Tuesday 10 February 2015

Հեկտոր



     Հեկտոր՝ առասպելական հերոս, տրոյացիների զորապետը, Տրոյա քաղաքի արքա Պրիամոսի ավագ որդին, հույների գլխավոր հակառակորդը Տրոյական պատերազմում, Հոմերոսի «Իլիականի» գլխավոր գործող անձանցից մեկը: Հեկտորն ուներ 49 քույր ու եղբայր, սակայն  Պրիամոսի զավակների մեջ հենց նա էր  քաջության, հայրենասիրության խորհրդանիշն  ու  Տրոյայի պարծանքը: Ի տարբերություն մնացած շատ հերոսների՝ նա բնավորությամբ բռնակալ չէ և աչքի է ընկնում մարդկային բարձր հատկանիշներով: Պատահական չէ, որ Պրիամոսը իր որդիներից ամենաշատը նրան է սիրում:
Սերգեյ Պոստնիկով
«Հեկտորի հրաժեշտն Անդրոմաքեին՝ Տրոյայի պատերի մոտ»
(1863)

     Ավանդազրույցների համաձայն, հենց Հեկտորն է սպանել Տրոյայի հողի վրա ոտք դրած առաջին հույնին՝ Պրոտեսիլայոսին: Տրոյայի պաշարման իններորդ տարում Հեկտորը մենամարտի է հրավիրում Այաքսին, որն իր ուժով ու հզորությամբ հույների մեջ երկրորդն էր Աքիլլեսից հետո՝ խոստանալով նրան հաղթանակի դեպքում չհանել նրա մարմնից սաղավարտն ու պահանջելով Այաքսից անել նույնը: Երկարատև պայքարից հետո նրանք  որոշում են դադարեցնել մենամարտը եւ ի նշան միմյանց նկատմամբ հարգանքի՝ փոխանակվել նվերներով: Հեկտորը, չնայած Կասանդրայի գուշակություններին, հույս ուներ հաղթանակ տանել հույների նկատմամբ: Հենց նրա նախաձեռնությամբ են տրոյացիները ներխուժում հույների ճամբար, հասնում ռազմական նավատորմին ու հասցնում այրել նավերից մեկը:




Հաղթանակած Աքիլլեսը քարշ է տալիս Հեկտորի անկենդան մարմինը Տրոյայի շուրջ (հատված որմնակարից)

    Առասպելները պատմում են նաև Հեկտորի ու Պատրոկլեսի՝ հույն քաջագույն հերոս Աքիլլեսի մտերիմ ընկերոջ մենամարտի մասին, որտեղ Հեկտորը սպանում է իր հույն հակառակորդին ու հանում նրա վրայից Աքիլլեսի սաղավարտը: Աստվածներն ակտիվ մասնակցություն են ունենում այդ ճակատամարտին: Բաժանվելով երկու ճամբարների՝ նրանք ակտիվորեն պաշտպանում են կողմերից յուրաքանչյուրին: Հեկտորին հովանավորում էր անձամբ Ապոլլոնը: Պատրոկլեսի մահվան վրեժով տարված՝ Աքիլլեսը սպանում է Հեկտորին ու կապելով նրա դին մարտակառքին՝ քարշ է տալիս այն Տրոյայի շուրջը: Բայց Հեկտորի դին չէր նեխում, նրան չէին դիպչում թռչուններն ու վայրի կենդանիները, քանի որ Հեկտորի մարմինը  պաշտպանում էր անձամբ Ապոլլոնը:


Ալեքսանդր Իվանով «Պրիամոսն աղաչում է Աքիլլեսին վերադարձնել Հեկտորի մարմինը»

     Դա հիմք ընդունելով՝ հին հույները ենթադրում էին, թե Հեկտորն Ապոլլոնի որդին է: Համաձայն առասպելի, աստվածների խորհրդի ժամանակ Ապոլլոնը համոզում է Զևսին վերադարձնել Հեկտորի դին տրոյացիներին՝ նրան պատվով հուղարկավորելու համար եւ հենց Զևսի հրամանով է Աքիլլսեը վերադարձնում Հեկտորի դին՝ անսալով նաև Հեկտորի հոր՝ Պրիամոսի սրտագին աղաչանքներին:
    Հին հունական էպոսի հետազոտողները վաղուց են ուշադրություն դարձրել այն հանգամանքին, որ բացի «Իլիականից» Հեկտորի անվան հետ Տրոյական պատերազմի այլ դրվագներ կապված չեն: Միայն ավելի ուշ է Հեկտորը ներառվել Տրոյական պատերազմի մասին պատմող ավանդազրույցների շարք, որտեղ Հեկտորը ավելի, քան որևէ այլ հերոս, հանդիսացել է հայրենի հողի նկատմամբ պարտքի մարմնացումը:
Ժակ Լուի Դավիդ «Անդրոմաքեի ողբը Հեկտորի դիակի մոտ» (1783)


    Հետագայում եվրոպական գրականության մեջ ևս (Շիլլեր «Հեկտորի հրաժեշտը», Ժան Ժիրոդու «Տրոյական պատերազմ չի լինի» եւ այլն) պահպանվում է քաջագույն հերոսի կերպարի նկատմամբ ավանդական  մոտեցումները՝ որպես վեհանձնության ու մարդասիրական գաղափարների արտացոլում: Նրա կյանքի նշանավոր դրվագներ՝ մասնավորապես Պատրոկլեսի ու Աքիլլեսի հետ մենամարտերն ու կնոջ՝ Անդրոմաքեի հետ հրաժեշտի դրվագներն իրենց արտացոլումն է գտել արվեստի մի շարք ճյուղերում:

No comments:

Post a Comment