Պյոտր Չայկովսկի (1840թ., Վոտկինսկ, Ռուսաստան -1893թ. Սանկտ Պետերբուրգ)` ռուս կոմպոզիտոր, XIX դարի 2-րդ կեսի դասական երաժշտության խոշորագույն դեմքերից, սիմֆոնիայի մեծ վարպետ, հատկապես` քնարական-դրամատիկական սիմֆոնիայի ժանրում:
Կոմպոզիտորը ռեալիստական մեծ ուժով է բացահայտել մարդու ներաշխարհը: Նրա ստեղծագործության առանցքային թեման անհատի բախումն է անողոք իրականությանը, պայքարը՝ իր իրավունքների համար:
Չայկովսկին գրել է 10 օպերա, 3 բալետ, 7 սիմֆոնիա, նախերգանքներ, սյուիտներ, կամերային գործիքային անսամբլներ, կանտատ, շուրջ 100 ռոմանս, երգեր, զուգերգեր, խմբերգեր, դաշնամուրի, ջութակի, թավջութակի պիեսներ: Նրա լավագույն երկերից են Չորրորդ, Հինգերորդ և Վեցերորդ («Պաթետիկական») սիմֆոնիաները, որոնք համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության գոհարներից են:


![]() |
Չայկովսկու շիրմքարը Սանկտ Պետերբուրգի Տիխվինյան գերեզմանոցում |
Չայկովսկին մեծապես նպաստել է ազգային երաժշտության տարածմանը Ռուսաստանում և արտասահմանում:
1887–93 թթ-ին պարբերաբար համերգներով շրջագայել է Գերմանիայում, Անգլիայում, Չեխիայում և Ֆրանսիայում, 1891 թ-ին՝ ԱՄՆ-ում:
Չայկովսկու ստեղծագործությունը խոր հետք է թողել ռուսական երաժշտության պատմության մեջ:
1886–89
թթ-ին Չայկովսկին մի քանի անգամ Թիֆլիսում ներկա է եղել իր ստեղծագործություններին նվիրված համերգներին, մտերմացել է կոմպոզիտոր Գենարիոս Ղորղանյանի հետ, հայկական եկեղեցում լսել ժամերգություն:
Երևանի օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել են «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա» օպերաները, «Կարապի լիճը», «Շչելկունչիկ» բալետները և այլ գործեր:
Չայկովսկին Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի թղթակից անդամ էր (1892 թ.), Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր (1893 թ.):
1958 թ-ից Մոսկվայում անցկացվում է Չայկովսկու անվան միջազգային մրցույթ:
Չայկովսկու անունով Երևանում կոչվել են երաժշտական դպրոց և փողոց:
Աղբյուրը՝ Հայկական Հանրագիտարան
No comments:
Post a Comment