Sunday 19 July 2015

Ստենդալ «Կարմիրը և սևը»


   

     Ստենդալը պատկանում է ֆրանսիական ռեալիզմի առաջին շրջանին, ում ստեղծագործությունը Լուսավորությանը XIX դարի ռեալիզմին կապող առաջին կամուրջներից  է: XIX  ֆրանսիական ռեալիզմի պատմությունն սկսվում է  1830թ. Հուլիսյան հեղափոխությունից հետո հրատարակված «Կարմիրը և սևը» վեպով: Վեպի ենթավերնագիրը՝ «XIX  հարյուրամյակի ժամանակագրությունը», առաջին հերթին վերաբերում էր պատմելաոճի սկզբունքների փոփոխությանը, երբ սյուժեն զարգանում է սրընթաց արագությամբ ու չկան երկար նկարագրություններ: Ստենդալը կենտրոնացել  է  միայն իր հերոսների կյանքում կատարվող կարևոր իրադարձությունների վրա, եւ «ժամանակագրություն» տերմինն ընդգծում է  վեպի փաստագրական բնույթը:

       Սյուժեն վերցված է իրականությունից: 1820-ականներին ֆրանսիական թերթերում լայնորեն լուսաբանվում էին ցածր ծագման մարդկանց  մասնակցությամբ աղմկահարույց դատական գործեր, որոնք փորձում էին մուտք գործել բարձր հասարակություն՝ ամուսնանալով հարուստ հարսնացուների հետ:

       Այդպես՝ հասարակ գյուղացու որդի Անտուան Բերտեն դառնում է հարուստ պարոն Միշուի երեխաների ուսուցիչը եւ սիրահարվում վերջինիս կնոջը: Շուտով նա ստիպված է լինում լքել այդ տունը եւ մեկ այլ վայրում դառնալ պալատականի դստեր փեսացուն: Փեսայի մասին տեղեկություններ իմանալու նպատակով՝ աղջկա հայրն սկսում է երաշխավորական նամակներ խնդրել նրա նախկին տերերից, եւ տիկին Միշուի նամակն ստիպում է Բերտեին հեռանալ նաև այդտեղից: Սակայն իր հերոսի մեջ Ստենդալը նպատակ չի ունեցել ներկայացնել տվյալ ժամանակաշրջանի Ֆրանսիայի այդ նենգամիտ երիտասարդներին: Վեպի սյուժեն ուղղակիորեն բնորոշում է իրականությունը:

        Վեպում ՝որպես բնաբան, դրված են Ֆրանսիական հեղափոխության ականավոր գործիչ Ժ. Դանտոնի խոսքերը՝  «Ճշմարտություն, դառը ճշմարտություն», որով Ստենդալն ընդգծում է ճշմարտացիության նոր, նախկինում իր նախադեպը չունեցող աստիճան, եւ հեղափոխական ժամանակաշրջանի հետ այդ խնդրի կապը:

        XIX ռեալիստական վեպի համար պատկերավոր է հատկապես «Կարմիրը և սևը» վեպի սկիզբը: Ստենդալը կարծես չի շտապում ներքաշել ընթերցողին պատկերվող իրադարձությունների հոսանքի մեջ ու անմիջապես ծանոթացնել հերոսների հետ: Անշտապ ու աստիճանական կերպով հեղինակն ուրվագծում է  ռեալիստական արձակի հիմքը՝ միաձուլելով հանրահայտ աշխարհագրական ու տնտեսական փաստերը մտացածինի հետ: Ֆրանսիայի քարտեզի վրա չկա Վերյեր քաղաքը, որտեղ սկսվում են վեպի գործողությունները, սակայն ապշեցուցիչ է Ստենդալի կողմից քաղաքի հավաստի պատկերումը: Հենց առաջին էջում հեղինակը պատկերում է շրջակա վայրերի գեղեցկությունը, որը չեն նկատում քաղաքի՝ մանր վերավաճառության միջավայորւմ կուրացած  բնակիչները: Ողջ Վերյերին տիրում է միայն մեկ սկզբունք՝ ստանալ եկամուտ: Հենց այս քաղաքում է, որ բոլորին օտար է վեպի գլխավոր հերոսը՝ Ժյուլյեն Սորելը:

     

Ատաղձագործի որդի Ժյուլյեն Սորելն սկսում է բարձրանալ սոցիալական հարթակի աստիճաններով. սկզբում նա դառնում է տնային դաստիարակ պարոն դե Ռենալի երեխաների համար, այնուհետև՝ ճեմարանական, այնուհետև՝ նշանավոր դե Լյա Մոլի քարտուղարը, ի վերջո՝ վերջինիս դստեր փեսացուն, գվարդիական զորքերի սպա դե լյա Վերնե: Սրանք են Ժյուլյենի սրընթաց կարիերայի աստիճանները, որն ավարտվում է  ողբերգական  վերջաբանով՝ նրա մահապատժով:

      Ժյուլյեն Սորելի կյանքը հագեցած է արտաքին վառ իրադարձություններով եւ բարոյահոգեբանական արկածներով: Անձի կառուցվածքային բնույթով նա ավելի մոտ է ռոմանտիկական հերոսին. օժտված է հսկայական էներգիայով, աներևակայելի ընդունակություններով, հպարտ բնավորությամբ, երկաթե կամքով, ճկուն երևակայությամբ: Ցանկացած միջավայրում նա բոլորից վեր է կանգնում: Նրա մեջ արտացոլվում են ռոմանտիկական որակներ ու գծեր, սակայն նա պատկերված չէ իբրև ռոմանտիկ հերոս: Նրա կերպարում բնական ընդունակությունների կենտրոնացումը պայմանավորված  է  կենցաղային, պատմական ու քաղաքական հանգամանքներով: Ի տարբերություն ռոմանտիկների՝ Ստենդալին բնորոշ  է զգացմունքների նկատմամբ զուտ վերլուծական մոտեցումը եւ Ժյուլյենի կերպարում նա ցույց է տալիս, թե ինչպիսի հսկայական էներգիա է դուրս ժայթքում ֆրանսիական հասարակության «ցածր» խավից. «Նա ստեղծված էր այն նույն նյութից, ինչ 93թ.-ի տիտանները»: Մնացած մյուս կերպարները նայում են նրան որպես պատրաստի հեղափոխականի: Ինքը Ժյուլյենը ևս ինքն իր մեջ զգում է  նման հուժկու ալիք: Նապոլեոնը նրա կուռքն էր, հեղափոխության որդին, իր փառասիրական նկրտումների մարմնավորումը:  Մինչդեռ վեպի գործողությունները տեղի են ունենում Ռեստավրացիայի ժամանակաշրջանի Ֆրանսիայում, որտեղ Ժյուլյենի նման անհատների համար նապոլեոնական հրամանատարների ճանապարհը փակ է: Ժյուլյենը սուր կերպով զգալով իր ընդունակությունների ու դիրքի միջև խորը տարբերությունը՝ որոշում է  ցանկացած գնով հարթել իր համար դեպի բարձրունք տանող  ճանապարհը: Կարմիրը եւ սևը երկու միմյանց հակասող սկիզբ են, որոնք մարտնչում են հերոսի հոգում: Սերը եւ հպարտությունը, ճշմարտությունն ու կեղծիքը այնպիսի հակասություններ են, որոնք երիտասարդ Սորելին տանում են դեպի ձախողում:

         Փառասիրությունը Ժյուլյենին մղում է դեպի կեղծիքը: Իր համար որպես ուսուցիչ Ժյուլյենն ընտրում է Թարտյուֆին եւ վերջինիս նման ինքը ևս բարձրաձայն արտասանում է միայն այն, որին ինքն էլ չի հավատում և արգելում է ինքն իրեն արտահայտել իր սեփական մտքերը:

     Այդպես էր նա առաջնորդվում նաև սիրո մեջ: Տիկին դե Ռենալի հետ սիրավեպը բացառապես մղված էր փառասիրական պատկերացումներից, քանի որ դա հնարավորություն էր հասնելու ազնվականության նկատմամբ հաղթանակի:

       Ժյուլյեն Սորելի կյանքի պատմությունն այնպիսի պատմություն էր, որը կարող էր տեղի ունենալ միայն Ռեստավրացիայի շրջանի Ֆրանսիայում: Հասարակության ու տվյալ ժամանակաշրջանի հետ նրա բախման առանձնահատկությունը գրեթե ամբողջությամբ պայմանավորված էր ժամանակաշրջանով: Քաղաքականությունը թափանցում է վեպի գրեթե ողջ հայեցակարգի ու սյուժեի մեջ:

       Վեպի գործողությունները տեղի են ունենում երեք հիմնական միջավայրում՝ դե Ռենալների տանը, ճեմարանում եւ մարկիզ  դե Լա Մոլի փարիզյան առանձնատանը: Դրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է միմյանցից տարբեր միջավայրներ՝   գավառային բուրժուազիան, կաթոլիկ եկեղեցին ու զտարյուն ազնվականությանը՝ սոցիալական երեք ուժեր, որոնք կազմում էին Ռեստավրացիայի վարչակարգի հենքը: Եթե Ժյուլյեն Սորելը գործեր միայն մեկ միջավայրում, ֆրանսիական հասարակության պատկերը լիարժեք չէր լինի: Վեպն իր մեջ ամփոփում է  Ռեստավրացիայի շրջանի Ֆրանսիայի լայն պատկերը, եւ գլխավոր հերոսի կյանքի փուլերը տանում են ընթերցողին սոցիալական միջավայրի բոլոր շերտերով՝ հնարավորություն տալով հեղինակին ուրվագծել հասարակության ողջ համայնապատկերը:

    Այնուամենայնիվ, Ստենդալի համար առաջնայինը միայն հասարակական կառուցվածքի շեշտադրումը չէր: Իր օրագրում նա գրում է. «Ինձ համար կարևոր է միայն մի բան՝ մարդկային սրտի նկարագիրը: Դրանում ես ոչինչ եմ»:  
    Ստենդալի գեղարվեստական գլխավոր հետաքրքրությունը կապված է հոգեբանության ոլորտի հետ: Հերոսների մտքերի մեջ ներթափանցելը մոտեցնում է նրանց ընթերցողին, իսկ հեղինակն ուղղորդում է  նրանց ընկալումները, օժտում է  ընթերցողին հերոսներից վեր կանգնելու ունակությամբ: Հեղինակային նման մոտեցումը կոչվում է «ամենատես», որով հեղինակը տանում է ընթերցողին ամենուր ու ցույց տալիս իր կերպարների հոգիների ամենագաղտնի անկյունները:
       Վեպի վերնագիրը հավերժական քննարկումների առիթ է դարձել: Ի՞նչ է կարմիրը, ի՞նչ է սևը: Ի՞նչ նկատի ուներ Ստենդալը: Ամեն ինչ շատ ավելի պարզ է. «կարմիրը» սերն է, «սևը»՝ մահը: Այս երկու երևույթները չեն կարող միասին գոյատևել և միայն հաջորդում են իրար:

No comments:

Post a Comment