Ռոքսթեդի (անգլ՝ "rock steady", "rocksteady") երաժշտական ժանրն առաջացել է Ճամայկայում, 1960-ական թթ-ին: Այս ժանրի հիմքում ընկած են կարիբիական ռիթմերը՝ 4/4 տակտով՝ մեծ կարևորություն տալով ստեղնաշարային գործիքներին և կիթառին:
Խոսելով ռոքսթեդիի մասին՝ պետք է հիշել նաև սկա երաժշտական ոճը, որը շատ նման է ռոքսթեդիին, այն տարբերությամբ, որ ռոքսթեդիի ռիթմն ավելի մեղմ ու սահուն է, իսկ բաս կիթառը շեշտում է ամեն տակտը: Ռոքսթեդիի կատարման ժամանակ սկսեցին նոր տեսակի հարվածային գործիքներ օգտագործվել, իսկ փողային գործիքների դերը նվազեց: Մի լեգենդ կա, ըստ որի 1966թ. ամռանը շատ շոգ է լինում, և պարասրահների այցելուները ստիպված են լինում ավելի դանդաղ պարել, հետևաբար՝ սկան վերածվում է ռոքսթեդիի:

Ռոքսթեդիի առաջին կատարողներից էին ճամայկական "The Gaylads ", "The Maytals " y "The Paragons" խմբերը: Ոճի անվանումը գալիս է համանուն պարի անունից, որը հիշատակվում է Էլթոն Էլիսի "Rock Steady" երգում, որը ժանրի ամենահայտնի ստեղծագործություններից է: Ռոքսթեդիի առաջին համաշխարհային հիթը ամերիկացի սոուլ երգիչ Ջոննի Նեշի "Hold Me Tight" կատարումն է (1968թ.):
![]() |
Դելրոյ Ուիլսոն |
Այս երկու ժանրերի մյուս ակնհայտ տարբերությունը երգերի տեքստերի մեջ էր. ռոքսթեդիի տեքստերի բովանդակությունը հանրամատչելի ու բոլորին հոգեհարազատ էր՝ սեր, ընկերություն և այլն: Բացի այդ, տեքստերը գրվում էին հասարակ բառապաշարով, բոլորին հասանելի լեզվով (այս հատկանիշը հետագայում փոխանցվելու էր ռեգգիին): Բացի այդ, շատ տարածված էր ԱՄՆ-ի հիթերի նորովի մեկնակաբանություններով հանդես գալը: Ռոքսթեդին օգտվում է նաև ռիթմ՛ն՛բլյուզի տարրերից:
1960-ական թթ-ի վերջերին ռոքսթեդիի կատարողները սկսեցին հյուրախաղերի մեկնել Անգլիա, որտեղ, հատկապես նավահանգստային քաղաքներում, ճամայկական բավականին մեծ համայնքներ կային: Այդ կերպ ռոքսթեդին հասանելի դարձավ նաև սպիտակամորթ աշխատավոր խավին:
![]() |
Էլթոն Էլիս |
Մի քանի գործոնների ազդեցությամբ 1960-ականների վերջից ռոքսթեդին սկսում է աստիճանաբար փոխարինվել ռեգգիով: Ճամայկացի գիտնականները բարձրացնում են երկրի տեխնոլոգիայի մակարդակը՝ դրանով իսկ բարելավելով ձայնագրությունների որակն ու հնչողությունը: Փոփոխվում է նաև բաս կիթառի կառուցվածքը՝ ավելի ուժեղ ու էֆֆեկտիվ հնչողություն ապահովելով, հետևաբար՝ երաժշտական այս գործիքն ամրապնդում է իր գերակայող դիրքը ռոքսթեդիի կատարման ժամանակ՝ գրեթե ամբողջովին դուրս հանելով դաշնամուրին կիրառությունից: Հարվածային գործիքները սկսում են ավելի հստակ հնչել, բայց նվագելը դառնում է ավելի խճճված ու բարդ:
![]() |
Բոբ Էնդի |
70-ականների վերջին, Ճամայկայի Ռաստաֆարական շարժամը զուգընթաց, երգերի սիրային ու կենցաղաին թեմաներին փոխարինելու են գալիս քաղաքական, սոցիալական, ռասսայական բնույթի տեքստեր: Այս ամենի արդյունքում ռոքսթեդին, բնականաբար, սկսում է իր տեղը զիջել նոր ծագած ռեգգիին ու դենսհոլին՝ շատ հատկանիշներ փոխանցելով իրեն հաջորդած այս երկու ժանրերին:
Ռոքսթեդի ժանրի նշանավոր կատարողներից են Էլթոն Էլիսը, Դելրոյ Ուիլսոնը, Դեսմոնդ Դեքերը, Դերիկ Մորգանը, Ֆիլիս Դիլոնը, Բոբ Էնդին, Բոբ Մարլին և ուրիշներ:
No comments:
Post a Comment