Tuesday 21 July 2015

Բուռե

Բուռե` ֆրանսիական հնագույն ազգային պար, որը ծագել է, ենթադրաբար, 15-16-րդ դարերում, Օվերնի ու Վերին Լուարի տարածքում` հետագայում տարածվելով ամբողջ Ֆրանսիայով: Երկրի տարբեր շրջաններում այս պարն ուներ իր առանձնահատկությունները, որոնք ժամանակի ընթացքում վերածվեցին պարի տարատեսակների: Այնուամենայնիվ, պահպանվում էր բուռեի գլխավոր հատկանիշը` սուր ռիթմն ու հստակ շարժումները: 
17-րդ դարում, երբ 
Ֆրանսիայում սկսվեց «ամեն ինչը` ֆրանսիական» տենդենցը, բուռեն մուտք գործեց նաև վերին խավ` դառնալով պարահանդեսային պար, ինչից հետո այն փոքր-ինչ ձևափոխվում է` հարմարեցվելով պարահանդեսային պարերի ընդհանուր բնույթին: Այս «բարձրակարգ» բուռեն աչքի էր ընկնում իր ակտիվ ու հստակ տեմպով (4/4 կամ 4/8 չափով):
Շուտով ֆրանսիացի (և ոչ միայն) երգահանները բուռեն ներառում են իրենց օպերային ու բալետային ծրագրերում: Գեորգ Ֆրիդրիխ Հենդելն Անգլիայում և Ժան Բատիստ Լյուլլին Ֆրանսիայում սկիզբ դրեցին այս տենդենցին: Արդյունքում ժամանակի բազմաթիվ հեղինակավոր երգահաններ սկսեցին բուռեն ներառել իրենց ստեծագործությունների մեջ: 
Արդեն 18-րդ դարի սկզբին բուռեն մեծ տարածում ուներ ամբողջ Եվրոպայում: Բառոկկոյի շրջանի շատ երգահաններ (Հենդելը, Բախը, Ֆիշերը, Կամպրան և այլոք) շարունակում էին բուռեներ գրել: 
Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից (1789թ.) ու Նապոլեոն I-ի վարած պատերազմներից հետո (1799-1815թթ.) բուռեն, ինչպես և ֆրանսիական ամեն բան, դադարեց նորաձև լինել ու որոշ ժամանակով մոռացվեց: Կլասիցիզմի ու ռոմանտիզմի դարաշրջաններում այս պարը գրեթե երբեք չէր կիրառվում: Միայն 19-րդ դարում, ռոմանտիզմի մայրամուտին. բուռեն կրկին մուտք է գործում ակադեմիական երաժշտություն (հիմնականում ֆրանսիական)` որպես «հին ու բարի օրերի» խորհրդանիշ: 19-րդ դարավերջում բուռեն հիմնականում կապված այնպիսի երգահանների անունների հետ, ինչպիսիք են` Կամիլ Սեն-Սանսն ու էմմանուել Շաբրիեն: Հազվադեպ, բայց 20-րդ դարում բուռեն վերածնվում է` հիմնականում հատուկ ոճական նպատակներով ու պատմական երանգավորում ստանալու համար:

No comments:

Post a Comment