Sunday, 3 August 2014

Մազուրկա


Մազուրկա` լեհական ազգային պար, որն իր անվանումը ստացել է Մազովիայի (պատմական Լեհաստանի) բնակիչներից` մազուրներից: Մազուրկան արագ տեմպով, 3/4 կամ 3/8 հաշվով պար է: Ազգային այս պարի պատմությունից հայտնի է, որ 17-րդ դարում այն դարձել է լեհ հասարակ ժողովրդի շրջանում ամենատարածված պարերից մեկը, իսկ 19-րդ դարում Եվրոպայում դարձել է պարահանդեսային պարի տեսակ: Այն մեծ տարածում ուներ հատկապես Ռուսաստանում: Պատահական չէ, որ ռուսական դասական գրականության շատ գործերում մազուրկան գլխավոր պարերից մեկն է (օրինակ` Լ. Տոլստոյ «Աննա Կարենինա», «Պատերազմ և Խաղաղություն», Ի. Տուրգենև «Հայրեր և որդիներ»):
Ֆրանսիայում մազուրկային անդրադարձել են հատկապես Կլոդ Դեբյուսին և Մորիս Ռավելը: Մազուրկայի անունը հատկապես կապվում է հայտնի լեհ երգահան Ֆրեդերիկ Շոպենի հետ, որն ավելի քան 60 մազուրկայի հեղինակ է: Լինելով մեծ հայրենասեր` Շոպենը մազուրկայի մեջ դնում էր իր ազգային ոգին ու շունչը, արտահայտում հայրենիքի հանդեպ իր սերը: Շոպենը շատ հաճախ մեկ ստեղծագործության մեջ միաձուլում էր մազուրկայի տարբեր տարատեսակներ: Ընդհանրապես, նա առանձնացնում էր մազուրկայի երեք հիմնական տեսակ` «գեղջկական», «քաղաքային» ու «լիրիկական»: Շոպենն իր առաջին մազուրկաները գրել է 1825թ., բայց ավելի հասուն ու լուրջ ստեղծագործությունները լույս աշխարհ եկան 1830թ. ռուսական կառավարության դեմ լեհական ապստամբությունից հետո: Շոպենը շարունակեց մազուրկաներ ստեղծել ընդհուպ մինչև իր մահվան տարին` 1849թ.: 
Լեհ հայտնի դաշնակահարուհի և երգահան Մարիա Շիմանովսկան ստեղծել է դաշնամուրային ամենաերկար մազուրկաները, որոնք ներկայացվել են հանրության ուշադրությանը դեռ Շոպենից առաջ: Մեկ այլ հայտնի երգահան ու ջութակահար` Հենրիկ Վենյավսկին, նպաստել է մազուրկայի զարգացմանն ու տարածմանը դաշնամուրային ու ջութակային իր երկու մազուրկաներով: 1920-ական թթ. Կարոլ Շիմանովսկին ` 20-րդ դարի առաջին կեսի լեհական երաժշտական արվեստի ամենացայտուն դեմքերից մեկը, դաշամուրային մոտ 20 մազուրկա ստեղծեց` մեծապես նպաստելով երաժշտության ու պարի այս տեսակի հարստացմանը: Մազուրկան սիրված պար է համարվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆիլիպինները (այստեղ մազուրկան ավադական պարի տեսակ է), Պորտուգալիան, Շվեդիան, Իռլանդիան և այլն:

No comments:

Post a Comment