Friday 8 May 2015

Պաբլո Պիկասսո


    Պաբլո Պիկասսո՝ (1881-1973թթ.)` իսպանացի նկարիչ, քանդակագործ և գրաֆիկ, XX դարի խոշորագույն արվեստագետներից, կուբիզմի հիմնադիրներից, ֆրանսիական գեղանկարչության ամենավառ ներկայացուցիչներից
     Պաբլո Պիկասսոն (իսկական ազգանունը՝ Ռուիս-Պիկասսո) նկարել է 10 տարեկանից: Նկարչության առաջին դասերն առել է հորից՝ նկարիչ-մանկավարժ Խոսե Ռուիսից: 1894–95 թթ-ին սովորել է Լա Կորունիայի, 1895 թ-ից՝ Բարսելոնի գեղեցիկ արվեստների դպրոցներում, 1897–1898 թթ-ին՝ Մադրիդի Սան Ֆեռնանդո թագավորական ակադեմիայում: 1898 թ-ին Բարսելոնում բացվել է Պիկասսոյի գծանկարների առաջին ցուցահանդեսը, որոնց բնորոշ են բացառիկ դիտողականությունն ու վավերականությունը: 1900 թ-ին նա մեկնել է Փարիզ, ծանոթացել Անրի Թուլուզ-Լոտրեկի, Էդգար Դեգայի, Պոլ Սեզանի, Վինսենտ վան Գոգի ստեղծագործություններին, նաև արվեստի նորագույն ուղղություններին: 1904 թ-ից հաստատվել է Փարիզում
Նկարիչն իր առաջին (1900-ական թվականների սկիզբ) ուշագրավ գործերում վարդաոսկեգույնով, վարդամոխրագույնով և կապույտի ու կանաչի երանգներով պատկերել է միայնակ թշվառների, աղքատների, թափառաշրջիկ դերասանների՝ «Թափառաշրջիկ մարմնամարզիկները» (1901 թ.), «Ժամադրություն» (1902 թ.), «Աղքատ ծերունին և տղան» (1903 թ.), «Աղջիկը գնդի վրա» (1905 թ.) և այլ գործեր, որոնք աչքի են ընկնում պլաստիկ ձևերով ու արտահայտիչ գծանկարով

  1907 թ-ից Պիկասսոն հեռացել է համաշխարհային արվեստի ռեալիստական ավանդույթներից (չնայած երբեմն անդրադարձել է դրանց), դիմել արվեստի նորագույն ուղղություններին (կուբիզմ, սյուրռեալիզմ, նեոկլասիցիզմ). ստեղծել է «Ավինյոնի աղջիկները» (1907 թ.), «Հովհարով տիկինը» (1909 թ.), «Ձկնորս» (1918 թ.), «Հանգստացող գեղջուկներ» (1919 թ.), «Երեք երաժիշտ» (1921 թ.), «Երեք կին աղբյուրի մոտ» (1921 թ.), «Մայր ու երեխա» (1922 թ.) և այլ գործեր, որոնք առանձնանում են հուզականությամբ ու գրաֆիկական գծի նրբագեղությամբ: Դրանց հակապատկերներն են 1920–30-ական թվականների բազմաթիվ աշխատանքներ՝ երբեմն` բնորդի «այլանդակ», «վանող» կերպարանափոխումներովՊար», 1925 թ., «Կինը լողափին», 1930 թ., և այլն), որոնք նույնպես առնչվում են սյուրռեալիզմին
1916 թ-ին Պիկասսոն Փարիզում ստեղծել է Սերգեյ Դյագիլևի «Ռուսական բալետ» թատերախմբի «Շքերթ» ներկայացման վարագույրի, բեմանկարների և զգեստների էսքիզները
 
1930-ական թվականների լավագույն աշխատանքներից է «Մինոտավրոմախիա» նկարաշարը (օֆորտ), որտեղ Մինոտավրոսի (Ցլամարդ) խորհրդանշական կերպարում մարմնավորել է լուսավորի ու բանականի մշտնջենական պայքարը խավարի դեմ: Պիկասսոն կտավներում այլաբանորեն պատկերել է բռնությունն ու մարդկային իրավունքների ոտնահարումը կապիտալի աշխարհումԼացող կինը», 1937 թ., «Կատուն և թռչունը», 1939 թ., և այլն): Այդ շրջանում է դրսևորվել Պիկասսոյի հասարակական դիրքորոշումը. նա դարձել է Ֆրանսիայի Ազգային ճակատի նշանավոր գործիչներից, ակտիվորեն մասնակցել ֆաշիզմի դեմ իսպանական ժողովրդի պայքարին (1936–39 թթ.): «Գեներալ Ֆրանկոյի երազանքներն ու կեղծիքը» նկարաշարում մերկացրել է ֆաշիզմի մարդատյացությունը
1937 թ-ի ապրիլի 26-ին ֆաշիստական «Կոնկոր» ռմբակոծիչ ինքնաթիռները կործանել են բասկերի մայրաքաղաք Գեռնիկան, որի դեմ Պիկասսոն իր բողոքն արտահայտել է հանրահայտ «Գեռնիկա» կտավում (1937 թ.): 1940 թ-ին նկարչի համաձայնությամբ այն ժամանակավորապես հանձնվել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանին, իսկ 1981 թ-ին տեղափոխվել է Իսպանիա:
  Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) տարիներին Պիկասսոն Ֆրանսիայում մասնակցել է Դիմադրության շարժմանը: Նրա առաջադեմ, մարդասիրական հայացքները դրսևորվել են «Խաղաղության աղավնին» (1947 թ.) կտավում, «Խաղաղություն» և «Պատերազմ» (երկուսն էլ՝ 1952 թ.) պաննոներում
1940-ական թվականների 2-րդ կեսից Պիկասսոն ստեղծագործել է նաև քանդակագործությանՄարդն ու գառնուկը», 1944 թ., «Հղի կինը», 1950 թ., և այլն), խեցեգործությանԿենտավրոս», 1958 թ., դեկորատիվ ափսեներ, մարդակերպ սափորներ և այլն) ու գրաֆիկայի բնագավառներում: Հայտնի է «Մարդկային կատակերգություն» (1953–54 թթ.) գծանկարների և վիմագրությունների շարքը:
Ստեղծագործության վերջին շրջանում նկարիչը կրկին անդրադարձել է իր նախընտրած թեմաներին (կրկես, ցլամարտ, դիցաբանություն և այլն):
   Պիկասսոյի արվեստում մեծ տեղ են գրավում նաև կանանց դիմանկարներըՕլգայի դիմանկարը», 1923 թ., «Աղջիկը հայելու առջև», 1932 թ.): 
Նկարիչն ստեղծել է շուրջ 50 հզ. աշխատանք: Գործերից պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում (Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան, Նյու Յորքի ժամանակակից արվեստի, Մետրոպոլիտեն, Բալթիմորի գեղարվեստի, Փարիզի ժամանակակից արվեստի և այլն): 
  1967 թ-ին ՀԱՊ-ում բացվել է Պիկասսոյի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը
    Պիկասսոյի թանգարաններ են բացվել Բարսելոնում (1963 թ.), Փարիզում (1985 թ.), Մալագայում (2003 թ.):
1950 թ-ին նկարիչն ընտրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ:
Պիկասսոն արժանացել է Խաղաղության (1950 թ.) և «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» Լենինյան (1962 թ.) միջազգային մրցանակների:


Աղբյուրը՝ Հայկական Հանրագիտարան

No comments:

Post a Comment