Ռումբա` կուբայական պար, որի արմատները, սակայն, գալիս են Աֆրիկայից: Ռումբայի բնորոշ առանձնահատկություններից է կրքոտ ճկուն շարժումները՝ համակցված լայն քայլերով:Ռումբան ձևավորվել է Հավանայում, տասնիններոդ դարում և սկզբնական շրջանում համակցված է եղել եվրոպական կոնտրդանսի հետ: Ենթադրվում է, որ բառի ծագումը գալիս է 1800-ական թթ-ին գործող «rumboso orquestra» պարային խմբերի անվանումից, իսկ Իսպանիայում «rumbo» բառը նշանակում է «ճանապարհ»: Սկզբնական շրջանում ռումբան գրեթե նման էր չա-չա-չա պարին, բայց հետագայում դրանք հստակ բաժանվում են: Ռումբայի երաժշտությունը դանդաղ տեմպ ու մելոդիկ երանգներ է ստանում և ստեղծագործվում մինորային լադում, մինչդեռ չա-չա-չայի երաժշտությւոնը դառնում է ավելի արագ և ստեղծագործվում ինչպես մինորային, այնպես էլ մաժորային լադերում: Ռումբայի երաժշտությունը զարգանում է վառ արտահայտված ռիթմերի ու երգչախմբային ձայների հիման վրա:19-րդ դարում Կուբայում գոյություն ուներ ռումբայի 3 տեսակ, որոնցից ամենահայտնին «գուագուանկո» ռումբան էր: Մյուս երկու տեսակներն էին «յամբու» և «կոլումբիա» ռումբաները: Երեք տեսակներն էլ ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները, թեպետ ընդհանուր առմամբ բավականին մոտ են միմյանց:
Լայն տարածում գտած գուագուանկո ռումբայի հատկանշական գիծն այն էր, որ պարողը պարի ընթացքում անընդհատ «հետապնդում» է իր զուգընկերուհուն՝ ազդրերով նրան դիպչելու համար, իսկ պարուհին պարի ընթացքում պետք է անընդհատ խույս տալով զսպեր իր զույգի «կիրքը»: Ենթադրվում է, որ հենց սա է պատճառ դարձել, որ ռումբան համարում են «սիրո պար»: Գուագուանկոն հիմնականում կազմված է աֆրիկյան հարվածային գործիքների ռիթմերից, որոնք կառուցվում են կլավե (clave) ՝ գլխավոր ռիթմի վրա՝ ներկայացնելով խառը շեշտադրում, որը հայտնի է որպես 3-2 պարային չափ: Բացի այս երեք հիմնական տարատեակներից, Կուբայում գոյություն ունեն ռումբայի այլ տեսակներ ևս, որոնք կատարում էին փողոցներում կազմակերպվող տարբեր տոնախմբությունների ժամանակ: Հատկապես նշանավոր է «միմետիկա» ռումբան, որում արտահայտված են հասարակ մարդկանց կյանքից տարբեր դրվագներ: Ռումբան արմատական փոփոխությունների է ենթարկվում ԱՄՆ-ում` ստանալով ավելի զուսպ շարժումներ ու ոճ: Եվ ռումբայի հենց այս տեսակն է, որ տարածվում է ամբողջ աշխարհով` նվաճելով լատինամերիկյան պարը գնահատողների ու, առհասարակ,
պարային մի շարք սերունդների սրտերը: Բոլոր պարահանդեսային պարերի մեջ ամենաշատը հենց ռումբային է հատկանշական խորը էմոցիոնալ բովանդակությունը: Իր զարգացման ընթացքում այն բազմիցս ձեռք է բերել գծեր, որոնք բնորոշ են բլյուզ երաժշտական ժանրին:
No comments:
Post a Comment