժանանալով ազգային ու միջազգային մրցանակների: 2011թ. թողարկվում է «Մաշկը, որի մեջ ապրում եմ» ֆիլմը, որն արտահայտում է ժամանակակից տեխնոլոգիաների ամենազորության գաղափարը. գիտությունը կարող է անել մարդու հետ այն, ինչ ուզում է, բայց չի կարող վերացնել նրա գիտակցությունը: Մարմինն ընդամենը կաղապար է, ընդամենը մաշկ, որի մեջ ապրում ենք:
Վերլուծելով Ալմոդովարի ոճը՝ հարկ է նշել այն նատուրալիզմը, որով ռեժիսորը հարվածում է իսպանական կինեմատոգրաֆի բուրժուական կոստումբրիզմին: Իր ֆիլմերում շոշափելով վերը նշված բոլոր պրովոկացիոն ու սկանդալային, բայց խորապես ակտուալ թեմաները՝ Ալմոդովարը լայն կտավի վրա ներկայացնում է իսպանական հասարակության ողջ պատկերը՝ շեշտը դնելով հատկապես թշվառ խավի վրա: Ալմոդովարի ֆիլմերը խորապես ազգային են՝ լեցուն իսպանական բարքերով, ապրելակերպով ու առհասարակ, աշխարհընկալմամբ:
|
Պ. Կրուսի հետ |
Կինոքննադատների կարծիքով Ալմոդովարի ստեղծագործության վրա նկատելի ազդեցություն են թողել իսպանացի լեգենդար կինոռեժիսոր Լուիս Բունյուելն ու գրող Ռամոն Մարիա դել Վալյե Ինկլանի դրամատուրգիան: Միայն իրեն հատուկ եղանակով միաձուլելով սև հումորը, իրականն ու ֆանտաստիկը, ցավոտն ու զվարճալին՝ Ալմոդովարը ստեղծել է իր ուրույն կինոաշխարհը, որը հնարավոր չէ շփոթել ցանկացած այլ աշխարհի հետ:
No comments:
Post a Comment