Saturday 11 July 2015

Պոլկա

Պոլկա` չեխական ժողովրդական պար, որն առաջացել է պատմական Բոհեմիայում (ներկայիս Չեխիան) 1830-ական թթ.: Աշխույժ, արագ տեմպով (2/4) այս պարը (զուգահեռ նաև համանուն երաժշտությունը) մեծ տարածում է գտնում ողջ Եվրոպայում` հասնելով նաև Ամերիկա մայրցամաք: Պոլկան իր տարատեսակներն ունի Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, օրինակ` Պարագվայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Նիկարագուայում ու Մեքսիկայում: Առհասարակ, պոլկան բազմաթիվ տարատեսակներ ունի, որոնք ըստ տարածաշրջանների կարող են ինչպես շատ նման, այնպես էլ տարբեր լինել:

20-րդ դարի սկզբին կարծիք էր տարածվել, որ «պոլկա» անվանումն առաջացել է չեխերեն «պուլկա» բառից, որը նշանակում է «կես քայլ»: Սա բացատրվում է նաև նրանով, որ պարի ռիթմը պահանջում է մի ոտքից արագ անցում մյուսին: Այնումենայնիվ, ներկայումս այս տեսակետը չի ընդունվում: Պոլկայի հետ կապված ամենատարածված սխալ տեղեկությունն այն է, որ այս պարը համարվում է լեհական: Այս տեսակետի հիմքն այն է, որ չեխերեն «պոլկա» բառը նշանակում է նաև «լեհուհի»: Բացի այդ, այն երբեմն շփոթում են շվեդական պոլսկա պարի հետ: 

Այս պարի ծագման վերաբերյալ կա մի վարկած, որը կապված է Աննա Սլեզակովա անունով մի աղջկա հետ, որը 1834. առաջին անգամ պոլկա է պարում չեխական ժողովրդական մի երգի տակ: Իհարկե այս պարը դեռևս «պոլկա» անվանումը չուներ. այն կոչվում էր «մադերա»: Հետագայում պարի ուսուցիչ Ջոզեֆ Ներուդան, նկատելով Աննայի յուրահատուկ պարը, մշակում է այն ու սովորեցնում այլ պարողների: Արդեն 1835թ. պոլկան Չեխիայի ամենատարածված պարահանդեսային պարն էր: 1939թ. այն նույն տարածումն է գտնում նաև Ավստրիայում, իսկ 1840թ.` Ֆրանսիայում: Փարիզում պոլկայի տարածվածությունը նկարագրելու համար նույնիսկ ստեղծվում է «պոլկամանիա» տերմինը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ բազմաթիվ լեհ փախստականներ հաստատվում են ԱՄՆ-ում, պոլկան տարածվում է նաև Միացյալ նահանգներում: Ռուսաստանում պոլկան մեծ մասսայականություն է վայելում 1845թ.-ից սկսած, երբ ժամանակի հայտնի պարողներից մեկը` Նիկոլայ Գոլցը, հյուրախաղերով Փարիզ է մեկնում ու վերադառնում Ֆրանսիայում շատ մոդայիկ դարձած պարով տպավորված: Շուտով Գոլցը բեմադրում է պոլկան, ինչի արդյունքում այն դառնում է ռուսական բարձր խավի սիրելի պարը: 

Պոլկային անդրադարձել են այնպիսի հայտնի երգահաններ, ինչպիսիք են Յոհան Շտրաուս հայրն, Յոհան Շտրաուս որդին, Դմիտրի Շոստակովիչը, Յոզեֆ Լանները, Բեդրժիխ Սմետանան, Անտոնին Դվորժակը և շատ ուրիշներ:

No comments:

Post a Comment