«Մեծն Գեթսբի» (անգլ.` ''The Great Gatsby'', 1925թ.)` ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ամենահայտնի վեպը, որն ամերիկյան գրականության մեջ «ջազի շրջանը» պատկերող լավագույն գործերից է:
Ֆիցջերալդը վեպի վրա սկսել է աշխատել Նյու Յորքում, 1932թ.-ին, սակայն ավարտել ու հրատարակել է Փարիզում, որտեղ բնակվում էր այդ տարիներին: Այդ օրերին նա արտահայտվելու մեծ ուժ էր զգում իր մեջ, քանի որ հավատում էր, որ աապագա վեպն իրեն լուրջ հաջողություն է ապահովելու: Հետագայում Ֆիցջերալդը խոստովանել է. «Ես հսկայական ուժ էի զգում ներսումս, այնպիսի մի ուժ, որ երբևիցե չէի զգացել նախկինում»: Գրքի առաջին հրատարակության շապիկը վստահվված էր ոչ այնքան հայտնի նկարիչ Ֆրենսիս Կուգատին: Վերջինս իր աշխատանքն ավարտել էր նախքան Ֆիցջերալդը կավարտեր վեպը: Շապիկն արտ-դեկո ոճով է, պատկերում է կնոջ դեմք, առանց քթի, բայց արտահայտիչ աչքերով ու շրթունքներով: Կնոջ աջ աչքից կանաչ արցունք է կաթում:
Ֆիցջերալդը երկար տարակուսանքների մեջ է եղել վեպին վերնագիր տալուց առաջ: Նա հրաժարվել է նախնական մի քանի տարբերակներից, այդ թվում` «Աղբի ու միլիոնատերերի շուրջ», «Գեթսբի Ոսկե գլխարկ», «Ուեսթ Էգգի ճանապարհին» և այլն: Հրատարակումից ընդամենը մեկ շաբաթ առաջ Ֆիցջերալդը որոշում է իր վեպն անվանել «Մեծն Գեթսբի», սակայն հետո նորից մտափոխվում է ու կանգ առնում «Կարմիրի, Կապույտի ու Սպիտակի ներքո» տարբերակի վրա, որը խորհրդանշում էր ԱՄՆ-ի պետական դրոշի գույները: Իհարկե հետագայում վեպն արդեն վերջնական ստանում է այս նախավերջին վերնագիրը: Ենթադրվում է, որ հեղինակն իր հերոսին հեգնական երանգով է անվանում «մեծն». մի կողմից Գեթսբին բավականին ակնառու, կենսուրախ ու էներգիայով լի մարդ է, սակայն, մյուս կողմից, կործանել է ինքն իրեն հանուն կեղծ գաղափարների ու նպատակների:
Չնայած լույս տեսնելուց կարճ ժամանակ հետո գիրքը էկրանավորվեց Հոլիվուդում ու բեմադրվեց Բրոդվեյում, հեղինակի կենդանության օրոք մեծ գնահատականի չարժանացավ: Մեծ Ճգնաժամի ու Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Մեծն Գեթսբին» լիակատար մոռացության մատնվեց, բայց 50-ական թթ. իրական ճանաչման հասավ: Հաջորդ տասնամյակներին այս վեպն արդեն ընդգրկվեց Նահանգների դպրոցների պարտադիր ընթերցանության գրքերի շարքում:
Վեպի գործողությունները կատարվում են Նյու Յորքից ոչ հեռու` Լոնգ Այլենդի «ոսկե լողափում»` հարուստների առանձնատների թաղամասում: 1920-ական թթ.` Առաջին համաշխարհային պատերազմից հետո, ամերիկյան հասարակությունը ոտք է դնում բարգավաճման մի աննախադեպ փուլ` կապված, առաջին հերթին, ԱՄՆ-ի տնտեսության կտրուկ աճի հետ: Հիանալով մեծահարուստների կյանքով` Ֆիցջերալդը, միաժամանակ, դատապարտում էր ժամանակակից Ամերիկայի անսահման նյութապաշտությունն ու բարոյազրկումը:
Գործողությունները պատմվում են առաջին դեմքով` հեղինակ Նիկ Քարաուեյի կողմից:
Վերջինս պատմությունը սկսում է իր հոր հետևյալ խոսքերով` «Եթե երբևէ ուզենաս որևէ մեկին դատապարտել, հիշիր՝ այս աշխարհում ամեն մարդ չէ, որ ունի քո առավելությունները»: Այս խորհրդին Նիկը միշտ հետևել է, բացառությամբ Գեթսբիի դեպքի:
Վերջինս պատմությունը սկսում է իր հոր հետևյալ խոսքերով` «Եթե երբևէ ուզենաս որևէ մեկին դատապարտել, հիշիր՝ այս աշխարհում ամեն մարդ չէ, որ ունի քո առավելությունները»: Այս խորհրդին Նիկը միշտ հետևել է, բացառությամբ Գեթսբիի դեպքի:
«Գեթսբին, որ թվում է իր մեջ էր ամփոփում այն ամենը, ինչ ես բացեիբաց արհամարհում եմ։ Եթե մարդու մասին դատելու լինենք ըստ այն բանի, թե նա ինչպես է իրեն դրսևորում, ապա՝ այդ մարդու մեջ հիրավի վեհաշուք մի բան կար, կյանքի բոլոր խոստումներն ընկալելու մի խորին գերզգայնություն, կարծես նա մասն էր այն բարդ սարքերից մեկի, որոնք գրանցում են երկրաշարժերը՝ տասը հազար մղոն հեռավորության վրա։ Արագ արձագանքելու այս հատկությունը բնավ չպետք է նույնացնել տպավորվելու հետ, ինչը ճոռոմ կերպով անվանում են «արտիստական խառնվածք». դա հազվագյուտ մի շնորհ էր հույսի, դա ռոմանտիկ խանդավառություն էր, որպիսին երբեք չեմ տեսել ուրիշ մեկի մեջ և հավանաբար երբեք էլ չեմ տեսնի։ Սակայն Գեթսբին վերջում արդարացրեց իրեն․ ոչ թե նա ինքը, այլ այն, ինչ կախված էր նրա գլխին, այն թունավոր փոշին, որ պարուրել էր նրա երազանքը, ինձ ստիպել էր առժամանակ իսպառ կորցնել հետաքրքրությունս մարդկանց վաղանցիկ տխրությունների և կարճատև ուրախությունների հանդեպ»:
Ներկայացնելով իր ու իր նախնիների կարճ նկարագրությունը` հեղինակն ընթերցողին պատմում է, թե ինչպես է տուն վարձակալել Հյուսիսային Ամերիկայի յուրօրինակ վայրերից մեկում` Ուեսթ Էգգում: Նրա տան աջ կողմում մի շքեզ առանձնատուն կար, որը պատկանում էր ոմն Ջեյ Գեթսբիին: Ոչ հեռու ապրում էին նաև Դեյզի և Թոմ Բյուքենենները, որոնց հեղինակն այցելում է իր տեղափոխությունից շատ չանցած: Դեյզին նրա զարմուհին էր, իսկ Թոմին ճանաչում էր դեռ քոլեջից: Թոմի առաջին նկարագրությունն այսպիսին է` «Նա իր երկրին բնորոշ կերպար էր, մեկն այն մարդկանցից, որոնք մինչև քսանմեկ տարեկանը մի որևէ ասպարեզում այնպես են առաջ գնում, որ հետագայում նրանց յուրաքանչյուրը քայլը թվում է անկում: (…) Նա կամակոր մարդու տպավորություն էր թողնում, ինչին նպաստում էր նրա կոպիտ, խռպոտ տենորը։ Նույնիսկ իր սիրած մարդկանց հետ խոսելիս նրա ձայնում ներողամիտ հայրական արհամարհանքի երանգ կար»: Թոմը լավ կազմվածք ուներ, ուժեղ տղամարդ էր և աչքի էր ընկնում ռասիստական գաղափարներով: Ինչ վերաբերում է Դեյզիին, ապա նրան ընթերցողն ընկալում է որպես հմայիչ մի կին, որին մայրությունը բոլորովին չի զրկել թարմությունից:
Ֆ.Ս.Ֆիցջերալդ |
Շուտով Նիկն իր խորհրդավոր հարևանից, որը հայտնի էր իր շքեղագույն ու մեծ երեկույթներով, նման մի երեկույթի մասնակցելու պաշտոնական հրավեր է ստանում: Երեկույթի ժամանակ Նիկը փորձում է որևէ տեղեկություն ստանալ տանտիրոջ մասին, սակայն ներկաներից ոչ մեկն անգամ չգիտի, թե ինչ տեսք ունի Գեթսբին: Շուտով, սակայն, Նիկը ընկերանում է Գեթսբիի հետ` սկզբում չիմանալով անգամ, թե ով է իր զրուցակիցը: Գեթսբիի հետ շփման առաջին տպավորությունը հեղինակն այսպես է փոխանցում. «Եվ զգում ես, որ քեզ հասկանում են այնքան, որքան դու ես ուզում, հավատում են քեզ այնքան, որքան դո՛ւ ես ցանկանում և այնպիսի տպավորություն ես թողել դիմացինիդ վրա, ինչպիսին կուզեիր թողնել։ Սակայն շատ շուտով ժպիտը չքացավ, և դեմս ելավ երեսունն անց մի պճնամոլ դատարկապորտ, որի պաճուճազարդ լեզուն անհեթեթության էր հասնում։ Դեռ ինձ չներկայացած, ես այն տպավորությունը ստացա, որ նա գերագույն խնամքով էր ընտրում խոսքերը»:
Գործողությունների հետագա ընթացքը ցույց է տալիս, թե ինչով է առանձնահատուկ այս պատմությունն ու ինչու է Նիկը որոշել կիսվել ընթերցողի հետ: Գրաքննադատները այս վեպի գլխավոր գաղափարների շարքում նշում են 1920-ականների «ամերիկյան երազանքի» կեղծիքը, հասարակության բարձր խավի դատարկությունն ու մակերեսայնությունը, իդեալականացված անցյալը վերածնելու անհնարին լինելը, փողի իշխանությունը, սերը, ժլատությունն ու ռասիսմը:
Գրաքննադատներից մեկը Ֆիցջերալդի այս վեպն անվանել է «ուսուցողական պատմություն ամերիկյան երազանքի անկման մասին»: Վերը նշված գաղափարների հետ միասին հեղինակն արտացոլում է երիտասարդության անխոհեմությունը ու հասարակական խավերի միջև գոյացած պատնեշների դերը մարդկանց կյանքում: Կյանք, ազատություն և երջանկության որոնում. «ջազի դարաշրջանի» գլխավոր գաղափարները: Ֆիցջերալդը, այս շրջանի ամենակնառու ներյակացուցիչը ամերիկյան գրականության մեջ, «ամերիկյան երազանքի» ամբողջ կեղծիքն ու արտաքին փայլի խաբուսիկ բնույթը ներկայացնում է այնպես, ինչպես դեռ ոչ ոք չէր արել իրենից առաջ: Գեթսբին, ցավոք, չգիտակցեց, որ «ամերիկյան երազանքն» այլևս գոյություն չունի: Այն երազանքը, որ հետապնդում է Գեթսբին, ոչ այլ ինչ է, քան մղձավանջ, որը միայն հուսահատություն ու կործանում է բերում:
Վեպի ամենատպավորիչ ու կարևոր խորհրդանիշը կանաչ լույսն է, որի մասին հեղինակը խոսում է գրքի վերջին տողերում.
«Գեթսբին հավատում էր կանաչ լույսին, երանելի ապագային, որ տարեցտարի հեռանում է մեզնից։ Թեև այն խույս տվեց այսօր, հոգ չէ, վաղն ավելի արագ կվազենք, մեր թևերն ավելի լայն կբանանք․․․ Եվ մի գեղեցիկ առավոտ․․․
Այսպես մենք լողում ենք առաջ, հոսանքին ընդդեմ, բայց այն շարունակ հրում է մեր նավակները ետ՝ դեպի անցյալի գիրկը»:
No comments:
Post a Comment