Wednesday, 30 July 2014

Դանթե Ալիգիերի «Աստվածային կատակերգություն»



Դանթեի գլուխգործոցը՝ «Աստվածային կատակերգությունը»   (1307-1321),   մի   վիթխարի   կոթող  է, անցման  շրջանի  գեղարվեստական  լայն  ընդհանրացում, որն ամփոփում է միջնադարյան մշակույթն ու արտացոլում  նոր  շարժման  ճյուղերը: Պոեմն անվանելով կատակերգություն՝ Դանթեն կիրառել է կատակերգություն տերմինն իր ժամանակակից՝ միջնադարյան իմաստովԻնչպես  նա  պարզաբանում  է   Կանգրանդին  ուղղված  իր  նամակում,   կատակերգությունը ահաբեկող նախաբանով, բաերանպաստ վերջաբանով  և ժողովրդական լեզվով գրված միջին կարգի ստեղծագործություն է, մինչդեռ ողբերգությունը հիացնող նախաբանով և սարսափեցնող վերջաբանով բարձր ոճով  գրված քնարական ստեղծագործություն է: Պոեմն «աստվածային» հետագայում անվանել  է  Ջովաննի Բոկաչչոն: Դանթեն չէր կարող իր ստեղծագործությունն անվանել ողբերգություն, քանի որ այդ ժամանակաշրջանում  բարձր  ոճի սետղծագործությունները գրվում էին լատիներեն, իսկ Դանթեն այն գրել էր  իտալերեն լեզվով:

Դանթեն և Վերգիլիոսը՝ դժոխքում
Պոեմը բաղկացած է երեք մասից՝ «Դժոխք», «Քավարան» և «Դրախտ»: Հերոսը՝ Դանթեն, մարմնավորում է մեղքերի մեջ կորած մարդկությանը: Պոեմն ամփոփում է միջնադարյան աշխարհայեցողությունը և այլաբանորեն մարդկությանը փրկության ու երջանկության ճանապարհն է ցույց տալիս: Դանթեն հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի (երկրային բանականության խորհրդանիշը) առաջնորդությամբ իջնում է Դժոխք, անցնում մեղքերի 9 շրջանների միջով, ապա բարձրանում է Քավարանի լեռը, մաքրվում մեղքերից և Բեատրիչեի (աստվածային բանականության խորհրդանիշը) ուղեկցությամբ մտնում է Դրախտ: Պոեմում բանաստեղծը շոշափել է գիտական-փիլիսոփայական հարցեր, արտացոլել նոր գաղափարներ ու պատմության դրվագներ, ներկայացրել պատմական դեմքերին: Գեղարվեստական ձևի ու բովանդակության տեսակետից պոեմը սահմանագիծ է եվրոպական նոր գրականության պատմության մեջ: Միջնադարյան գրականության մեջ առաջին անգամ մեծ տեղ է հատկացված բնության նկարագրությանը: Դանթեն պոեմում այլաբանական պատկերներով նկարագրել է իր ապրած ժամանակաշրջանն ու ժամանակակիցներին: Երկը գեղարվեստական տպավորիչ պատկերներով հաստատում է Աստծու գոյությունն ու մարդու կյանքում աստվածայինի առաջնայնությունը:

   Պոեմը հագեցած է քաղաքական ու հոգևոր իրականության վերաբերյալ գաղափարներով:Պապականությանը Դանթեն վերաբերվում էր մեծագույն ակնածանքով, մինչդեռ ատելությամբ էր լցված դրա առանձին ներկայացուցիչների հանդեպ, ովքեր իրենց գործունեությամբ նպաստել էին Իտալիայում բուրժուական դասակարգի  հաստատմանը, ուստի պատահական չէ, որ մի քանի պապերի Դանթեն հանդիպում է հենց դժոխքում:Դանթեի կրոնը կաթոլիկությունն է, նրա փիլիսոփայությունն աստվածապաշտությունն է, գիտությունը՝ սքոլաստիկան, պոեզիան՝ այլաբանությունը: Դանթեի մեջ չեն մահացել ճգնավորության իդեալները, և ազատ սերը նա համարում  է մեծագույն մեղք:Մեղք չէ  միայն այն սերը, որը մաքուր պլատոնական բռնկումով թռչում է  դեպի պաշտամունքի առարկան:

Էլիզաբեթ Սոնրել. տեսարան  «Աստվածային կատակերգություն»-ից
Իր տեսությունները Դանթեն կառուցել է իրական կյանքի մասնիկներից: Անդրաշխարհի կառուցվածքի համար հիմք են ծառայել Իտալիայի ամենատարբեր անկյուններ, որոնք տեղավորված են պոեմում երկրաչափական հստակ ուրվագծերով: Պոեմում ամփոփված են մարդկային այն աստիճան բարդ ու տիպիկ կերպարներ, հոգեբանական այն կարգի վառ իրավիճակներ, որ գրականությունն առ այսօր շարունակում է բխել այդ ակունքից: Գրեթե յոթ դար «Աստվածայաին կատակերգությունը» ոգեշնչման աղբյուր  է եղել շատ ու շատ նկարիչների, պոետների ու փիլիսոփաների համար:

No comments:

Post a Comment