Friday, 6 March 2015

Սամբա


  Սամբա՝ հանրահայտ բրազիլական պար, բրազիլացիների ազգային ինքնության խորհրդանիշներից մեկը: Սամբան համաշխարհային ճանաչման է հասել շնոհիվ նշանավոր բրազիլական կարնավալների: Նրա տարատեսակներից մեկը՝ միջազգային սպորտային սամբան  ընդգրկված է  լատինամերիկյան պարյին ծրագրի հինգ պարտադիր պարերի մեջ: Սամբան կատարում են մեկ րոպեում 50-52 հարվածից բաղկացած ռիթմի տակ՝ 2/4 կամ 4/4 չափով:
Սամբա պարի արմատները գալիս են Բաիյա նահանգից: Ժամանակի ընթացքում ձեւավորվում են սամբայի առաջին դպրոցները՝ բաղկացած հիսուն հոգուց, որոնք, որպես կանոն, շքերթով անցնում էին փողոցներով: Բրազիլական առաջին դիմակահանդեսներն անցկացվում են 1920-30-ական թթ-ին: Ներկայումս դրանք ավանդական են դարձել ոչ միայն Ռիո դե Ժանեյրոյի, այլ նաեւ բրազիլական այլ խոշոր քաղաքների համար: Բրազիլական կարնավալը վաղուց վերածվել է մրցույթի, որտեղ սամբայի առաջատար դպրոցները մրցում են «սամբայի լավագույն դպրոց» կոչմանն արժանանալու համար:
Սամբան ունի մի շարք տարատեսակներ: Դրանցից է սամբա նու պեն (Samba no pé –հայ.՝ սամբա ոտքի վրա): Այս տարատեսակի շարժումներն օգտագործում են այն պարուհիները, որոնք դիմակահանդեսի ժամանակ գնում են հատուկ ֆուրգոնով: Այսինքն՝ սա այն տարատեսակն է, որը նախատեսված է կին մենապարուհիների համար, սակայն այն պարահրապարակում կարող է կատարել նաեւ պարային զույգը, առանց պահումների, այսինքն՝ զույգը պարը կատարում է միմյանցից որոշակի հեռավորության վրա:
Սամբայի տարատեսակներից սամբա դե գաֆիեյրան (Samba de Gafieira)՝ սոցիալական զուգապար է, որն իր մեջ միախառնում է նախկինում «բրազիլական տանգո» անվանումով հայտնի մաշիշեի, արգենտինական տանգոյի ու վալսի տարրեր: Ցուցադրական շոուների ժամանակ պարը կատարում են ռոքնռոլից փոխառված ակրոբատիկ հնարներով: Պարային այս ոճի անվանումը ծագել է "gafieira" բառից, որը նշանակում է պարահրապարակ: Այն բավականաչափ տարբերվում է միջազգային սպորտային սամբայից: Երկու ոճերի միջեւ տարբերությունը բացատրվում է նարնով, որ գաֆիեյրան ձեւավորվել է բուն մաշիշեից, մինչդեռ միջազգային ստանդարտ սամբան ձեւավորվել է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում՝ էրոտիկ տարրերից զուրկ մաշիշեի հիմքի վրա: Այս պարն առաջին անգամ ներկայացվում է 1909թ. Փարիզում՝ բրազիլացիներ Անտոնիո Լոպես դե Ամորինի՝ Դուկեի եւ Մարիա Լինայի կողմից: Անտոնիո Լոպեսը՝ ստեղծում  է մաշիշեի իր սեփական խորեոգրֆիան, որն էլ սկսում է ուսուցանել 1914թ. Փարիզում իր կողմից բացված պարադպրոցում: Ներկայումս աշխատանքներ են տարվում սամբա դե դե գաֆիեյրա ոճի ստանդարտացման ուղղությամբ՝ այն պարային պարտադիր ծրագիր մտցնելու նպատակով:

Սամբայի պագոդե տարատեսակը բավականին նման  է սամբա դե գաֆիեյրային, սակայն ի տարբերություն վերջինի՝ չի պարունակում ակրոբատիկ հնարներ, կատարվում է պարազույգի կողմից՝ միմյանց միջեւ փոքր տարածության վրա:
Սամբա Աշե (Samba Axé) տարատեսակը կատարում են միայնակ կամ մեծ խմբերով: Այն իր մեջ միաձուլում է սամբա նու նե-ի եւ ակրոբատիկայի տարրեր:
Սամբայի հայտնի տարատեսակներից է նաեւ սամբա դե ռոդան (շրջանային սամբա): Այն Բաիյա նահագում ձեւավորված պար է, որը հագեցած է աֆրոբրազիլական իմպրովիզներով:Այն սամբայի ամենահին ու բնօրինակ տարատեսակներից է, որից ձեւավորվել է քաղաքային սամբա կարիոկան: Բաիայում, որպես կանոն, տղամարդիկ կատարում էին երաժշտական զուգանվագը, իսկ կանայք ծափահարում էին: Ավանդույթի համաձայն, այդ կատարողները շրջան են կազմում, որի մեջ պարում է մեկ, կամ առավելագույնը՝ երկու կին: Տղամարդիկ հազվադեպ են մտնում շրջանի մեջ սամբա պարելու համար:
Պարահանդեսային կամ միջազագիյն սամբան ներկայումս հանդիսանում է սպորտային պարահանդեսային զուգապար, որը պարտադիր է լատինամերիկյան ծրագրի համար:Սամբայի այս տարատեսակին բնորոշ է զուգընկերոջ դիրքերի փոփոխումը, ազդրերի շարժունակությունը եւ ընդհանուր արտահայտիչ բնույթը: Պարային շարժումներին բնորոշ են մարմնի զանգվածի կտրուկ տեղափոխումը՝ ծնկներն արագորեն ծալել-ուղղելու միջոցով: Խորեոգրաֆիայի տակտային սխեմայի հիմքը կազմում է «a-slow, slow, a-slow, slow» կառուցվածքը:
Սամբայի այս տեսակն առաջացել է պարային երկու տարբեր մշակութային ավանդույթների՝ Կոնգոյից, Անգոլայից եւ Մոզամբիկից Բրազիլիա եկած սեւամորթ աֆրիկացի ստրուկների ավանդական պարերի ու եվրոպական պարերի, մասնավորապես պորտուգալցիների միջոցով Բրազիլիա հասած վալսի ու պոլկայի փոխազդեցությունից:
Բրիտանական հանրագիտարանը նշում է, որ զուգապարի այս տարատեսակը բրազիլական ծագում ունի, որը 20-րդ դարի 40-ականներին լայն ճանաչում է ձեռք բերում հատկապես ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայում: Պարողների շատ շարժումներ վերցված էին մաշիշեից՝ բրազիլական տանգոյից, որը 1870-1914թթ. Բրաիզիյաում ամենաարդի պարերից էր:
Եվրոպայում մինչեւ 1914թ. պարահանդեսային սամբան հայտնի չէր, քանի որ այդ շրջանում ամենաարդի պարերից էր մաշիշեն: Պարահանդեսային սամբան XX  30-ականներին Բրազիլիայյի քաղաքային միջավայրում  կատարում էին մաշիշեի հետ համակցված սամբա-մաշիշե տարբերակով: Չնայած նրան, որ պարահանդեսային սամբան  բրազիլական ծագում ունի, միջազգայի սամբա տերմինով տարածված այս տարատեսակն այնքան էլ լայն տարածում չունի Բրազիլիայում: Միջազգային սամբայի երաժշտությունը, կատարման ոճն ու հագուստը քիչ ընդհանրույթյուններ ունեն  սամբա դե գաֆիեյարայի հետ, որը ամենատարածվածն է Բրաիզլիայում:
Ի տարբերություն լատինամերիկյան մյուս պարահանդեսային պարերի՝ սպորտային սամբան իր էվոլուցիայի ընթացքում զգալիորեն հեռացել է իր արմատներից եւ Բրիազիլիայից դուրս նույնիսկ կարող է անվանվել «բրազիլական վալս»:

No comments:

Post a Comment