Ալեն Դելոն (նույն ինքը՝ Ալեն Ֆաբիեն Մորիս Մարսել Դելոն, ծնվ. 1935թ.)՝ ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ: Բազմաթիվ սերունդների կուռք, կանանց մշտական սիրելին: Դելոնը ծնվել է 1935թ. նոյեմբերի 8-ին, Փարիզի Օ-դե-Սեն արվարձանում: Հայրը՝ ծագումով կորսիկացի Ֆաբիեն Դելոնը, սեփական կինոթատրոնն էր ղեկավարում: Մայրը՝ մասնագիտությամբ դեղագործ Էդիտ Առնոլդը, աշխատում էր ամուսնու կինոթատրոնում: Տղան դեռ չէր բոլորել 3 տարին, երբ ծնողները ամուսնալուծվեցին: 1939թ. Էդիտն ամուսնանում է երշիկի առևտրով զբաղվող Պոլ Բուլոնի հետ: Օրվա մեծ մասը նա անցկացնում էր ամուսնու կրպակում՝ ժամանակ չգտնելով զբաղվելու որդու դաստիարակությամբ: Արդյունքում որոշվում է այդ հարցը վստահել դայակի՝ տիկին Ներոյին: Ալենը տեղափոխվում է Ներոների ընտանիք՝ այնտեղ ապրելով մի քանի տարի՝ մինչև ամուսինների ողբերգական մահը: Այս ընտանիքի հետ ապրած տարիների մասին Դելոնը միշտ առանձնահատուկ ջերմությամբ է հիշում՝ նշելով, որ Ներոն ամուսինները նրան հարազատ որդու պես սիրել են:
![]() |
Ռոմի Շնայդերի հետ |
Դպրոցական տարիքում Ալենը աչքի չէր ընկնում կարգապահությամբ, ինչի հետևանքով նրան մշտապես դուրս էին թողնում դպրոցներից: Հասկանալով, որ ուսումը Ալենի համար չէ, ծնողները որոշում են երշիկեղենի առևտրի հմտությունները սովորեցնել նրան: Տղան չի ընդդիմանում ու սկսում է սովորել: Այս որոշման մասին դերասանը հետագայում ասել է. «Դա ծնողներիս մասնագիտությունն էր, և ենթադրվում էր, որ ես պետք է շարունակեմ նրանց գործը: Դա միանգամայն բնական էր թվում ինձ»: Մեկ տարի սովորելուց ու դիպլոմ ստանալուց հետո Դելոնը աշխատանքի է անցնում մսի մի կրպակում, իսկ երեք ամիս անց տեղափոխվում է երշիկի խանութ:

![]() |
Կնոջ՝ Նատալիի հետ |
![]() |
Էնթոնիի հետ |
1956թ. Դելոնն ավարտում է զինծառայությունն ու ընկերներից մեկի հետ միասին մեկնում է նախ Մարսել, որտեղ վատնում է իր խնայողությունների մեծ մասը, այնուհետև հաստատվում է Փարիզում՝ էժանագին մի հյուրանոցում: Դելոնը փորձում է մատուցող աշխատել գարեջրատանը, սակայն շուտով հասկանում է, որ չի կարող հանդուժել իր վրա շարունակ տեղացող նկատողություններն ու անհարգալից վերաբերմունքը: Ընկերների խորհրդով Դելոնը իր լուսանկարներն է ուղարկում մի քանի կինոպրոդյուսերի, սակայն բոլորը մերժում էին նրան՝ տարբեր պատճառներով, այդ թվում՝ չափից շատ գեղեցիկ լինելու պատճառով: Այնուամենայնիվ, ապագա դերասանը չէր հուսահատվում՝ հստակ որոշելով կինոաստղ դառնալ: Քասթինգներից մեկի ժամանակ նա ծանոթանում է սկսնակ դերասան Ժան Կլոդ Բրիալիի հետ: Վերջինիս հետ ընկերանալով՝ Դելոնը մեկնում է Կաննի կինոփառատոն՝ հույս ունենալով նկատվել որևէ մեկի կողմից: Նրա սպասելիքներն ավելի քան արդարանում են. Դելոնին նկատում է «տաղանդներ որսացող» ամերիկացի գործարար Հարիի Ուիլսոնը, որը վաղաժամ կյանքից հեռացած Ջեյմս Դինին փոխարինող էր փնտրում: Ուիլսոնը Դելոնին ուղարկում է Հռոմ՝ քասթինգ անցնելու:
Ալենի տաղանդը գոհացնում է մասնագետներին, և Ուիլսոնը նրան Հոլիվուդում աշխատելու 7 տարվա պայմանագիր է առաջարկում: Պայմանագրի պարտադիր պայմաններից մեկը անգլերենի իմացությունն էր, և Դելոնը ստիպված է լինում 3 ամսվա ընթացքում սովորել այն: Շուտով, սակայն, ԱՄՆ մեկնելը հետաձգվում է, քանի որ ժամանակի հայտնի կինոռեժիսորներից մեկը՝ Իվ Ալլեգրեն Դելոնին համոզում է մնալ ու կարիերան սկսել հայրենիքում՝ միաժամանակ փոքրիկ դեր առաջարկելով իր նոր ֆիլմում: 1957թ. մեծ էկրաններ է բարձրանում Ալլեգրեի «Երբ միջամտում է կինը» ֆիլմը, որտեղ Դելոնն իր դերասանական դեբյուտն է գրանցում: Այս ֆիլմում Դելոնը հանդես է գալիս այդ ժամանակ դեռ սկսնակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի կողքին: Սրան հաջորդում են մի շարք այլ դերեր, որոնք, սակայն, մեծ հաջողություն չեն բերում դերասանին: 1958թ. «Քրիստինա» ֆիլմի նկարահանումների ժամանակ Դելոնը ծանոթանում է դերասանուհի Ռոմի Շնայդերի հետ: 1959թ. նրանք նշանադրվում են՝ դառնալով ժամանակի ամենագեղեցիկ ու հայտնի զույգերից մեկը: Այնուամենայնիվ, 6 տարի անց նրանք բաժանվում են:
![]() |
«Խավարում» |

![]() |
«Ռոկկոն և նրա եղբայրները» |
1960-ականները մեծ արդյունավետությամբ են աչքի ընկնում Դելոնի կարիերայում: Մեկ տարվա ընթացքում նրա մասնակցությամբ միանգամից մի քանի ֆիլմ էր էկրան բարձրանում: 1964թ. Դելոնն ամուսնանում է դերասանուհի Նատալի Բարտելեմի հետ. նույն թվականին ծնվում է նրանց որդին՝ Էնթոնի Դելոնը: 1965թ. Դելոնն ընտանիքի հետ միասին մեկնում է Հոլիվուդ՝ պայմանագիր կնքելով հայնտի ՛՛Metro-Goldwyn-Mayer՛՛-ի հետ: ԱՄՆ-ում ևս դերասանը ակտիվ գործունեություն է ծավալում, սակայն նրա մասնակցությամբ ֆիլմերն այն հաջողությունը չեն ունենում, ինչ Ֆրանսիայում և Իտալիայում ունեցած համագործակցությունները: ԱՄՆ-ից վերադառնալով՝ Դելոնը նկարահանվում է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ «Լողավազան», «Սամուրայ» և այլն: Կնոջից բաժանվելուց հետո Դելոնը հանդիպում է դերասանուհի Միրեյ Դարկին, որի հետ քաղաքացիական ամուսնությունը տևում է 15 տարի: 1987թ. կինոաստղը ծանոթանում է մոդել Ռոզալի վան Բրեմենի հետ, որը նրան երկու զավակ է պարգևում: Նրանք միասին ապրում են մինչև 1997թ.-ը, ինչից հետո Դելոնն այլևս լուրջ հարաբերություն չի ունեցել:

Հարկ է նշել, որ կինոկարիերային զուգահեռ Դելոնը հաջող հանդես էր գալիս նաև թատրոնում, երբեմն նաև սցենարներ էր գրում ու երգում՝ հիմնականում ֆիլմերի համար: 1964թ. նա ստեղծում է իր սեփական կինոընկերությունը՝ ՛՛Delbeau Productions՛՛ անունով և հանդես է գալիս որպես մի քանի ֆիլմերի պրոդյուսեր:
No comments:
Post a Comment