Թաջ Մահալ (1632–52թթ)՝ հնդկական ճարտարապետության նշանավոր կառույց, Շահ Ջահանի կնոջ՝ Մումթազ Մահալի դամբարանը, որտեղ հետագայում թաղվել է նաև ինքը՝ Շահ Ջահանը: Գտնվում է Հնդկաստանի Ագրա քաղաքում, Ջամնա գետի ափին: 1632թ. Շահ Ջահանը հրամայում է իր սիրելի կնոջ հիշատակին չքնաղ մի դամբարան կառուցել. կինը մահացել էր 14-րդ երեխային լույս աշխարհ բերելուց:

![]() |
Դամբարանի գլխավոր մուտքի
գեղագրություներից մեկը
|
Թաջ Մահալը (որին կարճ անվանում են նաև պարզապես «Թաջ») համարվում է մողոլական ճարտարապետության եզակի ու փայլուն նմուշը, որն իր մեջ միաձուլում է պարսկական, հնդկական և իսլամական ճարտարապետության տարրեր: 1983թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է այս տաճարը որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ, «Հնդկաստանում մուսուլմանական արվեստի մարգարիտ, հանրային ճանաչում ունեցող գլուխգործոց, որով հիանում է ողջ աշխարհը»: Թաջ Մահալը հինգ գմբեթներով շենք է, բարձրությունը մոտ 74 մետր է՝ անկյուններում 4 մինարեթով (մզկիթներին կից աշտարակով, որի վրա բարձրանում են մոլլաները և բարձր երգաձայն աղոթքով հավատացյալներին աղոթքի հրավիրում): Արտաքինից սպիտակ, փայլեցրած մարմարով երեսպատ պատերը դրվագված են գունագեղ քարերով: Կոթողի գեղեցկությունը լրացնում է կից, կանոնավոր հատակագծով պարտեզը:
![]() |
Շահ Ջահանն ու Մումթազ Մահալը
|
Դամբարանի շինարարությանը մասնակցել է շուրջ 20 000 վարպետ, որոնք հրավիրվել էին ոչ միայն Հնդկաստանից, այլև Կենտրոնական Ասիայից, Պարսկաստանից ու Մերձավոր Արևելքից: Դամբարանի համար նախատեսված տարածքը ստանալու համար Շահ Ջահանն այն փոխանակում է Ագրայի կենտրոնում գտնվող հսկայական պալատի հետ: Մոտ 1,2 հեկտար տարածքը սկսվում է վերափոխվել ու հարմարեցվել ապագա դամբարանին. տարածքի մակերեսը բարձրացվում է ծովի մակարդակից մոտ 50 մետր չափով: Շինարարական աշխատանքներին օժանդակելու նպատակով բազմաթիվ ջրհորներ են պատրաստվում: Բուն դամբարանի կառուցումը տևել է մոտ 20 տարի, իսկ համալիրի հարակից մյուս շինություններն ավարտին հասցնելու համար պահանջվել է ևս 10 տարի: Այս է պատճառը, որ Թաջ Մահալի՝ վերջնական ավարտված լինելու թվականը բավականին խնդրահարույց է:
![]() |
Պարսկերեն բանաստեղծությունները՝
որպես պատերի զարդարանք
|
Թաջ Մահալի կառուցման համար անհրաժեշտ նյութերը մատակարարվում էին ոչ միայն Հնդկաստանից, այլ նաև ասիական շատ երկրներից: Աշխատանքների վայր դրանք հասցնելու համար օգտագործվել են հազարից ավելի փղեր: Կիսաթափանցիկ սպիտակ մարմարը հիմնականում բերվում էր Հնդկաստանի Մակրանա քաղաքից ու Ռաջաստան նահանգից, հասպիսը՝ Պենջաբ նահանգից, ժադեիտը՝ Չինաստանից, փիրուզը՝ Տիբեթից, լազուրիտը՝ Աֆղանստանից, սապֆիրը՝ Շրի Լանկայից, և այդպես շարունակ: Ընդհանուր առմամբ համալիրի կառուցման համար օգտագործվել են 28 տեսակի թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, որոնք, հիմնականում, ձուլվել են բուն հիմքին՝ սպիտակ մարմարին: Ներքին պատերից շատերը զարդարված են ծաղիկների, մրգերի ու այլ պատկերների նուրբ զարդանախշերով:
![]() |
Էդվին Լորդ Ուիքս «Թաջ Մահալ», 1883թ.
|
Անդրադառնալով Թաջ Մահալի ճարտարապետական լուծումներին՝ հարկ է նշել, նախ և առաջ, դամբարանի թաքնված խորհրդանիշները: Այսպես, այն դարպասի վրա, որով այցելուները մտնում են համալիրի գլխավոր այգին, կարելի է կարդալ Ղուրանից մի քանի տող: Թաջ Մահալի ամբողջ համալիրը աչքի է ընկնում բացառիկ սիմետրիկությամբ. սրբավայրը համաչափ է Մումթազ Մահալ դամբարանի նկատմամբ: Ընդհանուր սիմետրիկությունը խախտում է միայն գլխավոր դամբարանը՝ Թաջ Մահալը: Ինչպես արդեն նշվեց, բոլոր շինությունների հումքի մեջ զանազան թանկարժեք քարեր են խառնված, այդ պատճառով արևի լույսի տակ կարելի է տարբերակել նրանց բոլորի երանգները: Թաջ Մահալի դիմաց տեղադրված հսկայան լողավազանը արտացոլում է դամբարանը՝ ապահովելով ևս մեկ գեղեցիկ տեսարան:
Վերջին ժամանակներում Թաջ Մահալի վրա մի քանի ճաքեր են նկատվել: Դրանց առաջացման պատճառը, ենթադրաբար, Ջամնա գետի վարարումն է: Բացի այդ, դամբարանը սկսել է աստիճանաբար կորցնել իր լեգենդար ճերմակությունը. այս դեպքում պատճառն օդի աղտոտվածությունն է: Չնայած համալիրին շրջապատող մեծ այգու խիստ վերահսկողությանը և Ագրայում օդային վնասակար արտադրություններից մաքսիմալ պաշտպանությանը, Թաջ Մահալը գնալով խամրում է: Դամբարանը կանոնավոր մաքրման է ենթարկվում հատուկ սպիտակ կավի միջոցով:
![]() |
Մարմարի զարդանախշերը |

![]() |
Գետի գեղեցիկ արտացոլանքը |

Ավելորդ է նշել, որ Թաջ Մահալը Հնդկաստանի ամենաայցելվող վայրերից է. տարեկան 3-5 միլին մարդ է այցելում դամբարան, որոնցից մոտ 200 000-ը՝ զբոսաշրջիկ: 2007թ. Թաջ Մահալը ներառվել է Աշխարհի նոր յոք հրաշալիքների շարքում:
![]() |
Ընդհանուր համալիրը |
No comments:
Post a Comment