Քուիքստեփ (անգլ.՝ Quickstep, «արագ քայլ» )՝ 4/4 չափով զուգապար, ֆոքսթրոթ պարի արագ տարատեսակը:
Քուիքստեփը ծագել է Առաջին համաշխարհայինի տարիներին, Նյու Յորքի արվարձաններում: Սկզբնական շրջանում այն կատարում էին հիմնականում աֆրոամերիկացի պարողները: Հետագայում քուիքստեփը տարածվում է և բավականին հայտնի դառնում ամերիկյան հեղինակավոր պարասրահներում: Այս պարի պաշտոնական «ծննդյան թվականը» համարվում է 1923թ.-ը՝ ամերիկացի երաժիշտ Փոլ Ուայթմանի՝ իր խմբով Մեծ Բրիտանիայով շրջագայելու տարին:
Քուիքսթեփի առաջացումը բացատրվում է հետևյալ հանգամանքով. 1920-ական թթ-ին շատ նվագախմբեր սկսում են ֆոքսթրոթը նվագել բավականին արագ տեմպով, ինչն առաջացնում է պարողների դժգոհությունը: Բոլորին գոհացնելու համար ֆոքսթրոթը բաժանվում է երկու տեսակի՝ դանդաղ և արագ: Օրիգինալ ֆոքսթրոթի սիրահարներին պարի արագ տեսակի կատարման մասին «զգուշացնելու» համար պարահանդեսների ժամանակ այն հայտարարվում էր որպես "quick-time-foxtrot" կամ "quick-time-steps", որը հետագայում վերածվում է "quickstep"-ի: Այստեղից էլ պարի անվանումը:
Պայմանավորված պարի արագ ռիթմով՝ քուիքսթեփ պարողներից պահանջվում է թեթևություն և շարժունակություն. շարժումները պետք է լինեն արագ, եթերային ու սլացիկ:
Ժամանակակից քուիքստեփի շարժումներն, իհարկե, շատ են տարբերվում 20-ականների պարից, քանի որ ներկայիս քուիքստեփը հարստացել է նաև այլ պարերից վերցված շարժումներով, հատկապես՝ տեղում ցատկերով: Այնուամենայնիվ, քուիքսթեփի հիմնական շարժումները նույնն են՝ առաջընթաց քայլեր, պտույտներ և այլն:
Քուիքսթեփը եվրոպական պարահանդեսային պարերի մրցույթների անբաժան մասն է կազմում: Այդ մրցույթների ժամանակ այս պարին սովորաբար հատկացվում է 1,5-2 րոպե ժամանակ: Այս ընթացքում զույգը պետք է հասցնի ցուցադրել իր սլացիկությունն ու քուիքստեփի ողջ հմայքը:
No comments:
Post a Comment