Ֆաուստը՝ Գյոթեի համանուն ողբերգության հերոսը, համաշխարհային գրականության հավերժական կերպարներից է: Կերպարի հիմքում ընկած է գերմանացի գիտնական, բժիշկ և գրբաց Ֆաուստի մասին լեգենդը: Որպես գիտնական՝ նա մեծ հաջողությունների էր հասել, սակայն մշտապես դժգոհ էր իր կյանքից, ոչինչ նրան չէր գոհացնում ու բավարարում. արդյունքում նա դաշինք է կնքում սատանայի հետ՝ անսահման գիտելիքը փոխանակելով իր հոգու հետ: Պատմական Ֆաուստը ծնվել է 1480թ. Գերմանիայի Կնիտլինգեն քաղաքում (այժմ՝ Բադեն-Վյուրթեմբերգ): Ըստ ավադույթի՝ գիտնականը մահացել է իր փորձարկումներից մեկի ժամանակ քիմիական տարրերի առաջացրած պայթյունից: Ենթադրվում է, որ Ֆաուստը կյանքի մեծ մասն անցկացրել է Լայպցիգում ու Քյոլնում: Գերմանացի հայտնի հումանիստ, Ռեֆորմացիայի գաղափարակից Ֆիլիպ Մելանխտոնը հավաստիացրել է, որ անձամբ ճանաչել է Ֆաուստին: Ըստ նրա տեղեկությունների՝ վերջինիս միշտ երկու շուն էին ուղեկցում, որոնք իրականում դև էին:
Համաշխարհային գրականության մեջ Ֆաուստի կերպարին անդրադարձել են անգլիացի
բանաստեղծ ու դրամատուրգ Քրիտոֆեր Մառլոն, գերմանացի դրամատուրգ Քրիստիան Դիտրիխ Գրաբբեն, գերմանացի բանաստեղծ Հենրիխ Հայնեն, ֆրանսիացի պոետ Պոլ Վալերին, արգենտինացի գրող Էդգար Բրաուն և շատ ուրիշեր:
Ռեմբրանդտ «Ֆաուստ», մոտ 1950թ. |
Անդրադառնալով Գյոթեի կողմից Ֆաուստի կերպարի մեկնաբանությանը՝ պետք է նշել, որ գերմանացու ստեղծագործության մեջ ևս Ֆաուստը չբավարարվող, խռովահույզ, «բուռն հանճար» է, որի մեջ նստած է գործունեության ոգին: Նա իր ողջ կյանքը նվիրել է գիտությանը, արդյունքում՝ նրա լայն գիտելիքների համբավը տարածվել է աշխարհով մեկ: Պատահական չէ, որ աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ աշակերտներ են գալիս նրա մոտ ուսում ստանալու: Այնուամենայնիվ, Ֆաուստը թախծում է. միայն ինքը գիտի, թե որքան չնչին են իր գիտելիքները բնության չբացահայտված գաղտնիքների համեմատ: Ֆաուստն ուզում է վերափոխել աշխարհը, իմանալ տիեզերքի օրենքները, գտնել դրանք փոխելու ճանապարհը, քանի որ ողորմելի աշխարհը նա համարում էր արհամարհանքի արժանի իրականություն: Ֆաուստին չեն հրապուրում ո՛չ ոսկին, ո՛չ փառքը, ո՛չ երկրային վայելքները: Նրա ձգտումները մեծ են, բարձր ու համամարդկային. մարդկանց համար որոնել գեղեցիկն ու կատարյալը, դրախտը կառուցել երկրի վրա:
Ֆաուստի մասին խոսելիս Աստված հարցնում է Մեֆիստոֆելին.
-Ճանաչու՞մ ես դու նրան:
-Այդ դոկտորի՞ն,-պատասխանում է Մեֆիստոֆելը:
-Իմ ծառային,-ասում է Աստված:
Ո՞վ է մարդը. բնության ատրուկը, թե՞ ինքնուրույն, իր համար գոյություն ունեցող ու
ինքնաբավ մի ուժ: Այո՛, մարդը բնության ստրուկն է: Բնությունն ինքն է նախասահմանում մարդու ուղին: Մեֆիստոֆելը այսպես է բնութագրում մարդուն ու մարդկությանը` ի դեմ Ֆաուստի. «Միշտ անհանգիստ է մարդը, միշտ որոնում է նորը, երբեք չի բավարարվում ձեռք բերածով, լի է պայքարի մղող անսպառ եռանդով, դժվարություններ հաղթահարելու ավյունով. այսպիսի բնազդներ է դրել մարդու մեջ Մայր բնությունը»: Դրանք կատարելության են մղում մարդուն, թե՛ իրեն՝ բնությանը: Աստված առաջարկում է փորձարկել մարդուն. թող սատանան փորձի գայթակղել Ֆաուստին, թող սպանի նրա մեջ վսեմ մղումները, հասցնի նրան անասնական վիճակի: Ամենազորը չի հավատում Մեֆիստոֆելի հաղթանակին, բայց, այդուհանդերձ, թույլ է տալիս փորձել մարդուն: Մեֆիստոֆելը շատ բան է կարողանում կործանել, բայց նա անկարող է ոչնչացնել հիմնականը, էականը՝ կյանքը: Գյոթեն, իհարկե, հերոսներից և ոչ մեկի կողմնակիցը չէ. նա մերթընդմերթ ընդունում է թե՛ մեկի, թե՛ մյուսի իրավացիությունը: Ֆաուստը կրքոտ է, նա կարող է մոլորվել ու ճակատագրական սխալներ գործել: Նա ջերմ սիրտ ունի, եռանդուն խառնվածքով է օժտված, չափազանց զգայուն է, նրա սիրտը խոցելը դժվար բան չէ: Միշտ որոնում է, միշտ կասկածանքների ու տագնապների մեջ է: Այս ամենով ու ոչ միայն՝ Ֆաուստն ու Մեֆիստոֆելը հակադիր կերպարներ են: Առաջինը անհագ է, երկրորդը՝ ամեն ինչից կուշտ ու հագեցած, առաջինը ձգտում է սահմանից դուրս հայտնվել, երկրորդը գիտի, որ այնտեղ ոչինչ չկա, դատարկություն է միայն: Մեֆիստոֆելը խաղում է Ֆաուստի հետ, ինչպես մի անմիտ երեխայի հետ կխաղար:
Գեորգ Ֆրիդրիխ Կերսթինգ «Ֆաուստը հետազոտության մեջ» |
Մի օր Ֆաուստը բացում է գիրքն ու տեսնում մակրոկոսմոսի նշանը: Ամեն ինչ պայծառանում է աչքերի առջև, նոր ուժեր են հեղեղվում նրա կրծքի մեջ, նա կրկին համակվում է եռանդով: Ո՛չ, նա բնության ստրուկը չէ, մանր որդ չէ, բնության արքան, աստվածն է նա: Ֆաուստն, ի վերջո, ստեղծում է մի կյանք, որտեղ ժողովուրդն ազատագրված է ամեն տեսակ ճնշումից, որտեղ մարդկային ուժերն ու եռանդը ծառայում են մի բանի՝ բնությանը: Դա էր Ֆաուստի գերագույն իդեալը: Նա պայքարում է տարերքի դեմ, ծովից ցամաք է նվաճում ու նրա վրա բնակեցնում տարբեր ժողովուրդներ: Նա կառուցում է: Նա ցանկանում է ժողովրդին ազատ, երջանիկ ու նյութական ճոխության մեջ տեսնել: Այժմ նա հասկանում է, որ մարդու միակ երջանկությունը ազատության համար պայքարելու ձգտումն է, նպատակը՝ ստեղծարար աշխատանքը: Գտնված է այն ճշմարտությունը, որ նա այնքան երկար որոնել էր: Գեղեցիկ է այդ ճշմարտությունը, և Ֆաուստը երջանիկ է, որ ապրում է կյանքի ամենալուսավոր պահը. «Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու»:
Սերունդներ ու ժողովուրդներ են եկել-գնացել, նրանց հետքն անհետացել է մոռացության մեջ: Արդյոք միևնույն չէ՞, եթե նրանք առհասարակ գոյություն չունենային: Գյոթեն չի վիճում Մեֆիստոֆելի հետ. անշուշտ, գոյություն ունի մահը, կործանումն ու վախճանը թե՛ վատի, թե՛ լավի: Մոռացությունը ծածկում է անցյալը ու ասես լիովին ոչնչացնում է այն ամենն, ինչ գոյություն է ունեցել: Բայց, աշխարհը գեղեցիկ է. արժե ապրել, պայքարել, ստեղծել: Մենք ապրում ենք նոր կյանք ստեղծելու համար…
No comments:
Post a Comment