Monday, 13 July 2015

«Քուին»

«Քուին» (անգլ. “Queen”) ՝ 1970թ. Լոնդոնում Ֆրեդդի Մերկուրիի (վոկալ, դաշնամուր), Բրայան Մեյի (կիթառ, վոկալ), Ջոն Դիքոնի (բաս-կիթառ) և Ռոջեր Թեյլորի (հարվածային գործիքներ, վոկալ) կողմից կազմավորված բրիտանական հայտնի ռոք-խումբ, որը համարվում է ռոք երաժշտության պատմության ամենասիրված խմբերից մեկը: 
«Քուինի» պատմությունը սկսվել է 1964թ., երբ  ուսանողներ Բրայան Մեյն ու Ռոջեր Թեյլորը ստեղծում են “Smile” խումբը: Նրանց ընկերներից և խմբի երկրպագուներից մեկը ` Ֆարոխ «Ֆրեդդի» Բուլսարան (ապագա Ֆրեդդի Մերկուրին), որը ներկա էր լինում խմբի գրեթե բոլոր ելույթներին, Մեյին ու Թեյլորին հորդորում է հնչունական նոր լուծումներ հաղորդել ստեղծագործություններին:
Բրայան Մեյ 
Շուտով պարզվեց, որ բացի նորարար մտքեր ունենալուց Ֆրեդդին նաև երգել գիտի: Արդյունքում նա համալրում է խմբի կազմը` այն վերանվանելով 
«Քուին» և վերցնելով Ֆրեդդի Մերկուրի բեմական անունը: Խմբի առաջին բաս-կիթառահարը դարձավ Մայք Գրոուզը, որը մասնակցեց «Քուինի» առաջին երկու համերգներին: Այնուհետև նրան փոխարինում է տաղանդավոր բաս-կիթառահար Բարրի Միտչելը, սակայն շուտով նա որոշում է հեռանալ երաժշտական աշխարհից ու 1971թ. լքում է խումբը: Իր հերթին երկու ելույթնոով խմբի կազմում հանդես է գալիս Դագ Բոգին: 1971թ. փետրվարին, լոնդոնյան երեկույթներից մեկի ժամանակ, Բրայան Մեյն ու Ռոջեր Թեյլորը ծանոթանում են ուսանող Ջոն Դիքոնի հետ, որին էլ վիճակված էր դառնալ լեգենդար խմբի մշտական բաս-կիթառահարը: 
Ջոն Դիքոն 

Ռոջեր Թեյլոր
1973թ. հուլիսի 13-ին խումբը թողարկում է իր առաջին “Queen” ալբոմը, որի գլխավոր հիթը` ‘'Keep Yourself Alive’'-ը,  թողարկվում է որպես սինգլ: Այս ձայնասկավառակի վրա տղաներն աշխատել են երկու տարի` ուսման հետ զուգահեռ: Ալբոմի թողարկումից հետո «Քուինը» մեկնում է բրիտանական շրջագայության` որպես “Mott the Hoople” խմբի համերգների ուղեկից խումբ: 1974թ. փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում ու մի քանի այլ երկրներում լույս է տեսնում «Քուինի» նոր սինգլը` “Seven Seas of Rhye”-ը, որը տասը շաբաթ շարունակում մնում է բրիտանական հիթ-շքերթների լավագույն տասնյակում: Սա համարվում է խմբի առաջին լուրջ հաջողությունը:
Ֆրեդդի Մերկուրի
Նույն թվականի մարտի 8-ին թողարկվում է խմբի երկրորդ ձայնասկավառակը` “Queen II” անունով: Բրիտանական հիթ-շքերթներում այն մնում է 29 շաբաթ` հասնելով մինչև 5-րդ հորիզոնական: Այս ալբոմը մեծ հաջողություն է գրանցում նաև ԱՄՆ-ի հիթ-շքերթներում: «Քուինի» թվով երրորդ ձայնասկավառակը` ‘'Sheer Heart Attack”-ը  (1973թ.) գերազանցում է խմբի հիթ-շքերթային բոլոր հաջողությունները` Մեծ Բրիտանիայում հասնելով մինչև երկրորդ հորիզոնական:
Այս ալբոմի գլխավոր հիթերից են`  ‘'Killer Queen”, ‘'Now I'm Here” “Stone Cold Crazy” ստեղծագործությունները: Շուտով «Քուինը» հրավիրվում է Ավստրիալիա` մասնակցելու  “Sunbury Music” երաժշտական ֆեստիվալին, այնուհետև համերգներով հանդես է գալիս  Շվեդիայում և Ֆինլանդիայում: Թողարկվում է խմբի առաջին տեսահոլովակը`  “Killer Queen” երգի հիման վրա: 

1975թ. թողարկվում է   “A Night at the Opera” ձայնասկավառակը, որը փայլուն հաջողություն է ունենում` համարվելով ժամանակակից երաժշտության պատմության լավագույն ալբոմներից մեկը: «Ռոլլինգ Սթոուն» հեղինակավոր ամսագրի կազմած «Բոլոր ժամանակների 500 լավագույն ձայնասկավառակների» շարքում այն զբաղեցնում է 230-րդ հորիզոնականը: Ալբոմի գլխավոր հիթ է դառնում  “Bohemian Rhapsody”-ն:
Այս լեգենդար տեղծագործությունն իր մեջ ներառում է ռոք, փոփ, օպերային, ինչպես նար ֆոլկլորային առանձին տարրեր: Այս երգը յուրահատուկ դարձավ նաև իր տևողությամբ. այդ տարիներին երգի ընդունված տևողությունը 3 րոպեն էր, սակայն  “Bohemian Rhapsody”-ն հասնում էր 6 րոպեի: Ստեղծագործությունն այնքան հաջողված էր, որ տևողությունը չի խանգարում նրան հայտնվել ռադիոեթերում: Տարիներ անց Մեծ Բրիտանիայում “Bohemian Rhapsody”-ն անվանեցին «հազարամյակի երգ»: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակյը բրիտանացիների շրջանակներում անցկացված հարցման արդյունքում ճանաչվեց բոլոր ժամանակների լավագույն տեսահոլովակ: 

1976թ. թողարկված “A Day at the Races” ձայնասկավառակը` նախորդի տրամաբանական շարունակությունը, երաժշտական քննադատների կողմից միանշանակ հավանության չարժանացավ: Բանն այն էր, որ խմբին մեղադրեցին “A Night at the Opera”-ի անհաջող կրկնության մեջ: Եվ իրոք, նախորդ ալբոմի ազդեցությունը նորի վրա անհերքելի էր: Բրայան Մեյը իրավիճակը բացատրեց նրանով, որ երկու ալբոմների երգերը գրվել էին միաժամանակ, պարզապես մի մասը թողարկվել է 1975թ-ին, մյուսը` 1976թ.-ին. ահա թե ինչու էին երգերն իրար նման ստացվել: Այնուամենայնիվ, “A Day at the Races” բրիտանական հիթ-շքերթներում առաջատար դիրք է զբաղեցնում, իսկ “Somebody to Love” կատարումը հիթային  է դառնում: 

 “A Night at the Opera”
ալբոմի շապիկը 
“Innuendo”  ալբոմի շապիկը
1977թ. լույս է տեսնում  “News of the World” ձայնասկավառակը` իր երեք գլխավոր հիթերով` “We Will Rock You”, “Spread Your Wings” և “We Are the Champions”, իսկ 1978թ.-ին` թողարկվում է խմբի ամենասկանդալային “Jazz” ալբոմը, որը քննադատվում է  ավելի թեթև հնչողություն ունենալու պատճառով ու մեղադրվում  փոփ ժանրին պատկանելու մեջ:
Բացի այդ, մեծ աղմուկ է բաձրացնում “Bicycle Race” երգի տեսահոլովակը, որտեղ ցուցադրվում էին հեծանիվ քշող տասնյակ մերկ աղջիկներ: 1980թ.-ից սկսած խումբը մասամբ փոխում է իր ոճը` աստիճանաբար հեռանալով գլեմ-ռոքից, իսկ Մերկուրին հրաժարվում է իր բեմական մշտական կերպարից. կտրում է մազերը, բեղեր աճեցնում ու դադարում ելույթ ունենալ մարմինն ընդգծող տաբատներով: Հետագա 6 տարիների ընթացքում «Քուինը» մշակում ու ամրապնդում է երաժշական իր ուրույն ոճը` վերածվելով 80-ականների ռոքի խորհրդանիշի: 1980թ. լույս տեսած  “The Game” ձայնասկավառակը, որը Մերկուրիի կարծիքով լավագույնն է խմբի պատմության մեջ, համարվում է համաշխարհային ռոքի մեջ նոր փուլ բացած գործ:
Այս ալբոմի գլխավոր նորարարությունն այն էր, որ երգերի ձայնագրման մեջ սկսում է օգտագործվել մինչ այդ անտեսված սինթեզատորը: 1982թ. խմբի պատմության ամենաբեղումնավոր տարիներից էր. «Քուինը» ավելի քան 70 համերգ է տալիս Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Կանադայում ու Ճապոնիայում: Լույս է տեսնում  “Hot  Space” ալբոմն իր գլխավոր հիթով` “Under Pressure” երգով  (Դեյվիդ Բոուիի հետ զուգերգով):
1991թ.-ը համարվում է «Քուինի» փաստացի գոյության վերջին տարին: Մերկուրիի մահվանից առաջ (1991թ. նոյեմբերի 24) լույս է տեսնում  “Innuendo”  ձայնասկավառաը, որը ևս մի քանի հիթ է պարգևում խմբի երկրպագուներին, այդ թվում`  “I'm Going Slightly Mad”, “The Show Must Go On”, որը ընդգրկվել է 20-րդ դարի լավագույն երգերի շարքում: 1992թ. Լոնդոնի հայտնի «Ուեմբլի» ստադիոնում խմբի մյուս անդամները Մերկուրիի հիշատակին նվիրված մեծ համերգ են կազմակերպում: Համերգին մասնակցում են մի շարք հայտնի երաժիշտներ` հիմնականում Մերկուրիի ընկերներն ու նրա տաղանդը գնահատող անձիք: 

Ռոք երաժշտության մասնագետները «Քուինին» դասում են հարդ-ռոք ու 70-ականներին տարածված գլեմ-ռոք խմբերի շարքին: Ի սկզբանե «Քուինը» ավանդական հարդ-ռոք խումբ էր, սակայն հնչունական բազմաթիվ փորձերի արդյունքում խումբը իրեն հատուկ եզակի ոճ ստեղծեց, որը ոչ միշտ է համապատասխանում ռոքի ընդունված «նորմերին»: Ինչպես նշել է երաժշտական քննադատ Ֆիլիպ Աուսլանդերը, «Քուինը» նույնիսկ եզրագծվում էր դասական երաժշտության ու ջազի հետ: Խմբի յուրահատուկ  հնչողությունն ապահովում էր նաև նվագախումբը, որը կարծես այցեքարտ էր դարձել «Քուինի» համար:  2007թ. “BBC” հեռուստաընկերության կողմից կազմակերպված հարցման արդյունքում «Քուինը» ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն ռոք-խումբ:

No comments:

Post a Comment