Բլենհեմյան պալատ՝ Անգլիայի խոշորագույն պալատական համալիրը, որը գտնվում է Վուդսթոք քաղաքի ծայրամասում՝ Օքսֆորդշիր դքսությունում: Պալատը կառուցվել է 1705-1724թ., Անգլիայի համար եզակի բարոկկո ոճով: 1987թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգության հուշարձան: 1874թ. այս պալատում է ծնվել Մալբորոների տոհմի ներկայացուցիչ Ուինսթոն Չերչիլը: Այն հանդիսանում է Անգլիայի միակ ոչ թագավորական, ոչ եպիսկոպոսական պալատը, որը կրում է «պալատ» անվանումը:
Բլենհեմյան պալատը հանդիսացել է Մալբորոների առաջին դուքսի՝ Ջոն Չերչիլի նստավայրը: Այն բանից հետո, երբ վերջինիս զորքերը հաղթանակ են տանում ֆրանսիացիների նկատմամբ Բլենհեյմի ճակատամարտում, Անգլիայի թագուհին որոշում է պարգևտրել ազգային հերոսին եւ հայտարարում է, որ պալատի կառուցման ֆինանսական ծախսը կհոգա թագավորական գանձարանը:
Լեդի Մալբորոն ձգտում է ստեղծել արտասովոր մի շինություն, ուստի մեծ եռանդով ձեռնամուխ է լինում մասնակցելու նախագծի աշխատանքներին: Պալատի կառուցման ծախսերն աստիճանաբար ավելանում էին, մինչդեռ լեդի Մալբորոյի պահանջնրն ավելին էին, քան ճարտարապետական լուծումները: Ճարտարապետ Վեբրուն ցանկանում էր, որ պալատը լինի ոչ միայն նստավայր Մալբորոների համար, այլ նաև՝ պատմական հուշակոթող՝ ի նշան Բլենհեմյան ճակատամարտում տարած հաղթանակի:
Հետագայում Մալբորո ամուսինների ազդեցությունը թագուհու վրա աստիճանաբար նվազում է: Նրանց միջև տեղի ունեցած վիճաբանության արդյունքում Մալբորոներն ստիպված են լինում իրենք հոգալ պալատի կառուցման հետագա ծախսերը: Կառուցողական առանձին աշխատանքներ ավարտին են հասցվում նույնիսկ դուքսի մահից հետո: XVIII
դարի վերջում դուքս Մալբորոյի ծոռը հրավիրում է տվյալ ժամանակաշրջանում հայտնի զբոսայգիներ կառուցող Լանսել Բրաունին, որպեսզի վեջինս աշխատի պալատի զբոսայգու արտաքին տեսքի վրա՝ վերածելով այն պեյզաժի: Բրաունը զբոսայգում կառուցում է որսորդական հսկայական ջրամբար, որն իսկական հրաշալիք էր ձկնորսության սիրահարների համար, ինչպես նաև՝ հսկայական լաբիրինթոս, որն այսօր էլ գրավում է մեծ թվով այցելուների:
XIX դարի երկրորդ կեսին գրեթե անհնար էր հոգալ պալատի ծախսերը, քանի որ այն արագորեն դատարկում էր ընտանիքի բյուջեն: Պալատը պահելու նպատակով Մալբորոները վաճառում էին զարդեղեն, թանկարժեք իրեր, եզակի գրադարանն ու կտավները, որոնց թվում էին Վան Դեյքի ու Ռուբենսի կտավները: Իրավիճակը շարունակվում է մինչև XIX դարավերջ, որից հետո ընտանիքը կարողանում է վերականգնել ֆինանսական կայունությունը:
Պալատի ներքին հարդարանքը մրցում է արտաքին շքեղ տեսքի ու մոնումենտալության հետ:
Սրահները զարդարված են պատմական տաբեր իրադարձությունների պատկերազարդումներով: Առանձին սրահներում տեղակայված են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թանգարանները: Մալբորոների ընտանիքը (11-րդ Մալբորո դուքսն ու նրա ընտանիքը ) զբաղեցնում են պալատի միայն արևելյան հատվածը: Պալատի մնացած հատվածները բաց են ազատ այցելության համար:
Պալատի գլխավոր մասնաշենքի հատակագիծը նախագծվել է ուղղանկյուն ձևի, որի մեջ մտնում են երկու ներքին բակեր: Հարավային ճակատի հակադիր կողմում, գտնվում են հիմնական կացարանները, արևելյան հատվածում՝ դուքսի եւ դքսուհու մասնավոր շքեղ կացարանները, մինչդեռ արևմտյան հատվածում ձգվում է երկար պատկերասրահը, որն սկզբնապես նախագծվել էր որպես պատկերասրահ, սակայն այժմ գործում է որպես գրադարան: Արևելյան հատվածում են գտնվում նաև խոհանոցը եւ կենցաղային գործերի համար նախատեսված մյուս սենյակները, իսկ արևմտյան հատվածում գտնվում են ձիարանները եւ ներքին ձիարշավային դպրոցը:
Պալատի երեք թևերը միասին կազմում են «Մեծ բակը» ("Great Court"): Փոքրիկ քաղաքից նայելիս պալատի քանդակազարդ տանիքները հիշեցնում են Վերածննդի ոճով կառուցված հսկայական հուշակոթողների, որոնք վեհաշուք կերպով նայում են ներքևում գտնվող այցելուներին: Քանդակների մեջ առաձնանում է հատկապես Միքելանջելոյի ոճով կառուցված «Բրիտանիա» քանդակը, որը պահում է շղթայված ֆրանսիացի գերիներին: Իսկ ավելի ցածր տանիքների վրա առանձնանում է անգլիական առյուծի արձանը, որը խժռում է ֆրանսիական աքլորին:
Պալատի գլխավոր
սրահի առաստաղը նկարազարդել է Ջեյմս Թորնհիլը 1716թ.: Այն պատկերում է Բրիտանիայի առջև
ծնկի եկած ու նրան Բլենհեմյան ճակատամարտի
քարտեզը ցույց տվող Մալբորոյին:
Պալատի բազմաթիվ ննջարանները կառուցվել են նախապես հատուկ մշակված դասակարգման՝ սռանալով համապատասխան կարգի տառը: Որքան ավելի կարևոր նշանակություն է ունեցել սենյակը, այնքան ավելի շքեղ է եղել դրա ներքին հարդարանքը: Պալատն աչքի է ընկնում նաև մեծ ու շքեղ աստիճաններով:
No comments:
Post a Comment