Wednesday 4 March 2015

Լև Տոլստոյ «Պատերազմ և խաղաղություն»

«Պատերազմ և խաղաղություն» (1863-1869թ.)՝ Լև Նիկոլաևիչ Տոլստոյի հայտնի վեպ-էպոպեան, որը պատկերում է ռուսական հասարակությունը 1805-1812թթ-ին` Նապոլեոն I Բոնապարտի դեմ պատերազմի տարիներին: Այս գլուխգործոցը հեղինակի գեղարվեստական մտածելակերպի համապարփակ մարմնավորումն է: Վեպի հիմքում XIX դարի առաջին երկու տասնամյակների եվրոպական պատմության նշանակալի դեպքերն են, իսկ կենտրոնում՝ ռուս ժողովրդի՝ 1812 թ-ի Հայրենական պատերազմի հերոսական դրվագները: Նման վեպ ստեղծելու մտահաղացումը Տոլստոյի մոտ ծնվել է այն գրելուց դեռ շատ տարիներ առաջ. «Պատերազմ և խաղաղության» նախաբանում հեղինակը նշում է, որ 1856թ. սկսել է մի պատմություն գրել, որի հերոսը պետք է լիներ ընտանիքի հետ միասին Ռուսաստան վերադարձող դեկաբրիստ: Այնուհետև Տոլստոյն անցում է կատարում 1825թ.-ին, սակայն այս թվականներին իր հերոսն արդեն հասուն մարդ էր, ընտանիքի հայր: Նրան հասկանալու համար հեղինակը պետք է տեղափոխեր հերոսին պատանեկություն, այն է` 1800-ական թթ.: Այս է պատճառը, որ Տոլստոյն իր վեպը սկսում է 1805թ. իրադարձությունները պատկերելով: 
«Նապոլեոնի նահանջը Մոսկվայից» Ադոլֆ Նորթերն
«Պատերազմ և խաղաղություն»-ը ի սկզբանե մեծ հաջողություն է ունենում: Բազում գրաքննադատերի կողմից համարվելով եվրոպական նոր գրականության մեծագույն վեպ-էպոպեա` քառահատոր այս ստեղծագործությունը բոլորին ապշեցրեց առաջին հերթին իր չափսերով: Այս առումով նույնիսկ համեմատական գծեր էր տարվում Տոլստոյի ու իտալացի գեղանկարիչ Պաոլո Վերոնեզեի հետ. վերջինիս կտավները նույնքան ընդգրկուն ու ամբողջական էին, ինչքան Տոլստոյի վեպը: Եվ իրոք, այս վեպում ներկայացված են հասարակության բոլոր հնարավոր խավերն ու տարիքային բոլոր խմբերը ` կայսրերից ու թագավորներից մինչև շարքային զինվորը: Որպես վեպ-էպոպեա` այս ստեղծագործության առաջնային ու ամենակարևոր արժեքը, բնականաբար, ռուս ժողովրդի հոգեբանության աննկարագրելի ճշգրիտ պատկերումն է: Տոլստոյը ապշեցուցիչ վարպետությամբ է ներկայացնում «ամբոխի» մտածելակերպը, ապրումները, վարքուբարքը` այդ նպատակով մանրամասնելով այնպիսի դեպքեր, որոնք կարող են չնչին թվալ նման մասշտաբների վեպի դեպքում (օրինակ` Վերեշյագինի սպանության տեսարանը): 
Տոլստոյի սևագրություններից,
1864թ.

Ամբողջ վեպի ընթացքում Տոլստոյը փորձում է որսալ կյանքի բնականոն, անգիտակից սկիզբը: Հեղիանակն ազատորոն զուգակցել է ռազմաքաղաքական, կենցաղային, բնության և հոգեբանական տեսարաններ, պատմափիլիսոփայական դատողություններ՝ զերծ մնալով սոցիալ-հոգեբանական վեպի սովորական ձևերից: Նախքան աշխատանքին անցնելը նա ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել է ռուս-ֆրանսիական պատերազմի բոլոր կողմերը, կարդացել պատմական բոլոր հնարավոր աղբյուրները` իր ապագա վեպին հնարավորինս ճշգրիտ բնույթ հաղորդելու համար: Վեպի երրորդ հատորի սկզբում Տոլստոյը արտահայտում իր սեփական հայացքները պատմության կերտման վերաբերյալ: Նրա նպատակն էր վերացնել իրականության ու երևակայության միջև կարծրացած սահմանները` դրանով իսկ մոտենալով իրականությանը: 

«Բորոդինոյի ճակատամարտը» Լ.Ֆ.Լեժեն, 1822թ
Ուշագրավ են վեպի լեզվական առանձնահատկությունները. չնայած վեպը գրված է ռուսերենով, այն ներառում է նաև ֆրանսերեն բազմաթիվ բառեր (հատկապես երկխոսություններում): Ֆրանսիական տարրերից օգտվելը պատահական չէ. Տոլստոյը պատկերում է 19-րդ դարի Ռուսաստանի բարձր խավի շրջանակներում ֆրանսերենի մեծ տարածումը: Այս լեզուն շատ ավելի հեղինակավոր էր ազնվականների համար, քան մայրենի ռուսերենը: Սա կապված էր դեռ Եկատերինա II-ի կառավարման տարիների հետ, երբ Փարիզը եվրոպական քաղաքակրթության կենտրոնն էր համարվում, և կայսրուհին որոշեց ֆրանսերենը դարձնել իր արքունիքի գլխավոր լեզուն` պարտադրելով լավ ճանաչել նաև ֆրանսիական մշակույթն ու ավանդույթները:

Անդրադառնալով վեպի գլխավոր կերպաներին (թեև այս դեպքում «գլխավոր կերպար»
«Նատաշա Ռոստովանյի առաջին պարահանդեսը»
Լ. Պաստերնակ
արտահայտությունը ավելի քան հարաբերական է)` հարկ է առանձնացնել Անդրեյ Բոլկոնսկու և Պիեր Բեզուխովի կերպարները, որոնք, հրաժարվելով իրենց նեղ դասային, եսասիրական ձգտումներից, զինվորագրվում են ճակատագրի ու կյանքի իմաստնության ըմբռնման վեհ գաղափարին: Կոմս Կ.Ա. Բեզուխովի արտամուսնական որդին` Պիերը, չափազանց բարեսիրտ է ռուսական բարձր խավում իր տեղը գտնելու համար: Նա կիրթ է, խելացի ու մաքուր հոգի ունի, հետևաբար, չի կարող իրեն ազնվազարմ հասարակության լիարժեք մասիկ զգալ: Հոր մահից հետո նա դառնում է մեծ ժառանգության ու տիտղոսի տեր` միաժամանակ դառնալով ժամանակի ամենացանկալի փեսացուներից մեկը: Ի տարբերություն շատ այլ կերպարների` Պիերը ստույգ նախատիպ չունի: Ենթադրվում է, որ այս կերպարը ստեղծելիս Տոլստոյի համար նախատիպ է ծառայել իշխան Պյոտր Անդրեևիչ Վյազեմսկին: Ինչ վերաբերում է Բոլկոնսկուն, ապա նա վեպի ամենալավ մշակված ու զարգացում ապրող կերպարներից է: Ցինիկ ու աթեիստ, ամուսնությունից հիասթափված, կնոջ միամիտ խառնվածքից հոգնած Անդրեյը ամեն ինչ անում է բանակում բարձր կոչում ստանալու համար, երազում է զորքի հրամանատար
Վյաչեսլավ Տիխոնովը` Բոլկոնսկու
դերում, 1965թ.
դառնալու մասին: Տոլստոյն ակնհայտ ներկայացնում է Բոլկոնսկու տածած հարգանքը Նապոլեոնի նկատմամբ: Մարտի դաշտում վիրավորված Անդրեյը հանդիպում է իր «հերոսին»` ավելի լավ պատկերացում կազմելով ֆրանսիացիների լեգենդար կայսրի մասին: Տուն վերադառնալուց ու կնոջ մահվանից հետո Անդրեյն էլ ավելի ցինիկ է դառնում ` կորցնելով թե՛ պատերազմի, թե՛ քաղաքականության հանդեպ ամեն հետաքրքրություն: Քաոսային պատերազմի շնորհիվ նա հասկացավ առանձին մարդկանց, նույնիսկ պատմական հզոր դեմքերի անզորությունը կյանքի բնականոն իրադարձությունները փոխելու հարցում: Հետագայում ընթերցողը հնարավորություն է ստանում հետևել այս յուրահատուկ կերպարի բազմափուլ զարգացմանը: Առհասարակ, վեպը հարուստ է վառ կերպարներով, որոնց շնորհիվ բարձրանում է պատմական այս ստեղծագործության գեղարվեստական արժեքը: Նատաշա Ռոստովան, Սոնյան, Անատոլ Կուրագինը, Ն.Ի. Ռոստովը, Ն.Ա. Բոլկոնսկին, Մարիա Նիկոլաևնան և շատ այլ հերոսներ այս վեպն էլ ավելի բազմազան են դարձնում իրենց խառնվածքներով: Իհարկե պետք է առանձնացնել նաև գեներալ Միխայիլ Կուտուզովի կերպարը, որի հանդեպ հեղինակն անթաքույց համակրանք է տածում: Կուտուզովն ուժեղ կերպար է ոչ թե մարտավարական հմտությունների տիրապետման ու հերոսությունների, այլ Նապոլեոնին հաղթելու զուտ ռուսական, պարզ ու միաժամանակ արտասովոր տարբերակը զգալու, գտնելու շնորհիվ: 

Նապոլեոնը` Մոսկվան հրդեհելուց հեոո
Այսպիսով, վստահ կարելի է նշել, որ Տոլստոյը հասել է իր նպատակին. նա անասելի խորությամբ պատկերել է «ռուսական ոգին», ռուս ժողովրդի էությունը, մտածելակերպը, մեծությունը: Տոլստոյի վեպում ժողովուրդն անդեմ զանգված չէ, ընդհակառակը` անհատականությունների մի բազմություն, որոնցից յուրաքանչյուրը գիտակցում է իր դերը ամբողջ ժողովրդի ճակատագրի կերտման հարցում: Մեծն վարպետը կարողացել է իր վեպում համադրել երկու ժանր` վեպ-էպոպեայի և հոգեբանական վեպի: Տոլստոյը մարդու մեջ ամենից շատ գնահատում էր ինքնակատարելագործման, ինքնամաքրման ձգտումը (Անդրեյ ու Պիեր): Կարելի է ասել, որ Տոլստոյն առաջինն էր ռուս գրականության մեջ, որ ընթերցողին ներկայացրեց հերոսների ներքին աշխարհի բոլոր տատանումները, աշխարհայացքի աստիճանական փոփոխությունները, այսպես կոչված` «հոգու դիալեկտիկան»: Այս է պատճառը, որ այս վեպում մեծ է տեղ է հատկացվում հերոսների ներքին մենախոսությանը:
Սերգեյ Բոնդարչուկը` Պիերի դերում
1965թ.
Տոլստոյի համար շատ հետաքրքրիր էր միջանձնային հարաբերությունների ուսումնասիրությունը, մարդու էության դրսևորումը հասարակության մեջ: Ոմանք ընդունակ չեն մի կողմ դնել սեփական ես-ը  (Էլեն, Անատոլ), ոմանք ստեղծված են զուտ ընտանիքի անդամ լինելու ու ընտանիքի սահմաններում ապրելու համար (Ռոստովների ընտանիքի մայրը), ոմանք կարողանում են լիարժեք ձուլվել հասարակությանը (Մարյա Բոլկոնսկայա) և սակավաթիվ մարդիկ են միայն ընդունակ խոյանալ դեպի հավերժություն, որոնցով հեղինակն ակնհայտորեն հիանում է:  Ուշագրավ է, որ հերոսների հոգեբանական վերլուծությունը Տոլստոյն իրականացնում է նաև նրանց երազների պատկերման շնորհիվ: Մեկ այլ եղանակ է արվեստի հանդեպ վերաբերմունքով կերպարներին «երկու խմբի» բաժանելը. մի մասն անտարբեր է արվեստի հանդեպ, մյուս մասի կյանքից այն անբաժան է (Նատաշայի երգերը, երաժշտության դերը Ռոստովների ընտանիքում): Տոլստոյը ստեղծում է փիլիսոփայական մի ողջ համակարգ` լի տիպիկ հերոսներով, և միգուցե այս է պատճառը, որ կերպարներից շատերն այդքան ծանոթ են թվում ընթերցողին: «Պատերազմ և խաղաղություն»-ը խորապես ներթափանցում է ռուս ժողովրդի հոգու ամենամութ անկյունները` բացահայտելով ռուսի ոչ միանշանակ բնավորությունը: 
«Այս վեպը կյանքի պես է. չունի ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ: Այն ինքը կյանքն է անդադար շարժման մեջ»,-Ռոմեն Ռոլան:

No comments:

Post a Comment