Thursday, 16 July 2015

Պավանա


   Պավանա (իտալ.՝ pavana; իսպան.՝ pavana; ֆրանս.՝ pavane, pavenne; անգլ.՝ pavan, paven, pavin)՝ հանդիսավոր դանդաղ պար, որը լայն տարածում է ունեցել 16-րդ դարի Եվրոպայում:

      Գոյություն ունեն պավանայի ծագումը տարբեր կերպ մեկնաբանող երկու վարկածներ: Առաջին վարկածի համաձայն՝ պավանան իտալական հնագույն պար է, որի անվանումը կապված  է  նրա ծագման վայրի՝ Պադուա քաղաքի անվան հետ, որով էլ բացատրվում է այս պարի մյուս անվանումը՝ իտալերեն  պադովա (Padova), որը որոշ բարբառներով հնչում էր իբրև պավա: Վերջին տարբերակն էլ ինքնին աղբյուր է հանդիսացել պավանա անվան համար:

     
    Երկրորդ վարկածի համաձայն՝  պավանան իսպանական ծագման պար է: Նման մեկնաբանության պարագայում՝ ստացվում է, որ պավանա անվանումը ծագել է  լատիներեն pivot՝ սիրամարգ բառից՝ բացատրելով բառի ստուգաբանությունը տվյալ պարի հանդիսավոր ու հպարտ բնույթով (արդեն 16-րդ դարում այդ տերմիններն ու հասկացությունները միախառնվում էին երաժիշտների պատկերացումներում): Համաձայն նույն այս վարկածի՝ իտալական պադովանան, ի տարբերություն իսպանական պավանայի, հանդիսանում է լիովին այլ, առանձին պար, որն ավելի արագ է, 6/8 կամ 12/8 չափերով ավելի մոտ է գալյարդա, սարտարելլո, պիվա պարերին:

   Ենթադրվում է, որ «պադովանա» տերմինն օգտագործվել է  նաև որպես հասկացությունը բացատրող բառ, որը հատկանշում էր պարային այն տեսակը, որը միավորում էր պավանան ու նրա տարատեսակը՝ պասսա-մեցցոն:
   Պավանայի առաջին պահպանված օրինակները հայտնաբերվել են Ջ. Ա. Դալցի նոտագրության մեջ, որը հրատարակվել է Վենետիկում 1508թ.:

    
      Արդեն 16-րդ դարում պավանան դառնում է  ամենանշանավոր պալատական պարերից մեկը՝ դուրս մղելով մինչ այդ լայն տարածում գտած բաս-դանսը պարին:

  Բացի իսպանական ու իտալական պավանաներից, 16-րդ դարի առաջին տասնամյակներում հայտնի էին նաև ֆրանսիական ու գերմանական պավանաները:
Պավանան հիմնականում ստեղծագոծվում էր երկմետր չափով՝  4/4, 4/2, բայց պարի սկզբնական տարբերակներում հանդիպում է նաև եռամետր չափ:
      Պավանայի երաժշտությանը բնորոշ  է կառուցվածքի հստակությունը, հաճախ՝   ռիթմայիմ կառուցվածքի կաղապարային բնույթը, ակորդային շարադրվածքը, որը երբեմն հարստացված է անակնկալ ելևէջներով:
   Պավանան ամենավեհաշուք պարերից  է, որը պարել են ամենատարբեր հանդիսությունների ու արարողությունների ժամանակ, ինչպիսիք են՝ հարսնացուի՝ եկեղեցի մտնելու ընթացքը, իշխանավորների, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից   մուտքի   ժամանակ  և  այլն:
    Պավանան այնքան լուրջ ու բարձր պար  է  համարվել, որ իսպանացինր Սալվան եւ Տիմոնեդան ունեն աստվածամորը նվիրված մի քանի պավանաներ:
     Իր խորեոգրաֆիկ տարբերակներից մեկում պավանան իրենից ներկայացնում էր մի քանի զույգերի սահուն շարժումներ, որը շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև բոլոր պարողնրը չէին կատարում երկու կամ երեք շրջան: Մեկ այլ վարկածի համաձայն՝ պավանան պարել են հետ ու առաջ կենտ կամ զույգ քայլեր կատարելով:
     Ելնելով պարի կատարման բնույթից՝ պավանայի երաժշտությունը հաճախ բաղկացած էր լինում երեք մասից, որոնցից յուրաքանչյուրը կրկնվում էր:

     
    Պավանայի հանդիսավորությունը կայանում էր պարողների նրբագեղ ու վեհաշուք շարժումների  ու  նրանց շքեղ հագուստների ցուցադրության մեջ: Պավանան երբեք չեն պարել հասարակ ժողովրդի ու բուրժուազիայի շրջանում: Պավանան  կատարում էին խիստ կարգի համաձայն. առաջին պարն սկսում էին թագավորն ու թագուհին, որոնց  հաջորդում  էին  թագաժառանգներն  ու  արքայազները: Պարողները հանդերձանքը ևս հատկանշվում էր պարի կատարման կանոններով:

       Տղամարդիկ կրում էին թիկնոց եւ թուր, իսկ կանայք՝ պարահանդեսային հագուստ՝ երկար ու ծանր քղանցքներով, որոնք շարժումների ընթացքում չպետք է հատակից վեր բարձրանային:
        Թագուհու հանդիսավոր զգեստն ուներ եկար փեշատուտ, որը, որպես կանոն, տանում էին մի քանի կանայք: Պարն սկսվում էր շրջելով պարահանդեսային դահլիճով եւ վերջանում էր ռեվերանսներով ու խոնարհումներով: Կանայք պարի ընթացքում չէին բարձրացնում հայացքը հատակից, միայն հազվադեպ նայում էին իրենց զուգընկերոջը:
        Եվրոպական տարբեր երկրներում պավանան տարբեր կերպ էին պարում: Ֆրանսիայում այն պարում էին ճկուն, սահուն ու նրբագեղ շարժումներով, մինչդեռ Իտալիայում պավանայի շարժումներն  ավելի աշխույժ էին եւ ուղեկցվում էին փոքր թռիչքներով:

     
     Վկայություններ են պահպանվել այն մասին, որ պավանայի երաժշտությունն ուղեկցվում էր հոբոյով ու տրոմբոնով, իսկ պարի ռիթմն ընդգծում էր դհոլը:

      16-րդ դարի 2-րդ կեսից պավանան գրեթե դուրս է գալիս  կիրառումից,  եւ  չնայած նրան, որ պավանային փոխարինում է պասսա-մեցցոն՝  այն մինչև 17-րդ դար շարունակում է գոյություն ունենալ իբրև ինքնուրույն գործիքային պիես:
     Պավանան հաճախ համակցվում էր ավելի արագ գալյարդա պարի հետ, ինչպես նաև նմանօրինակ այլ պարերի՝ սալտարելլոյի, պիվայի ու պադովանայի հետ: Այդպես ձևավորվում է սյուիտի նախնական տեսակներից մեկը՝ միևնույն ժամանակ հիմք հանդիսանալով նաև վարիացիայի համար, քանի որ գալյարդայի հիմքում ընկած էր թեմատիկ նյութ: 18-րդ դարում պավանան վերջնականապես վերանում է սյուիտից:

No comments:

Post a Comment